Ուկրաինայի արտգործնախարարությունը կոչ է անում երկրի խորհրդարանի պատգամավորներին ապրիլի 24-ի նախաշեմին զերծ մնալ հայ համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառումներին մասնակցելուց, և ամենակարևորը՝ հրապարակային հայտարարություններում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել:
Նախօրեին նման հայտարարությամբ հանդես եկավ Գերագույն ռադայի «Ուկրաինա-Հայաստան» բարեկամության խմբի փոխնախագահ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Դարյա Վոլոդինան` «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակելով փոխարտգործնախարար Վասիլ Բոդնարի ստորագրությամբ պաշտոնական գրության պատճենը:
Դրանում ուկրաինացի դիվանագետը նշում է. - «Մեր երկրի մոտեցումն այս հարցում անփոփոխ է` Ուկրաինան չի ճանաչում «Հայոց ցեղասպանությունը»:
Փոխնախարար Բոդնարը, հիշեցնելով, որ ցեղասպանություն տերմինը ՄԱԿ-ի կողմից որպես միջազգային իրավունքի նորմ ներմուծվել է միայն 1948 թվականին, հասկացնում է, որ հայ-ուկրաինական և թուրք-ուկրաինական հարաբերությունների ներկա մակարդակը Կիևի համար անհամադրելի են:
«Միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանը, որը ավանդաբար հետևում է Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղենիշին, հետևողականորեն դեմ է քվեարկում Ուկրաինայի համար կենսական կարևորություն ունեցող որոշումներին և բանաձևերին: Բացի այդ, Հայաստանը 1932-33-ին Ուկրաինայում տեղի ունեցած Գոլոդոմորը չի ճանաչել որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն», - գրում է փոխարտգործնախարար Բոդնարը, որի ավելի քան քսանամյա դիվանագիտական կարիերայի մի զգալի մասն, ի դեպ, շաղկապված է հենց Թուրքիայի հետ:
Ուկրաինական արտգործնախարարության պաշտոնական կայքում զետեղված կենսագրության համաձայն՝ 44-ամյա Վասիլ Բոդնարը նախկինում զբաղեցրել է արտաքին քաղաքական գերատեսչության Թուրքիայի և Հարավային Կովկասի բաժնի ղեկավարի պաշտոնը, աշխատել է Անկարայի ուկրաինական դեսպանատանը, իսկ 2015-ից 2017 թվականներին եղել է Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը Ստամբուլում:
Ի տարբերություն Հայաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակի, Ուկրաինայի փոխարտգործնախարարն իր նամակում Կիևի և Անկարայի հարաբերությունները ավելի քան բարձր է գնահատում` հատուկ ընդգծելով, որ ցեղասպանության հարցը «չափազանց զգայուն խնդիր է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար, որի հետ երկխոսությանը բնորոշ է հարաճուն դինամիկան»: «Բացի այդ, թուրքական կողմի կարծիքով, ողբերգական իրադարձությունները պատերազմական գործողությունների հետևանք էին, այլ ոչ թե հայ բնակչության կանխամտածված ոչնչացմանն ուղղված գործողություն», - գրում է ուկրաինացի դիվանագետը` կրկնելով նաև թուրքական կողմից հնչեցվող այն դրույթը, ըստ որի հարցը հարկավոր է քննարկել պատմաբանների մակարդակում:
Փաստաթուղթը գաղտնազերծած պատգամավոր Դարյա Վոլոդինան «Ֆեյսբուք»-ում խստորեն քննադատել է նամակում տեղ գտած դրույթները` նշելով, թե չի կարողանում անգամ հավատալ, որ նման վիճահարույց տեքստի հեղինակը դիվանագետ է:
«Այժմ էլ մենք շարունակում ենք համառորեն «Կրեմլի գործակալի» խարան դաջել արդեն այլ պետություններին», - գրում է պատգամավորը` հավելելով, - «Լեզուս անգամ չի պտտվում նման նամակի հեղինակին դիվանագետ անվանել: Ցանկանում եմ միայն հիշեցնել, որ Հայոց ցեղասպանությունը այնպիսի երկրներ են ճանաչել, ինչպիսին են ԱՄՆ-ը, Իտալիան, Գերմանիան, Կանադան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Շվեդիան, շատ ուրիշ պետություններ», - նշում է Դարյա Վոլոդինան` եզրակացնելով. - «Ռազմավարական գործընկերների հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, մենք այնուամենայնիվ պետք է զերծ մնանք նման նամակներ ուղարկելուց, այն էլ՝ արտգործնախարարության անունից»:
Հիշեցնենք, ի դեպ, որ վերջին շրջանում Կիևի և Անկարայի հարաբերությունները սերտացման նոր փուլ են մուտք գործել: Երկու ամիս առաջ` փետրվարին, պաշտոնական այցով Կիև էր ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա այցի ամենահիշվող դրվագներից մեկը դարձավ պատվո պահակախմբին «Փառք Ուկրաինային» ողջույնով դիմելը, ողջույն, որն, ըստ պաշտոնական Մոսկվայի, օգտագործում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի կազմում գործող ուկրաինական ստորաբաժանումների մարտիկները:
Սրան էլ գումարած՝ Կիև կատարած փետրվարյան այցի ընթացքում Թուրքիայի նախագահը մեկ անգամ ևս հայտարարեց, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը, խոստացավ թուրքական միջոցներով բնակարաններ կառուցել 2014 թվականից հետո թերակղզին լքած հարյուրավոր թաթարների համար, ինչպես նաև հայտարարեց, որ առաջիկայում իր երկիրը 36 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային: