Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 2,5 միլիոնը, զոհերինը՝ 177 հազարը


ԱՄՆ - Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի բուժաշխատող, 20-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ - Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի բուժաշխատող, 20-ը ապրիլի, 2020թ.

Միջազգային կոալիցիա՝ Չինաստանի դեմ

Կորոնավիրուսի վարակի ծագման և տարածման, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխան գործողությունների հարցով աշխարհի մի շարք առաջատար երկրներ՝ Ավստրալիան, Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները փորձում են համատեղ ուժերով հետաքննություն սկսել: Նախօրեին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հեռախոսազրույցներ է ունեցել այդ երկրների առաջնորդների հետ և քննարկել հետաքննության հարցով միջազգային կոալիցիայի ստեղծման անհրաժեշտությունը:

Միջազգային հանրության շրջանում օր-օրի խորանում են կասկածները համաճարակի ծագման և վիճակագրության վերաբերյալ Չինաստանի ներկայացրած տվյալների հանդեպ: Մի շարք երկրների ղեկավարներ արդեն պնդում են, որ Պեկինը ոչ միայն թերագնահատել է վարակի վտանգը, այլև համարժեք քայլեր չի ձեռնարկել դրա տարածումը կանխելու հարցով:

Հենց այս մեղադրանքներով Ամերիկայի Միսսուրի նահանգն արդեն դատական հայց է ներկայացրել Չինաստանի դեմ: Նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիթը հայտարարել է, որ Չինաստանը ստել է աշխարհին վարակի ծավալների և վտանգի մասին:

Աշխարհում վարակված է 2,5 միլիոն մարդ, մեծամասնությունը՝ ԱՄՆ-ում

Չինաստանում անցած տարվա դեկտեմբերին բռնկված կորոնավիրուսի համաճարակն աշխարհում արդեն ընդգրկել է 2,5 միլիոն մարդու, դրա հետևանքով զոհվել է շուրջ 177 հազար մարդ :Վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ ավելի քան 820 հազար վարակակիր, այս գիշեր զոհերի թիվը հասավ 45 հազարի: Պաշտոնական տվյալներով ամենաքիչ վարակակիր ունեցող երկիրը Եմենն է՝ ընդամենը մեկ դեպք:

Կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած Իտալիայում արդեն երկրորդ օրն է նվազում է թե՛ վարակակիրների, թե՛ զոհերի թիվը: Վարակը սրընթաց տարածվում է Ռուսաստանում, Թուրքիայում և Մեծ Բրիտանիայում: Այս երկրներում օրական հաստատվում են հարյուրավոր նոր դեպքեր:

Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, կարանտինային միջոցառումներն աստիճանաբար թուլացվում են:

Գերմանական ֆուտբոլային միության հատուկ հանձնաժողովը նախապատրաստել է հատուկ պլան, թե ինչպես պետք է անցկացվեն Բունդեսլիգայի խաղերն առանց հանդիսատեսի: Հանձնաժողովը կարծում է, որ առավելագույնը 300 հոգի կարող է մարզադաշտում հետևել խաղին՝ տրիբունաների տարբեր կողմերում: Ավանդական խմբային լուսանկարներ, ձեռքսեղմում չի լինի:

Միացյալ Նահանգների տասնյակ քաղաքներում կարանտինային սահմանափակումների դեմ բողոքի ակցիաները շարունակվում են, ցուցարարները պահանջում են վերաբացել տնտեսությունը և թույլ տալ վերադառնալ աշխատավայրեր:

Համաճարակի հետևանքով ԱՄՆ-ում ստեղծված աննախադեպ տնտեսական ճգնաժամը մեղմելու նպատակով Կոնգրեսը հավանություն է տվել ևս մեկ հավակնոտ օգնության ծրագրի. 480 միլիարդ դոլարի մեծ մասն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Երկրում մեկ ամսվա ընթացքում 22 միլիոնի հասած գործազուրկների թիվը կրճատելու նպատակով Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է օտարերկրացիներին այսպես կոչված գրին քարտերի տրամադրման ծրագիրը 60 օրով դադարեցնելու մասին: Նախագահ Թրամփի խոսքով՝ այդկերպ երկրում աշխատատեղերը բաժին կհասնեն ամերիկացիներին:

Բիբլիական ծավալների սով

Աշխարհը բախվում է ոչ միայն «համաշխարհային առողջապահության համաճարակի, այլ նաև հումանիտար աղետի»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պարենային օգնության գործակալության ղեկավարը՝ նախազգուշացնելով, որ կորոնավիրուսի հետևանքով մարդկությանը սպառնում է «բիբլիական ծավալների» սով: Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի խոսքով՝ մասնավորապես հակամարտության գոտիներում գտնվող միլիոնավոր մարդիկ արդեն իսկ սովի եզրին են:

Պատվաստանյութերի փորձարկումներ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում

Բրիտանական Օքսֆորդի համալսարանի գիտնականների խումբն այս շաբաթ սկսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքի խոսքով՝ պատվաստանյութի ստեղծման համար կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 43 միլիոն ֆունտ ստերլինգ: Պատվաստանյութի ևս մեկ տարբերակ է առաջարկել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների խումբը, որը կփորձարկի դեղամիջոցն արդեն առաջիկա հունիսին:

Գերմանիայում ևս մեկ պատվաստանյութ թույլտվություն ստացավ կլինիկական փորձարկում անցնելու: Դեղամիջոցը ստեղծել է BioNTech ընկերությունը:

Փերիները չեն վարակվում կորոնավիրուսով

Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին 7-ամյա աղջնակի մտահոգությանն ի պատասխան հայտարարել է, որ փերիները չեն վարակվում կորոնավիրուսով: Փոքրիկ Ավան բժիշկ Ֆաուչիից հետաքրքրվել է՝ ի՞նչ է սպասում բարի փերիին, եթե վերջինս գա իր ատամը տանելու, համաճարակի պայմաններում կգա՞ արդյոք, չի՞ վարակվի:

«Ես երաշխավորում եմ, որ փերին չի վարակվի և չի հիվանդանա», - հայտարարել է հայտնի վարակաբանը:

Միացյալ Նահանգներում և մի շարք երկրներում ավանդույթ կա, որի համաձայն՝ փոքրիկներն իրենց պոկված ատամները թաքցնում ե նբարձի տակ և սպասում, որ փերին գա ատամը տանելու և դրա փոխարեն նվեր բերելու:

XS
SM
MD
LG