Մատչելիության հղումներ

Եվրոպայում աստիճանաբար թուլացնում են կարանտինը


Բնակիչները, դիմակներով երեսները պաշտպանած, հերթ են կանգնել խանութի մոտ, Հանաու, Գերմանիա, 20-ը ապրիլի, 2020թ.

Գերմանիայի կանցլերը մտահոգություններ ունի:

Տնտեսական անկումը և սոցիալական ճնշումը եվրոպական կառավարություններին ստիպում են աստիճանաբար թուլացնել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները:

Գերմանիայում այսօրվանից սկսում են մեղմել կարանտինի ռեժիմը, փոքր և միջին մեծության խանութները, արհեստանոցները, սպասարկման այլ կենտրոններ սկսում են աշխատել, պայմանով, որ մարդիկ պարտավոր կլինեն պահպանել սոցիալական հեռավորության կանոնը:

Եվրոպական ավելի փոքր պետություններում՝ Շվեյցարիայում, Դանիայում և Ֆինլանդիայում, վերաբացում են խանութներն ու դպրոցները, մինչդեռ Բելգիան, Հունաստանը և Պորտուգալիան կարանտինի թուլացման հարցը կքննարկեն միայն մայիսին:

Եվրոպայում կորոնավիրուսից առավել տուժած պետություններն են Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

Ստրասբուրգ, Ֆրանսիա
Ստրասբուրգ, Ֆրանսիա

Հին մայրցամաքում կորոնավիրուսի զոհ է դարձել մոտ հարյուր հազար մարդ, ընդ որում մոտ 77 հազարն այդ չորս երկրներում են մահացել: Ապրիլի 20-ի դրությամբ վարակների և մահվան նոր դեպքերի վիճակագրությունն այդ չորս երկրում կա՛մ սկսել է իջնել, կա՛մ գոնե չի բարձրանում: Ինչպեսև Ամերիկայում, Եվրոպայում էլ տեղական իշխանություններն են մայրաքաղաքների վրա ճնշում բանեցնում և պահանջում են ակտիվացնել բիզնեսը:

Գերմանիայում, որը կազմված է տեղական օրենսդիր և գործադիր կառույցներ ունեցող դաշնային երկրամասերից, հենց այդ կազմավորումներն են Բեռլինից պահանջում ակտիվացնել բիզնեսը` կարանտինը թուլացնելով խթանել տնտեսությունը և սոցիալական կյանքը:

Բեռլին, Գերմանիա
Բեռլին, Գերմանիա

Բեռլինում Բունդեսթագի շենքի մոտ անցած շաբաթավերջին տեղի են ունեցել բողոքի ցույցեր:

«Մենք ի հեճուկս այդ վիրուսի պետք է ոչ թե իրարից հեռու մնանք, այլ գրկախառնվենք, խենթություն է, երբ ինչ-որ գիտնական մեկ էլ ասում է, թե ինչ հեռավորության վրա մնանք իրարից, մշտապես լսում ես միայն այդպիսի բաներ, գժվում ես, իսկ դա ավելի վտանգավոր է, վախն ավելի վարակիչ է, քան վիրուսը»,- ասել է երիտասարդ ցուցարար Լուիս Վիղենկոպփը:

«Այսօր ասացին, թե Գերմանիայում չորս հազար մարդ է մահացել, ամբողջ օրը լսում ենք միայն Բեռլինի վիրուսոլոգիայի ինստիտուտի տնօրեն դոկտոր Կրիստիան Դրոստենին, բայց Գերմանիայում կան մեծ թվով բժիշկներ, ովքեր նրա հետ համաձայն չեն»,- ասել է ցուցարար Բիրգիտ Հագենաուն:

Ոստիկանները ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին: «Մենք այստեղ ենք, որ ապահովենք կարգուկանոնը, մեր պարտքն է հետևել, որ ամեն ինչ լինի օրենքի սահմաններում, կարգազանցներին այստեղից հեռացնում ենք»,- ասել է Բեռլինի ոստիկանության խոսնակ Անյա Դիրշկեն:

Մինչդեռ, կանցլեր Անգելա Մերկելն այսօր մտահոգություն է հայտնել կարանտինն աստիճանաբար թուլացնելու առաջարկների հրապարակային քննարկումների վերաբերյալ:

Նա ասել է, թե բնակիչները սխալ կընդունեն այդ ուղերձը, և արդյունքում կորոնավիրուսի դեմ Գերմանիայում պայքարի դրական դինամիկան կարող է փոխարինվել վարակների թվի կտրուկ աճով: Այդ մասին կանցլերն ասել է տեսակապի միջոցով կազմակերպված քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության համաժողովում:

Մերկելի փոխանցմամբ` «որոշ երկրամասերում արդեն իսկական խրախճանք է սկսվել»: Ակնարկը հասցեագրված է Ռեյնլանդ-Պֆալց երկրամասին, որտեղ ասել են, թե կբացեն խոշոր առևտրային կենտրոններն ու կենդանաբանական այգիները:

Մերկելն ասել է, որ ապրիլի 30-ին դաշնային երկրամասերի վարչապետերի հետ նորից կքննարկի կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը:

XS
SM
MD
LG