Մատչելիության հղումներ

Համաշխարհային շոու՝ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկներին


Լեդի Գագան «Մեկ աշխարհ. միասին տանը» շոուի ժամանակ, 18-ը ապրիլի, 2020թ.
Լեդի Գագան «Մեկ աշխարհ. միասին տանը» շոուի ժամանակ, 18-ը ապրիլի, 2020թ.

Շաբաթ երեկոյան համաշխարհային արտակարգ շոու է անցկացվել ռոքի աստղերի, դերասանների, լրագրողների, բժիշկների հայտնի գործիչների մասնակցությամբ՝ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկներին, բուժաշխատողներին:

Ինտերնետով շոուին միացել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են լեգենդար Փոլ ՄըքՔարթնին, «Ռոլինգ Սթոունզ» խումբը, Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը: Հեռարձակվել են տեսանյութեր Էլթոն Ջոնի, Սթիվի Ուանդերի, Անդրեա Բոչելիի, Բիլ Գեյթսի, Դեյվիդ Բեքհեմի, Միշել Օբամայի, Լաուրա Բուշի և տասնյակ այլ աշխարհահռչակ մարդկանց մասնակցությամբ:

Երաժշտական կատարումներից բացի, նրանք նաև ուղերձներ են հղել:

«Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բժիշկներին, բուժաշխատողներին, պարենային խանութների աշխատողներին, առաքիչներին, փոստատարներին, բոլորին, ով շահույթ չհետապնդելով տքնաջան աշխատում է այս օրերին: Սա իրոք սիրո նամակ է բոլորիդ, ամբողջ աշխարհին, և հուսով եմ՝ բարության հիշեցում, որը տեղի է ունենում հենց հիմա», - ասել է Լեդի Գագան:

Ցուցադրվել են սոցցանցերի տեսանյութեր, ուր աշխարհի տարբեր մասերում ծափահարում են բժիշկներին և բուժաշխատողներին, ուր պատուհաններից և պատշգամբներից մարդիկ ողջունում են միմյանց, ուր հուսադրում են մեկուսացված և փխրուն մարդկանց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և «Գլոբալ քաղաքացի» եկամուտ չհետապնդող խմբի կազմակերպած աստեղային հանդեսն անցկացվել է «Մեկ աշխարհ. միասին տանը» նշանաբանով:

Երկու ժամ շարունակված համաշխարհային շոուն հեռարձակվել է Միացյալ Նահանգներում և այլ երկրներում:

Կազմակերպիչները դոնորներին կոչ են արել բարեգործական հատկացումներ կատարել «Համերաշխության արձագանքման հիմնադրամին», որտեղ արդեն մոտ 150 միլիոն դոլար է հավաքվել:

Շաբաթ օրն ավելի վաղ Ամերիկայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի ռոք, ռեփ, ինչպես նաև դասական երաժիշտները ուղիղ եթերում մասնակցել են վեց ժամ շարունակված հեռարձակմանը՝ մարդկանց կոչ անելով մնալ տանը, պարբերաբար լվանալ ձեռքերը, սոցիալական հեռավորություն պահպանել, ճնշում գործադրել իրենց քաղաքական առաջնորդների վրա՝ կորոնավիրուսի զանգվածային թեստեր անցկացնելու համար:

XS
SM
MD
LG