Մատչելիության հղումներ

Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել


Մարգարիտա Գրիգորյանը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսքին հաջորդած բուռն քննարկումներից հետո քիչ առաջ ազատման դիմում է գրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Նրա պաշտոնական հայտարարությունը տարածվել է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում։

«Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը, և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար»,- ասված է հայտարարության մեջ։

2013-ից Հանրային հեռուստաընկերությունը ղեկավարած Գրիգորյանը նշել է, որ երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը. «Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը»։

Տեխնիկական փորձի կադրերի արտահոսքին երեկ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել:

Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը տեղի ունեցածին «խայտառակ» որակումը տվեց, ասաց՝ զարմացած է որոշ արձագանքներից.- «Էդ վատ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե այն ամեն ինչի մասին, ինչ որ երևում է կադրում, որովհետև կադրում ի՞նչ է երևում, կադրում երևում է սովորական աշխատանքային մի իրավիճակ»:

Այսօր նաև աշխատանքից ազատման դիմում է գրել վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանը։ Այդուհանդերձ, տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերությունից պնդեցին, որ արտահոսք չի եղել։ Հանրայինն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են Արմենիա, Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա, 5-րդ ալիք հեռուստաընկերությունները։

Հանրայինի հայտարարությանն էլ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն էր անդրադարձել։ Ֆեյսբուքում գրել էր, որ վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից. «Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։ Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար»։

Մանե Գևորգյանին հետո արդեն Վարդան Հակոբյանն էր արձագանքել։ Նա վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն է եղել։ Հակոբյանը Ֆեյսբուքում գրել էր, թե անձամբ տեխնիկական տեսաազդանշանից առաջ նախազգուշացրել է, որ տեսագրվում է, ու հավելել՝ դա նշանակում է, որ վարչապետն անհապաղ պետք է տեղեկացվեր այդ մասին:

Այս գրառումից հետո ավելի ուշ նաև Առաջին ալիքը պաշտոնական հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը խորապես ցավում է համացանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ: Հեռուստաընկերության հայտարարության տեքստում էլ նույն պնդումներն էին, թե վարչապետի մամուլի խոսնակին ու մյուս պատասխանատուներին ասվել է հեռարձակման մասին։

XS
SM
MD
LG