Մատչելիության հղումներ

Շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից. վարչապետ


Ես տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր չարաշահել են հեղափոխությունից հետո բարեփոխվելու շանսը, այս շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ նշեց` վենդետաներ չեն եղել, ինչպես խոստացել էր, հիշեցրեց` ժողովրդի հետ միասին որոշել էին` հեղափոխությունը «թավշյա» է լինելու, հետագա գործընթացները` ևս, կադրային ջարդ ևս չի լինելու:

«Ինձ և իշխանությանը շատերը մեղադրում են թավշյա գործելակերպ ունենալու մեջ, և խոսքը վերաբերում է նրան, որ պետական կառավարման համակարգում հին կադրերը, որոնք կոռումպացված իշխանության տարիներին երկար ժամանակ գործունեություն են ծավալել, հեղափոխությունից հետո շարունակում են գործել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Իրականում այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի այս օրերին, ինչ-որ առումով էմոցիոնալ դրսևորում էր, իրական հեղափոխությունը հիմա է, այ թեկուզ այս ճգնաժամային օրերին է տեղի ունենում»,- նշեց հա` հավելելով, որ պետք է հասկանալ ինչքանով ենք մենք` որպես հասարակություն փոխվել:

Նիկոլ Փաշինյանը նկատեց` վարչապետության այս 2 տարիների արդյունքում զարմացած է, թե «մաֆիոզ մտածողությունն ինչքան խորն է նստած մեր մեջ, որ հակահեղափոխականների մեջ նստած է, դա պարզ է, բայց իրենց հեղափոխական համարող շատ մարդկանց մեջ ևս մաֆիոզ մտածելակերպը նստած է»:

Իր վարչապետության ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ իր բնորոշմամբ` ինքը չի մտել կիսելու տրամաբանության մեջ.- «Որովհետև կա այդ ընկալումը` բա ե՞րբ ենք բաժանում, բայց քանի որ բաժանման պրոցեսը չկա, ոչ մեկը փայ չի ստանում, հետևաբար դժգոհությունը տարածվում է. մենք պետք է դուրս գանք երկիրը, ազդեցության գոտիները, բիզնեսները, եկամուտները բաժանելու խորը մտածողությունից»:

Վարչապետը հայտարարեց` ժամանակն է, որ իշխանության մեջ ևս լինեն իրական զտումներ, եթե մարդը չարաշահել է «թավիշը», պետք է դուրս նետվի:

«Այս ամենի ասածս ի՞նչ է, որ անընդհատ մեղադրել են, և ես ինչ-որ պահի զգացի, որ մենք անընդհատ արդարանում ենք «թավիշի» համար, այո, «թավիշ» է, բայց մենք իրար հետ ենք որոշել, որ այդպես է, այդ «թավիշը» մեզ բերեց հաջողության: Բանդաներով, ուժային մեթոդներով և այլով ես չեմ փորձելու իշխանությունը պաշտպանել»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է իր հեռուստաուղերձի` եթեր չհեռարձակված կադրերի տարածմանը համացանցում, նա նշեց, որ իրեն զարմացրել են դրա վերաբերյալ արձագանքները, իհարկե ինքը գտնում է` վատ երևույթ է տեղի ունեցել, բայց «վատ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե այն ամեն ինչի մասին, ինչ երևում է կադրում».- «Որովհետև կադրում ի՞նչ է երևում, կադրում երևում է սովորական աշխատանքային մի իրավիճակ, երբ խնդիր կա կարգաբերել սուֆլյորի արագությունը: Շատերին իմ հազն էր շատ հուզել, արդեն այսօր կորոնավիրուսի երրորդ թեստն եմ արել, և պատասխանը ի դժբախտություն ոմանց` բացասական է»:

Վարչապետն անդրադարձավ նաև քննադատություններին, թե իշխանությունը ատելության մթնոլորտ է սերմանում, ասաց.- «Հեղափոխությունից հետո, ոչ մի բան չէր խանգարում այդ մարդկանց տներից հանել և սամասուդ անել, ոչ մի բան չէր խանգարում չէ՞, կամ այսօր էլ չի խանգարում իմիջիայլոց, ոչ մի բան չի խանգարում այսօրվա հոխորտացող թափթփուկներին սամասուդի ենթարկել:

Բայց մենք ասել ենք` չէ, դա չէ լինելու մեր գործողությունը, վենդետա չի լինելու, կադրային ջարդ չի լինելու, և պահել ենք մեր խոստումը, տուժե՞լ ենք դրանից, այո»:

Շարունակելով նա հայտնեց.- «Ես որ ասել եմ, որ հակակոռուպցիոն քրեական գործերից դժգոհ եմ, հիմա շատ գործերով ոնց որ թե կոնկրետ արդյունքներ են ի հայտ գալիս, և նրանք հիստերիկ նոպաների մեջ են:

Պետական կառավարման համակարգը ես անվանում եմ «Սերժի մնացորդներ», «Սերժի մնացորդներից» պետք է մաքրվել, դա միանշանակ, ու մեզ ոչ մեկն այլևս չի կարող մեղադրել, որովհետև այդ շանսն ունեցել են բոլորը»:

Նա նաև ընդգծեց` իրենց հայտարարած նպատակներից ճգնաժամի պատճառով հետ չեն կանգնելու, դա վերաբերում է նաև գողացվածը հետ բերելուն, Դատական օրենսգրքում փոփոխություններին:

«Էսա Սահմանադրական դատարանի հերթը կգա, բոլորի հերթը գալու է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG