Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը որոշել է ցույց տալ պատերազմի պատասխանատվությունը կրողների իրական շրջանակը․ վերլուծաբան


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արխիվ

Ազգային ժողովի (ԱԺ) նախագահը 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ դեռ չի հասցրել քննարկել երեկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները, բայց վստահ է՝ արդեն գրեթե մեկ տարի գործող հանձնաժողովը իսկապես շատ լավ է աշխատում և բոլոր մանրամասների մեջ խորանում է այնքան, ինչքան դա հնարավոր է:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 17-ը ապրիլի, 2020թ.
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 17-ը ապրիլի, 2020թ.

«Քննություն է չէ՞ իրականացնում քննիչ հանձնաժողովը, թող իրականացնի, վերջացնի և իր եզրակացություններով հանրության հետ կկիսվենք»,- նշեց նա` հավելելով, որ կանխակալ կարծիք չի կարող արտահայտել:

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արխիվ
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արխիվ

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դռնփակ նիստի մանրամասներին չի տիրապետում, սպասում է հանձնաժողովի եզրակացությանը: Բայց մինչ այդ հանձնաժողովականների հրապարակային հարցազրույցներից եզրակացրել է՝ ապրիլյան պատերազմի շուրջ շրջանառվող շատ վարկածների հետ կապված հանձնաժողովը փաստեր չի գտել։ Այս դեպքում ըստ ընդդիմադիրի` պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև այս թեման շահարկողները.- «Եթե հանձնաժողովը գտնի թերություններ իր եզրակացությամբ, պետք է մենք` որպես պետություն և բանակը, Զինված ուժերը դրանից հետևություններ անենք և շտկումներ անենք: Ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո` արդեն 4 տարի, ինչ հայտարարություն ասես, որ չի եղել` տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում, ուտելիք չունեին, բայց հիմա նաև պարոն Քոչարյանի հայտարարությունը կարող եմ ցիտել, եթե չեմ սխալվում, ապրիլի 1-ին էր հենց, իր հարցազրույցում ասաց, որ նման փաստեր չեն արձանագրվել, և եթե դա էլ գալիս է, նման եզրակացություն տա մեզ` խորհրդարանին, դուրս է գալիս, որ այդքան տարի շահարկվել է ապրիլյան պատերազմի կոնկրետ այդ հանգամանքները: Մենք ինչի՞ ենք կողմ եղել հանձնաժողովի ստեղծմանը, որ վերջին հաշվով տեսնենք` դա շահարկում է, թե իրականություն: Եթե իրականություն է, ուրեմն կոնկրետ մարդիկ պետք է դատվեն, եթե իրականություն չի, շահարկում է, ուրեմն շահարկողները պետք է պատասխան տան, որովհետև շահարկման արդյունքում բանակի անվան հետ են չէ՞ խաղացել, Զինված ուժերի անվան հետ են խաղացել: Ինչ ասես ասել են, զինվորները բահերով էին կռվում, չգիտեմ: Հիմա հանձնաժողովը դրա համար է, կպարզի` բահերով են կռվել, թե ինքնաձիգերով են կռվել»:

Հանձնաժողովի աշխատանքի վերջնաժամկետը հունիսի 4-ն է, բայց դեռ կան մարդիկ, ում հանձնաժողովը պետք է լսեն, այդ թվում` ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին: Ըստ հանձնաժողովի նախագահի` երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ Խաչատուրովի չգալը սխալ էր, և ասել է, որ կհորդորի նախկին բարձրաստիճան զինվորականին ներկայանալ նիստին:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, 16-ը ապրիլի, 2020թ.
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, 16-ը ապրիլի, 2020թ.

Անդրանիկ Քոչարյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Խաչատուրովից արձագանք դեռ չեն ստացել, բայց հանձնաժողովի նախագահը վստահ է, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետը առաջիկայում կներկայանա նիստին։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ամենևին պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանը որոշել է ներկայանալ և ցույց տալ պատասխանատվություն կրողների իրական շրջանակը.- «Իմ գնահատմամբ` որքան էլ ամբողջապես Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը գերակա և բացարձակ է որպես գերագույն գլխավոր հրամանատարի և որպես պետության առաջին դեմքի այդ շրջանի, միևնույնն է` ես համարում եմ, որ խորքային և լայն իմաստով Սերժ Սարգսյանն ինչ-որ առումով նաև այդ զարգացումների զոհն էր այդ շրջանում, որովհետև ապրիլյան պատերազմը Հայաստանի դեմ և Արցախի դեմ հասունացվել է` օգտագործելով նաև այսպես ասած` ներքաղաքական թիկունք` իմ գնահատմամբ: Եվ այդ թիկունքը Հայաստանի դեմ զարգացումների կազմում էր այսպես ասած` ոչ իշխանական բևեռը, և ամեն ինչ շատ հստակ էր այդ ժամանակաշրջանում, և տեղի էին ունենում բավական բաց ձևով: Պարզապես Սերժ Սարգսյանի առաջ դրված էին մի շարք հարցադրումներ, որոնք չկատարելու դեպքում Հայաստանում ընդամենը տեղի էր ունենալու իշխանափոխություն, և ոչ իշխանական բևեռն էր գալու իշխանության Ռուսաստանի օգնությամբ, և շարունակվելու էր նույն այդ քաղաքականությունը:

Վերլուծաբանը հանձնաժողովի աշխատանքերն ավելի շատ արտաքին քաղաքական կտրվածքով է դիտարկում, քան ներքաղաքական։ Ասում է` ապրիլյան պատերազմից առաջ Հայաստանը հետևողականորեն զրկվել էր քաղաքական դիմադրողականությունից, և ապրիլյան քննիչ հանձնաժողովի խնդիրն է, այդ թվում` այդ դիմադրողականության վերականգնումը:

«Ի վերջո ապրիլյան քառօրյա պատերազմում ահռելի, եթե չասենք բացարձակ գլխավոր էր, առնվազն ահռելի էր մեր ռազմավարական դաշնակից համարվող պետության դերը, բայց ցավոք սրտի, հակադաշնակցային քաղաքականության տեսքով, բայց քանի որ այստեղ կա, ինչպես նշեցի, բավական լայն աշխարհաքաղաքական տողատակ` Ռուսաստանի նպատակներ, Թուրքիայի հետ հարաբերություններ, Ադրբեջանի օգտագործում այդ համատեքստում, մենք անընդհատ լինելու ենք ապրիլյանի կրկնության, ես քաղաքական գործընթացները նկատի ունեմ, ռիսկի, վտանգի տակ: Ըստ այդմ Հայաստանի քաղաքական պատրաստվածությունը կանխարգելիչ և առանցքային հիմնարար նշանակություն ունի»:

XS
SM
MD
LG