Մատչելիության հղումներ

Քոչարյան. Խաչատուրովին հարցեր կան, որ պիտի տրվեն մինչև Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրելը


Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, 2-ը ապրիլի, 2020թ.
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, 2-ը ապրիլի, 2020թ.

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շուրջ մեկ տարվա գործունեության ընթացքում արդեն կարողացել է ստանալ 2016-ի իրադարձությունների ընդհանուր պատկերը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասած քննիչ հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նրա փոխանցմամբ՝ այս ընթացքում հանձնաժողովը հազարավոր գաղտնի փաստաթղթեր է ուսումնասիրել ու 100 ժամից ավել տևողությամբ տարատեսակ տեսագրություններ հավաքել։

«Եթե նույնիսկ եզրակացությունների փուլում ինչ-որ թերացումներ լինեն, բայց չէ՞ որ միշտ կլինեն մարդիկ, որոնք այդ 100 ժամից ավելի տեսագրությունները միշտ հասանելի կլինեն, ինչքան էլ գաղտնիության շղարշի տակ է, և նրանք կարող են լրացնել, եթե մենք ունենանք բացթողումներ, այդ բացթողումները»,- նշեց նա:

Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի առթիվ այսօր «Եռաբլուր» այցելած Քոչարյանը տեղեկացրեց, որ 2019-ի մայիսին ստեղծված քննիչ հանձնաժողովը հրավերի մերժում է ստացել ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովից, ինչը պատգամավորի խոսքով, և՛ իրենց, և՛ ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների մեծ դժգոհությունն է հարուցել։

«Պետք է Յուրի Խաչատուրովը դրանից հետևություններ անի և վերանայի իր մերժումը, որովհետև մենք հրավիրել ենք ոչ թե սովորական զինվորականի, այլ այդ ժամանակ համար մեկ զինվորական պաշտոնյային: Եվ եթե մեզ մոտ հարցեր են առաջացել, մենք պետք է տանք իրեն այդ հարցերը, ոնց ուզում են մտածեն, այդ հարցերն անպայման պետք է իրեն տրվեն մինչև Սերժ Սարգսյանին հրավիրելը»,- հայտարարեց Քոչարյանը:

«Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել նաև ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցնում է՝ տարիներ առաջ ինքն առաջարկել էր Սահմանադրությամբ ամրագրել, որ խորհրդարանական հանձնաժողովների հրավերը մերժել չի կարելի, սակայն այդ առաջարկությունը չընդունվեց։

«Կան մարդիկ, և կլինեն մարդիկ, որ չեն ներկայանա, բայց դա բան չի փոխի, թեև մեծ հաշվով ես կարծում եմ` հանձնաժողովի հետ համագործակցությունը ի շահ պետության է, ի շահ այն վերջնական եզրակացության է, որից մենք պետք է դասեր քաղենք»,- նկատեց պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսքով էլ` հանձնաժողովի առաջին հաշվետվությունից պարզ կդառնա՝ արդյոք դրա ստեղծումը ձևական էր, թե այն իրապես խնդիրներ է կատարել.- «Հարցեր կան` ինչո՞ւ դիզվառելիքին խառնված է եղել ջուր, ինչո՞ւ մեր զինվորները չեն ունեցել առաջնագծի համար անհրաժեշտ նվազագույն բաները` ռադիոկապեր և այլն, ինչո՞ւ հնարավոր եղավ և ո՞ւմ մեղքով հնարավոր եղավ»:

Ի վերջո, պատասխան տվողներ լինելո՞ւ են, թե՞ ոչ, ասում է պատգամավորը, ընդգծում է՝ այնպես չէ, որ ինչ եղավ, անցավ գնաց, իրենք էլ ամեն տարի ապրիլի 2-ին պիտի գան «Եռաբլուր», քառօրյա պատերազմի զոհերի շիրիմներին գլուխ խոնարհեն, լացեն ու գնան:

«Այս տղաները մեզանից պահանջում են անել հետևություններ, պահանջում են, որ ովքեր մեղավոր են, կրեն իրենց պատասխանատվությունը, որպեսզի երբեք այլևս այս «Եռաբլուրն» այսպիսի լուսավոր տղաներով լցված չլինի: Սա է մեր պարտքը, և ես ակնկալում եմ հանձնաժողովից կոնկրետ պատասխաններ»,- ասաց Զոհրաբյանը:

«Եռաբլուր» էր եկել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա էլ ընդգծում է՝ 2019-ին Հայաստանը բացառիկ մեծ քանակի զենք է ձեռք բերել.- «Նաև բացի դրանից, վերջին տարիների ընթացքում լայնածավալ աշխատանքներ են կատարվել առաջնագիծը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելու և ապրիլյան պատերազմի այսպես ասած` հանկարծակի տարբերակը բացառելու համար»:

Գրիգորյանի խոսքով` բանակում իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, Հայաստանի զինված ուժերի առջև դրված ցանկացած խնդիր լուծելի է.- «Ես չեմ բացառում Ադրբեջանի ոտնձգությունները, բայց ես համոզված եմ, որ նման ոտնձգության դեպքում Ադրբեջանը արժանի հակահարված կստանա»:

Ցանկացած պահի ադրբեջանական կողմը կարող է հարձակվել, պետք է միշտ պատրաստ լինել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով, սա է քառօրյա պատերազմի առաջին դասը:

«Նույնիսկ այս օրերին ողջ աշխարհը ըստ էության գրեթե բոլոր հակամարտությունների պարագայում մեծ հաշվով զինադադար է ոչ պաշտոնապես կնքել, որովհետև մի նոր թշնամի կա` կորոնավիրուսը, և մարդկությունը, մոլորակը հիմա դրա դեմ է պայքարում, և ահա նույնիսկ այս օրերին, մենք բառացիորեն 2 օր առաջ ականատես եղանք էլի կրակոցների և խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների», - շեշտեց ԱԺ նախագահը:

Միրզոյանը ինչ-որ չափով տեղեկություններ ունի քննիչ հանձնաժողովի աշխատանքների մանրամասներից, ասում է՝ բաներ կան, որոնց մասին պետք է բարձրաձայնել։

100-ից ավել երիտասարդների կյանք խլած պատերազմից հետո հայկական բանակում մեծ փոփոխություններ են եղել, վստահեցնում է Անդրանիկ Քոչարյանը, ով նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում.- «Կառավարման առումով բանակն այսօր ավելի կառավարելի է, անտարբերության մթնոլորտը փոխված է միարժեք, այսինքն` որոշումներ կայացնողներն այնուամենայնիվ ավելի զգոն են, կոռուպցիայի մակարդակը պակասել է»:

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում ապրիլյան պատերազմի մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը։

XS
SM
MD
LG