Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը խոստանում է արտակարգ դրությունից հետո Ապրիլյան պատերազմի մասին «ցանկացած հարցի պատասխանել»


Շուրջ հինգ ժամ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հարցերին պատասխանելուց հետո, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե հանձնաժողովի նիստին մասնակցելու իր որոշումն ամբողջությամբ արդարացված է։

Հանդիպումն, ըստ Սարգսյանի, անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և շատ ուրախ է, որ կարողացել է լրացուցիչ տեղեկություններ հայտնել 2016-ի ապրիլյան գործողությունների մասին: Ավելին, ի պատասխան հանձնաժողովի նախագահի, ինքը ևս շնորհակալություն է հայտնել քննարկման համար։

Բովանդակային հարցերի երրորդ նախագահը հրաժարվեց պատասխանել՝ պարզաբանելով, թե ոտքի վրա չի ցանկանում կարևոր խնդիրների անդրադառնալ։

«Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մեր հանրությունը հաղթել է՝ հաղթելով ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև դիվանագիտորեն: Դուք հաստատում եք իմ այն պնդումը, որ հնարավոր չէ ոտքի վրա հարցազրույց կազմակերպել», - ասաց Սարգսյանը:

«Ազատության» հարցին՝ նա հայտնի ֆիլմում նշել է, որ հայկական կողմը կորցրել է 400 հեկտար հող, ոչ թե 800, այդ դեպքում ինչո՞ւ է ավելի վաղ ասել 800 հեկտարի մասին, Հայաստանի երրորդ նախագահը պատասխանեց. «Երբ արտակարգ դրությունը կվերանա, ես մանրամասն, խոստանում եմ բոլորիդ, ցանկացած հարց՝ տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղին, և ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ»:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հետ կապված դավադրության տեսություններին, Սերժ Սարգսյանն ասաց, թե չի ներքաշվելու հարցուպատասխանի մեջ, բայց երբեք չի ղեկավարվել դավադրությունների տեսություններով։

«Որևէ պարագայում ես չեմ ղեկավարվել ո՛չ դավադրության տեսություններով, ո՛չ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ: Չկա այդպիսի բան», - ասաց Սարգսյանը:

Այլ հարցերի երրորդ նախագահը հրաժարվեց անդրադառնալ, կրկին խոստանալով՝ երբ ավարտվի արտակարգ դրությունը, կպատասխանի ցանկացած հարցի։ Սարգսյանը, սակայն, հստակեցրեց՝ առաջիկայում հրավիրվելիք ասուլիսում պատասխանելու է բացառապես ապրիլյան ռազմական գործողություններին վերաբերող հարցերին։ Այդ ասուլիսից հետո արդեն, հետագայում կանդրադառնա նաև մնացած բոլոր հարցերին՝ տնտեսությունից մինչև 2018-ի հեղափոխությանը։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանը ընդունել է, որ բացթողումներ ունեցել են

Սերժ Սարգսյանից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ուշագրավ է, որ շուրջ հինգ ժամ տևած հանդիպումից հետո Քոչարյանն ասաց, որ ոչ բոլոր հարցերի պատասխաններն են ստացել, կան հարցեր, որոնց պատասխանները Սերժ Սարգսյանը չունի, այդ իսկ պատճառով հանձնաժողով պետք է հրավիրեն այլ պաշտոնատար անձանց։

Ի դեպ, ըստ Անդրանիկ Քոչարյանի, երրորդ նախագահի հետ զրույցում անդրադարձել են Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողովի հրավերը մերժելու որոշմանը։ Ըստ Քոչարյանի, Սերժ Սարգսյանն ընդունել է, որ Խաչատուրովի չգալը սխալ էր, և հորդորել է նրան գալ հանձնաժողով։

«Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, բայց դա բոլոր հարցերի պատասխանները չեն, հարցերն ամբողջական կլինեն, երբ որ մենք կլսենք նաև այլ պաշտոնյաների», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով, - «Մենք հարցրել ենք այն հարցերը, որոնք կարող էինք ուղղել իրեն, ինքը իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ ինքը տիրապետում է, բայց կան բաներ, որ, ասենք թե, կարող է ինքը չհիշի կամ իրեն զեկուցած չլինեն»:

Հարցին՝ անդրադարձե՞լ են նրան, որ Սերժ Սարգսյանը ֆիլմում նշել է, թե խոսքը ոչ թե 800 կորցրած հեկտարի մասին է, այլ՝ 400-ի, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր: Դա նշանակում է, որ դա ֆիլմ էր, իսկ ֆիլմը, որպեսզի դառնա վավերագրական, պետք է առնվազն ֆիլմը նկարահանողը տիրապետի այն տեղեկատվությանը, ինչ որ գտնվում է այն սենյակի պատերի ետևում»:

«Մենք շատ ավելի լուրջ հարց ենք տվել: Ոչ թե 800-ի 400-ի մեջ է, մենք ընդամենը պարզել ենք, կարողացել ենք ճշտենք՝ պարոն Սարգսյանը ի՞նչ է կարծում՝ հակառակորդը իր առջև դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե՞ չէ, և դրա մեջ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ չկա, մենք ինչքանո՞վ ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ», - մանրամասնեց Քոչարյանը՝ «Ազատության» հարցին էլ, թե Սարգսյանն ընդունե՞ց, որ բացթողումներ ունեցել է, պատասխանելով. «Իհարկե»:

Իսկ թե այսօրվա երրորդ նախագահի այցելությունը նոր բացահայտումների հանգեցրե՞ց, հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Ինչ-որ չափով այո»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք փոխանցե՞լ են հարցուպատասխանի տեսաձայնագրությունը Սերժ Սարգսյանին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ դեռևս ոչ։

Հիշեցնենք, երրորդ նախագահը այդ պայմանով էր համաձայնել մասնակցել Ապրիլյան հանձնաժողովի նիստին։

«Պարոն Սարգսյանը ասաց, որ մինչև 2050 թվականը իր կողմից, այսօրվա աշխատանքի տեղեկատվությունը ինքը իր կողմից չի հանրայնացնի, որովհետև չի կարելի», - ասաց Քոչարյանը:

XS
SM
MD
LG