Մատչելիության հղումներ

Հնարավոր է լինեն բաժանորդներ, որ նույնիսկ դրա կարիքը չունեն․ ՀԾԿՀ նախագահը՝ կոմունալների մասնակի փոխհատուցման մասին


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, 15-ը ապրիլի, 2020թ.

Կառավարության կողմից կոմունալ վճարների մասնակի փոխհատուցման միջոցառումների շրջանակում փետրվար ամսին սպառված գազի դիմաց փոխհատուցում կստանա շուրջ 420 հազար բաժանորդ, նրանցից 215 հազարի դեպքում կգործի 50 տոկոսի փոխհատուցում, իսկ 205 հազար բաժանորդի դեպքում՝ 30 տոկոս: Էլեկտրաէներգիայի վարձավճարի փոխհատուցումից օգտվողների թիվը ավելի մեծ է՝ 515 հազար բաժանորդ, որից 235 հազարը 50 տոկոս փոխհատուցումից կօգտվեն, իսկ 280 հազարը՝ 30 տոկոսից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասում է՝ այս պահին վիճակագրություն չունեն ծրագրի շահառու դարձած քաղաքացիների սոցիալական վիճակի մասին, քանի որ ծրագրից օգտվելու չափանիշ սահմանվել է օգտագործված գազի և հոսանքի ծավալները.- «Միշտ էլ լինելու են որոշակի ընդհանուր պատկերից շեղումներ, միշտ կլինեն նման բաժանորդներ, որոնք նույնիսկ կարող է դրա կարիքը չունեին, բայց խոսքը գնում է 200-ից մինչև 300 հազար բաժանորդի մասին, և ուղղակիորեն այդպես հասցեականացնել դժվար է, և որոշակի չափանիշներով պետք է ընտրվեր այդ օգնությունը: Այստեղ հասցեականությունը որոշվել է սպառման ծավալները: Ենթադրվում է, որ ձմեռային ամսին եթե որոշակիորեն ավելի քիչ ծավալ են սպառել, ապա նաև իրականացրել են խնայողություն` ելնելով իրենց հնարավորություններից»:

50 տոկոս փոխհատուցում կստանան գազի դեպքում 10 հազար դրամը, հոսանքի դեպքում 5 հազար դրամը չգերազանցած բաժանորդները: Իսկ 30 տոկոսի փոխհատուցում կստանան համապատասխանաբար 30 հազար և 10 հազար դրամը չգերազանցածները: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման այս միջոցառումը սկզբում քննադատության ենթարկվեց այն շեշտադրմամբ, որ ցուրտ փետրվարի համար սահմանված շեմը բավականին ցածր է, իսկ մեթոդը թույլ չի տալիս ընտրել այն թիրախային խմբերին, որոնք իսկապես աջակցության կարիք ունեն:

Հարցն այսօր քննարկվեց նաև Ազգային ժողովում.- «Կցանկանայի, որպեսզի գոտիականության գործակից կիրառվեր, քանի որ Շիրակի մարզում և ձմռան ամիսներն ավելի խիստ են, և ջեռուցվող ամիսների քանակն է ավելի երկար»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց.- «Այն շտեմարանները, որ ընկերությունների մոտ գոյություն ունի, և այն, ինչ որ մենք հիմա կարող ենք անել համադրումներով, մենք արել ենք առավելագույնը: Կա Ձեր ասած խնդիրը, համաձայն եմ, կա մեկ այլ խնդիր ևս, որը չկարողացանք այդպես էլ տարանջատել, որ այնուամենայնիվ կան բաժանորդներ, որոնք հոսանքից օգտվում են, բայց գազ չունեն: Դա նշանակում է թիրախավորված վերաբերմունք, բայց այս պահին դեռևս այդ նույնականացման ձևը դրա չենք գտել»:

Հանձնաժողովի նախագահը փոխանցեց նաև, որ արդեն 15 օր է` ուսումնասիրում են «Գազպրոմ Արմենիայի»՝ սպառողներին վաճառվող գազի սակագները միջինը 11 տոկոսով բարձրացնելու հայտը: Անցած տարվա հունվարի 1-ից սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար Հայաստանը վճարում է 165 դոլար (նախկին 150-ի փոխարեն), բայց բնակիչներին հասնող գազի սակագինը չի փոխվել՝ մնալով նույն 290 դոլարը։ Եթե այժմ սոցիալապես անապահովները ավելի պակաս են վճարում մյուս բաժանորդներից, ապա հայտով «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է նրանց համար սակագինը բարձրացնել ճիշտ նույնքան, ինչ մյուսների համար։ Տնտեսվարողների համար ևս գործող սակագները առաջարկում են բարձրացնել։

Հայտն ուսումնասիրելու և որոշում կայացնելու համար հանձնաժողովը ունի մինչև 80 օր ժամանակ, այսինքն` ամենաուշը հունիսի 19-ին որոշումը պարզ կլինի: Մինչ այդ, սակայն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գինը նվազեցնելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերին: Պատասխանը ստացել է, այսօր Ազգային ժողովում ասաց Գրիգորյանը.- «Ռուսական «Գազպրոմը» հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, փորձում եմ բառացի թարգմանել, միևնույն ժամանակ նամակում նշվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով»:

Գազի գնի հարցը շարունակում է մնալ ԵԱՏՄ խորհրդի նիստերի օրակարգում: Մասնավորապես, երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն էր հայտարարել, թե կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ռուսական գազի գինը պետք է լինի ավելի ճկուն և տանելի լինի սպառողների համար:

XS
SM
MD
LG