Մատչելիության հղումներ

Վրաստանում արտակարգ դրությունը վերածվել է ֆարսի. Գիգա Բոկերիա


«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան, արխիվ

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան ասել է, թե կպաշտպանեն արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու առաջարկը, եթե իշխող թիմը հակաճգնաժամային պլան ներկայացնի, իսկ սահմանափակումները տարածվեն բոլորի վրա:

Բոկերիան նշել է, որ իշխանությունները պետք է կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչպես են օգնելու աշխատանքը կորցրած մարդկանց ընտանիքներին:

«Արտակարգ դրության հետևանքները շատ ծանր են ու վատը, կարելի է ասել՝ արտակարգ դրությունը վերածվել է ֆարսի»,- ասել է Գիգա Բոկերիան:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության ճեպազրույցում հավաստիացրել է, որ աշխատանքը կորցրած մարդկանց աջակցությունը նվազագույն զամբյուղից պակաս չի լինի:

Սակայն երեկ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 150 լարի է հատկացվելու, ինչը նվազագույն զամբյուղից քիչ է, նշում է «Գրուզիա» օնլայն կայքը:

Վրաստանում մարտի 21-ին հայտարարված մեկամսյա արտակարգ դրության ժամկետը ավարտվում է ապրիլի 21-ին, ակնկալվում է, որ իշխանություններն այն երկարաձգելու առաջարկ կանեն: Իսկ մարտի 31-ից համընդհանուր կարանտին է հայտարարվել ու պարետային ժամ մտցվել՝ երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ը չի թույլատրվում տնից դուրս գալ:

XS
SM
MD
LG