Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դարձավ կորոնավիրուսով վարակվածների և զոհերի թվով առաջին երկիրն աշխարհում


ԱՄՆ - Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի բուժաշխատողները տեղափոխում են կորոնավիրուսի զոհերի դիերը, ապրիլ, 2020թ.

Միացյալ Նահանգները դարձավ կորոնավիրուսով վարակվածների և զոհերի թվով աշխարհում առաջին երկիրը: Վերջին տվյալների համաձայն՝ վարակակիրների թիվը երկրում հասել է 560 հազարի, զոհվել է 22 հազար մարդ:

Ամենածանր իրավիճակում գտնվող նահանգը Նյու Յորքն է: Այստեղ միայն վերջին օրվա ընթացքում մահացել է ավելի քան 750 հոգի, մահացության ցուցանիշը երկրում աննախադեպ բարձր է մնում արդեն վեցերորդ օրը:

Ամերիկայում համաճարակի բռնկման էպիկենտրոն դարձած Նյու Յորք քաղաքում մահվան դեպքերի թիվը գերազանցել է 6 հազարը, վարակվածներինը` 100 հազարը:

Շուրջ 330 միլիոն բնակչություն ունեցող երկրում մինչ այժմ իրականացվել է ընդամենը 3 միլիոն թեստավորում, Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն, սակայն, առաջիկայում անվճար թեստավորում կարող են անցնել բոլոր ամերիկացիները:

Երկրի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին նախօրեին CNN հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է զգուշորեն, քայլ առ քայլ բնականոն կյանքի վերադառնալ միայն հաջորդ ամսից սկսած, բայց մինչ այդ պետք է ներդրվի արագ ախտորոշման և վարակակիրների արագ մեկուսացման համակարգ: Այդքանով հանդերձ, Ֆաուչիի խոսքով, մարդիկ, միևնույն է, կշարունակեն վարակվել. - «Դա է իրականությունը», - հավելել է նա:

Ամերիկյան իշխանությունները, մինչդեռ, բնականոն կյանքի վերադառնալու արդեն հստակ ժամկետ են նշում՝ մայիսի 1-ը: Ինչպես հայտարարում են Սպիտակ տան ներկայացուցիչները, այդ ժամկետը հռչակվել է նպատակ, և կառավարությունն անում է հնարավորը՝ այդ օրվանից սկսած մեղմելու ուղիղ մեկ ամիս առաջ երկրով մեկ հայտարարված կոշտ սահմանափակումները:

Մինչ այդ, նախագահ Դոնալդ Թրափը հայտարարել է, որ առաջիկա օրերին կներկայացնի «երկիրը բացելու հարցով խորհուրդ»՝ մարմին, որը կազմված կլինի փորձագետներից, որոնք կներկայացնեն մեղմացմանը զուգահեռ տարվելիք անվտանգային միջոցառումները:

Համաճարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված սահմանափակումների համաձայն՝ այս պահին Միացյալ Նահանգներում աշխատում են առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները, դեղատները: Ռեստորանները, սրճարանները պատվերներն ընդունում միայն ուղարկելու պայմանով, մարզասրահները, հագուստի և այլ ապրանքների խանութները, գեղեցկության սրահները, կինոթատրոնները, մշակութային կենտրոնները փակ են պաշտոնապես մինչև ապրիլի 30-ը:

Բիզնեսը վերադարձնելու՝ Թրամփի վարչակազմի անհամբերության և շտապողականության հիմնական ու թերևս գլխավոր պատճառը տնտեսական ծանր իրավիճակն ու գործազրկության ռեկորդային ծավալներն են: Միայն վերջին մեկ ամսում ԱՄՆ-ում գործազուրկների թիվը հասել է 17 միլիոնի. գործազրկության նման բարձր մակարդակ երկրում չէր արձանագրվել 1982 թվականից ի վեր, իսկ ընդամենը շաբաթներ առաջ աշխատանք չունեցող բնակիչները միայն 3,5 տոկոս էին կազմում, ինչը վերջին 50 տարվա ընթացքում նվազագույն ցուցանիշն էր:

Ամերիկյան կառավարությունն աննախադեպ քայլեր է ձեռնարկել համաճարակից տուժած բնակչության հոգսերը թեթևացնելու և տնտեսությունը ցնցումներից զերծ պահելու ուղղությամբ՝ հատկացնելով 2 տրիլիոն դոլար: Տնտեսագետների կանխատեսումների համաձայն, ի տարբերություն տասնյակ զարգացած տնտեսություն ունեցող երկրների` Միացյալ Նահանգները մեծ շանսեր ունի արագ վերականգնելու երկրում հատկապես վերջին տարիներին բարենպաստ ցուցանիշներ դրսևորած տնտեսական կյանքը, ինչը, իր հերթին, կնպաստի համաշխարհային ճգնաժամի հաղթահարմանը` հաշվի առնելով այն հանգամանքը , որ ամերիկյան ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային տնտեսության մեկ քառորդը:

XS
SM
MD
LG