Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված 13 դեպք կա, մահվան 1 դեպք է գրանցվել. մարզպետ


Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան, 9 ապրիլի, 2020թ.
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան, 9 ապրիլի, 2020թ.

Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված 13 դեպք կա, մահվան մեկ ելքով: Հիվանդների մեծ մասը Գյումրիից է, այսօր լրագրողներին հայտնեց մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«13 դեպք ունենք, որոնց հետ կապված իրենց օղակը նաև բացահայտելու ոստիկանության և այն բոլոր մարմինների միջոցով, որ այդ գործառույթին մասնակցում են, իրականացնում են: Այս փուլում շատ կարևոր է այդ օջախների լոկալիզացումը, որովհետև պարզ է, որ երբ տնտեսությունը, մարդկային մեծ ներուժը տանն է նստած, չի աշխատում, և ամբողջ խնդիրը ռիսկի շղթան նվազեցնելն է, շատ կարևոր է, որ ամբողջությամբ կարողանանք նպատակին հասցնել այս գործողությունները»,- նշեց նա:

«Ազատության» հարցին, թե որտե՞ղ են ավելի շատ վարակակիրները` Գյումրիում, թե մյուս համայնքներում, մարզպետը պատասխանեց.- «Ճնշող մեծամասնությունը Գյումրիից է: Բուժման ավարտին մոտեցող մարդկանց քանակ ենք ստանում, այսինքն` մեկ հոգի օֆիցիալ ունենք, որ արդեն դուրս է գրվել ինֆեկցիոն հիվանդանոցից, մոտակա օրերին ևս սպասում ենք դուրս գրվողներ, և ինքը կդառնա շարունակական գործընթաց»:

Կորոնավիրուս է հաստատվել նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ.- «Հաստատվել է դեպքը երեկ: Ուղղակիորեն աշխատանք չի ունեցել վարակակիրը տուրբերկուլյոզային բլոկում, որտեղ հիմա մեկուսացվում են հիվանդները և մեկուսացման բարձր ռիսկում գտնվող մարդիկ, ինքն այնտեղ չի աշխատել, բայց նաև մեծ հավանականությամբ շփում է ունեցել մինչև թեստավորում իրականացված մարդու հետ, ում կարիք էր եղել բժշկական աջակցություն ցուցաբերել: Հիմա նաև իրենց օղակն է ամբողջությամբ մեկուսացվել»:

Վիրուսը չի հաստատվել Գյումրիի բժշկական կենտրոնում բուժվող այն պացիենտի մոտ, որը հիվանդասենյակը կիսել էր կորոնավիրուսից օրեր առաջ մահացած մարալիկցի տղամարդու հետ։ Տեղեկությունը փոխանցեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը.- «Հիվանդը, որը նույն օրը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց, որ այնտեղ մեկուսանա, այնտեղ ինքը նմուշառվել է, քանի որ ջերմություն ուներ, բայց ինքը ջերմություն նաև մեզ մոտ ուներ: Ինքը տեղափոխվել է այնտեղ, նմուշառվել է էլի օրենքի սահմաններում` ելնելով իր ջերմությունից, էլի բացասական է եղել»:

68-ամյա մարալիկցի տղամարդու մոտ վիրուսի հաստատումից հետո Գյումրիի բժշկական կենտրոնի 7 բժիշկ ու 22 բուժաշխատող մեկուսացվել է։ Արմեն Իսահակյանը փոխանցեց, որ մինչ այս պահը մեկուսացված բուժանձնակազմից որևէ մեկի մոտ կորոնավիրուսի որևէ ախտանշան չկա։

«Մեկուսացված բուժաշխատողները շատ լավ վիճակում են, ջերմությունը չափում են, մշտական կապի մեջ են Առողջապահության վարչության պետի, նաև մեր Խաչատրյան Արմենի հետ, ինձ հետ: Բոլոր նորմերով, որ սահմանված են Առողջապահության նախարարության կողմից, կատարվում է մեկուսացումը, ու ըստ այդմ մենք սպասում ենք 14-րդ օրվան: Դա երբ լրացավ, կկատարվի նմուշառում: Քանի որ այս պահին ոչ մեկը ջերմություն չունի, անհրաժեշտություն չունի, սիմպտոմատիկա չկա, նմուշառում չի կատարվում»,- հայտնեց նա:

Իսկ թե որքա՞ն մարդ է մարզում մեկուսացած, այս հարցին Շիրակի մարզպետը հստակ պատասխան չտվեց.- «Այստեղ մի քիչ կարևոր է. մեկուսացման տարբեր ռեժիմներ կան, այսինքն` կան մեկուսացման կոնտակտային ռեժիմներ, ռիսկի գոտի վերադարձածներ: Եթե այսպես նայենք, մի քանի հարյուր մարդու մասին է խոսքը, հատկապես մեծ է վերադարձածների քանակը, ովքեր որևէ առողջական խնդիր չեն ունեցել, բայց իրենք ուշադրության կենտրոնում են, և առաջնային օղակը` ոստիկանությունը, իրենց հետ շարունակաբար աշխատում է»:

Ի դեպ, թեև տեղաշարժի սահմանափակումներին այսօր Գյումրիի փողոցները բավականին մարդաշատ էին։

XS
SM
MD
LG