Մատչելիության հղումներ

Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերից 5-ը արձանագրվել են Շիրակի մարզում


դատարկ փողոց Գյումրիում, 25-ը մարտի, 2020թ.

Հայաստանում հաստատված կորոնավիրուսի 372 դեպքից 5-ը, ըստ պաշտոնական տվյալների, արձանագրվել են Շիրակի մարզում:

Քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման 4-րդ օրը Գյումրիի փողոցներում ավելի քիչ թվով մարդ կար, քան առաջին օրերին, պակասել էին նաև մեքենաները։ Գյումրիում նույնիսկ կանգառներում են հիշեցնում մարդկանց, թե ինչ է կորոնավիրուսն ու ինչպես պաշտպանվել դրանից:

Ոստիկանությունը շարունակում էր հսկել ինչպես հետիոտների, այնպես էլ մեքենաների տեղաշարժը: Իրավապահները «Ազատության» հետ զրույցում ասացին, թե մարդիկ ավելի օրինապահ են դարձել, առանց անցաթղթի դուրս չեն գալիս, մեքենաներում էլ սահմանված թվով մարդիկ են։

«Արդեն պահպանում են, ավելի լավ են պահպանում, հիմա ավելի կարգապահ են», - ասաց ոստիկաններից մեկը:

Շատ թե քիչ մարդաշատ էր շուկայի տարածքը, հիմնականում առևտրով զբաղվողներն էին ու տաքսու վարորդները: «Ուղևոր չունենք», - դժգոհեցին տաքսիստները։

Շուկայում առևտրով զբաղվողներն էլ բողոքեցին, թե գնորդ չկա: Բայց ասում են՝ ամեն օր գալիս են ապրանքը դասավորում ու սպասում, որ գուցե մեկին ինչ-որ բան պետք լինի։

«Առևտուր չկա, մարդիկ դուրս չեն գալիս, վախենում են երևի հիվանդությունից», - նշեց աևտրականներից մեկը:

Այս օրերին թանկացել են վիտամին C պարունակող մրգերը։ Գյումրեցիները, պարզվում է, կիտրոն են շատ գնում:

Գործազրկության բարձր մակարդակ ունեցող քաղաքում շատերը հիմնականում առևտրով են կարողանում տուն պահել, հիմա դա էլ չկա: Մի կողմից գործն է կանգնել, մյուս կողմից՝ ապրանքի գները բարձրացրել: Առևտրով զբաղվողներն ասացին՝ հիմա առիթից օգտվողները շատ են:

«Մանդարինը թանկացել է, խնձորը թանկացել է, ապելսինը թանկացել է, բանանը թանկացել է, կիվին թանկացել է, լիմոնը թանկացել է, իմբիրը թանկացել է, էլ ո՞րն ասեմ: Տունն էլ երեխեք կան, հլը տան էղածով յոլա ենք գնում, վաղը մյուս օրն ի՞նչ պետք է լինի», - ասաց առևտրով զբաղվողներից մեկը:

XS
SM
MD
LG