Մատչելիության հղումներ

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 30 հազարին, մահացել է 574 մարդ


Թուրքիա - Ախտահանման աշխատանքներ Ստամբուլում, մարտ, 2020թ.

Թուրքիայում օրեցօր ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ մոտենալով 30 հազարի: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ հիվանդների թիվը 27 հազար 69 է, 574 մարդ մահացել է համավարակի հետևանքով:

Այս իրավիճակում թուրքական իշխանությունները ստիպված են խստացնել սահմանափակումները: Մինչև 20 տարեկան և 65 տարեկանից բարձր քաղաքացիներին արգելված է փողոց դուրս գալը: Երկրի 31 խոշոր քաղաքների, այդ թվում Ստամբուլի ելումուտը միառժամանակ փակվել է: Կրճատվել են հասարակական տրանսպորտի, խանութների ու դեղատների աշխատանքային ժամերը: Պարտադիր պայման է սահմանվել հանրային վայրերում դիմակ կրելը, իրարից առնվազն մեկ մետր սոցիալական հեռավորություն պահելը: Պետությունը փոստային ծառայության միջոցով սկսել է անվճար դիմակներ առաքել քաղաքացիներին՝ շաբաթական հինգ դիմակ: Դուրս չգալու իշխանությունների կոչին յուրօրինակ կերպով միացել է անգամ ոստիկանությունը՝ «Տանը մնա» արտահայտությունը գրելով առգրավված թմրանյութի հաբերով:

Նոր սահմանափակումների հետ մեկտեղ, շարունակվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախաձեռնած դրամահավաքը, որի նպատակն է աջակցել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: Կառավարության անդամների, պետական գործիչների, գործարարների, խոշոր ընկերությունների, բարերարների, հիմնադրամների հանգանակած գումարը ավելի քան 1 միլիարդ թուրքական լիրա՝ մոտ 150 միլիոն դոլար է կազմում: Այս արշավին է միացել նաև Թուրքիայի հայ համայնքը. Պոլսո Հայոց պատրիարքարանն ու Հայկական հիմնադրամների միությունը դրամահավաքին ընդհանուր առմամբ 600 հազար լիրա են նվիրաբերել:

Չնայած իշխանությունների՝ ճգնաժամին դիմակայելու և խոցելի խավերին աջակցելու խոստումներին, մարդիկ մտահոգված են մոտալուտ տնտեսական անկմամբ:

XS
SM
MD
LG