Մատչելիության հղումներ

Միացյալ Թագավորություն. վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց, թագուհին տոկունության կոչով դիմել է ժողովրդին


Միացյալ Թագավորություն - Եղիսաբեթ երկրորդ թագուհին ուղերձով դիմում է բրիտանացիներին, Լոնդոն, 5-ը ապրիլի, 2020թ.

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ օպերատիվ շտաբի նիստն այսօր արտգործնախարարն էր վարում` վարչապետի փոխարեն: Բորիս Ջոնսոնը, ում մոտ տասն օր առաջ կորոնովիրուս էր ախտորոշվել, երեկ ուշ երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց: Դրանից մի քանի օր առաջ 55-ամյա Ջոնսոնն ինքը Թվիթերով տեղեկացրել էր` հիվանդության նշանները դեռ պահպանվում են:

«Թեև ես ինձ ավելի լավ եմ զգում և արդեն մեկ շաբաթ է` ինքնամեկուսացման մեջ եմ, սակայն, ցավոք, դեռ բարձր ջերմություն ունեմ: Կառավարության խորհրդին հետևելով` ես կշարունակեմ մնալ ինքնամեկուսացման մեջ, մինչև այդ ախտանիշը վերանա», - նշել էր Միացյալ Թագավորության վարչապետը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, գիշերը վարչապետն անցկացրել է հիվանդանոցում, և ըստ վերջին տեղեկությունների՝ այս պահին էլ գտվում է բժիշկների հսկողության տակ:

Ժամեր առաջ նա գրառում է արել Թվիթերում․ - «Տրամադրությունս լավ է։ Ես անմիջական կապի մեջ եմ աշխատանքային թիմի հետ, և մենք միասին շարունակում ենք պայքարը կորոնավիրուսի դեմ»։ Այլ մանրամասներ Ջոնսոնը չի հայտնել։

Բժիշկները ևս առայժմ չեն նշում, թե արդյոք վարչապետի մոտ թոքաբորբ է զարգացել, ու մոտավորապես որքան ժամանակ է նա մնալու հիվանդանոցում։

Կառավարության խոսնակն առայժմ նշում է միայն, որ վարչապետը ստուգումներ է անցնում՝ կանխելու հնարավոր բացասական զարգացումները։ Կաբինետը, միաժամանակ, հավաստիացնում է` սրանք ուղղակի նախազգուշական քայլեր են հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար:

«Բորիսն իրեն լավ է զգում և շարունակում է կատարել իր պարտականությունները», - ժամեր առաջ հայտարարել է տարածքային կառավարման նախարար Ռոբերտ Ջենրիքը: - «Մինչև օրս նա շատ ծանրաբեռնված աշխատում էր և առաջնորդում կառավարությունը, ինչը կշարունակվի նաև առաջիկայում: Ակնհայտ է, որ այսօր նա հիվանդանոցում է` բժշկական ստուգումների, սակայն նա, անշուշտ, կտեղեկացվի` ինչ իրավիճակ է, ինչ է կատարվում, և հույս ունենք, որ արագ կապաքինվի ու կվերադառնա Դաունինգ Սթրիթ 10»:

Չնայած կառավարության հավաստիացումներին, թե մտահոգվելու խնդիր չկա՝ մամուլը հարց է բարձրացնում` որքանո՞վ է Ջոնսոնն ի վիճակի առաջնորդել երկիրը, որն այս պահին կանգնած է համաճարակի, տնտեսական ու սոցիալական լրջագույն մարտահրավերների առաջ: Լրագրողների այս հարցադրումներին ի պատասխան, կառավարությունը նախօրեին հայտարարել է` եթե վարչապետը չկարողանա շարունակել աշխատանքը, նրան կփոխարինի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, քանի որ կաբինետում մի քանի տարի է` փոխվարչապետի հաստիք չկա:

Մինչ այդ` երեկ, տոկունության ու համերաշխության կոչով բրիտանացիներին էր դիմել թագուհին` Եղիսաբեթ Երկրորդը: Միապետի այս տեսաուղերձը իր տեսակի մեջ հինգերորդն էր նրա գահակալության 68 տարիների մեջ։ Դրա բացառիկությունն ընդգծելու համար լրատվամիջոցները հիշեցնում են` ինչ առիթներով են հնչել նախորդները. դրանցից մեկն, օրինակ, նվիրված էր Լեդի Դիի հիշատակին` արքայադստեր հուղարկավորության նախօրեին, մյուսը` Պարսից ծոցի պատերազմին:

«Ես դիմում եմ ձեզ ծայրաստիճան բարդ ժամանակահատվածում, երբ մեր ողջ երկրում բնականոն կյանքը խարխլված է, արմատական այս փոփոխությունները բոլորիս կյանքն են փոխել, ոմանց` արդեն իսկ դժբախտություն բերել, շատերին կանգնեցրել ֆինանսական դժվարությունների առջև: Սակայն, հավատացնում եմ ձեզ` լավ օրերը դեռ կվերադառնան», - մոտ հինգ րոպե շարունակված ուղերձում ընդգծեց 93-ամյա թագուհին՝ հավելելով. - «Մենք կհաղթենք, և այդ հաղթանակը մեզնից յուրաքանչյուրինը կլինի: Տարիներ անց բոլորս հպարտությամբ կհիշենք, թե ինչպես ենք դիմակայել այս դժվարություններին Մենք դեռ կհանդիպենք»:

Մեծ Բրիտանիան այժմ 8-րդն է աշխարհում` կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով, ըստ վերջին տվյալների՝ երկրում ավելի քան 48 հազար վարակակիր կա, մահացել է արդեն ավելի քան հինգ հազար մարդ:

XS
SM
MD
LG