Մատչելիության հղումներ

Անցած գիշեր մահացած 68-ամյա տղամարդը Մարալիկ համայնքից էր 


.

Կորոնավիրուսի վարակի հետևանքով գիշերը մահացած 68-ամյա տղամարդը Շիրակի մարզի Մարալիկ համայնքից էր։

Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց, որ նա ուղեկցող մի շարք հիվանդություններ ուներ։ Համայնքապետը նաև շեշտեց, որ հանգուցյալ տղամարդը որևէ շփում ռիսկային խմբի հետ չէր ունեցել․ - «Ինքը տեղի բնակիչ է, դուրս չէր գնում։ Ինքը և կինն են ապրում, տղան երկար տարիներ է Ռուսաստանում է։ Ինքը ուներ մի շարք հիվանդություններ՝ շաքարային, սրտի հետ կապված խնդիրներ։ Ինքը քիչ շփումներ ուներ հասարակության մեջ, որսի սիրահար լինելով, ավելի շատ կապնված էր ինքը բնության հետ»։

Մահացածի կինը և համայնքից ևս երկու ընտանիքներ, որոնց հետ նա շփումներ է ունեցել, մեկուսացված են։

Շիրակի մարզում վարակակիրների թիվը մեծ չէ՝ ընդամենը 8 հոգի։

Մարզերի շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով առաջատարն Արարատի մարզն է։ Այս պահի դրությամբ մարզում 173 հաստատված դեպք կա։

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լավ լուր փոխանցեց՝ երեկ մարզից ուղարկված բոլոր թեստերը բացասական են եղել - «Գանգատ ունեցող չի եղել, որ տեղափոխվի թեստավորման։ Եվ այսօր էլ վարչապետը հայտարարեց, որ տենդենցը դեպի դրականն է գնում։ Իհարկե, մենք բոլորս մատներս խաչ արած հետևում ենք զարգացումներին և հույս ունեն, որ եթե նման դինամիկա լինի առաջիկա օրերին, ապա կարելի է ասել, որ մենք վիրուսի տարածման հիմնական օջախները հայտնաբերել ենք և կարողանում ենք աշխատանքները էնպես կազմակերպել, որպեսզի հետագա տարածում չլինի և ազատվենք դրանից»։

Մարզպետը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի հետևանքով մահ մարզում չի գրանցվել, ինքնամեկուսացված է 1100 մարդ։

Մարզպետը հուսով է, որ դրական դինամիկան կպահպանվի։ Մարզի ելումուտը 8 անցակետերով խիստ հսկողության տակ է։

Արարատի մարզում վարակակիրների մեծ թիվն ի սկզբանե հիմնավորվեց նրանով, որ մի շարք համայնքներ պարզապես մոտ են Էջմիածնի ու Շենգավիթի արտադրամասի սկզբնական մեծ օջախներին։

«Մեր մարզից մեծ թվով քաղաքացիներ են աշխատում, և դա է հիմնական օջախը հանդիսացել, որ մեր մարզում տարածվել է։ Թե՛ Մասիսի և թե՛ Արտաշատի տարածաշրջանի մեծ թվով մեր քաղաքացիներ են այնտեղ աշխատում», - նշեց մարզպետը։

Վարակակիրների թվերը մեծ են մայրաքաղաքին մոտ մարզերում։ Կոտայքում հաստաված 110 դեպք կա։ Վարակակիրների գերակշիռ մասը Չարենցավանի արտադրամասում է գրանցվել։ Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հույս ունի, որ վարակի այս աղբյուրը չեզոքածված է, վարակի նոր դեպքեր չկան․ - «Վերջին մեկ-երկու օրերին բավական հուսադրող է պատկերը։ Ընդամենը մի քանի եզակի դեպքեր են հաստատվել, չնայած որ նմուշառվել են 30-ից ավելի կոնտակտավոր քաղաքացիներ»։

Կոտայքի մարզում մեկուսացվածներն ամենաշատն են՝ 800 քաղաքացի։ Սակայն Ծաղկաձորի ու Մեղրաձորի 9 հանգստյան տներում մեկուսացված են քաղաքացիներ ողջ հանրապետությունից։

Արմավիրի մարզից մեկուսացված են 300-ը։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքով, էջմիածինցիներից շատերն արդեն դուրս են եկել մեկուսացումից, քաղաքն այլևս վարակի էպիկենտրոն չէ։ Մարզում վարակակիրները 77-ն են, ավելի վաղ մահվան 2 դեպք էր գրանցվել։

«Վերջին երկու օրերի ընթացքում մենք նոր հիվանդներ չենք ունեցել», - հավելեց մարզպետը։

«Չգիտեմ որ տեղում ենք, բայց 21 դեպք ունենք», - ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը․ - «Ինքնամեկուսացվածների թիվը ընդհանուր եղել է շուրջ 700 հոգի, որոնցից մոտ 300-ի ժամկետը լրացել է»։

Նա շեշտեց, որ մեծ օջախ չեն ունեցել և չունեն։

Մարզերի ղեկավարներն ընդհանուր առմամբ գերադասում էին թվերը ներկայացնել առանց կոնկրետ համայնքների։

Դավիթ Գևորգյան․ - «Հիմա տեղաշարժի բազմաթիվ սահմանափակումներ ենք մտցրել։ Միանգամից էդ համայնքից մարդիկ սկսում են իրենց բարեկամների տները գնալ, ու լրացուցիչ խնդիրներ են մեզ համար առաջանում»։

Ավելի փոքր թվեր են մյուս մարզերում։ Տավուշում, օրինակ, այս պահի դրությամբ, հինգ վարակակիր կա, մեկուսացվածները 38-ն են։ «Բոլոր դեպքերը նախապես կառավարվող ուղղություններից են։ Այսինքն վերջին երկու դեպքը նախորդ դեպքերից մեկ է կապված։ Եվս մեկ դեպք ունենք, որը արտերկրից է ներթափանցել, և այդ կինը բավական երկար ժամանակ արդեն գտնվում էր հսկողության ներքո։ Մենք կրկնակի թեստով ուղղակի հասկացանք, որ ինքը ևս վարակակիր է», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա հաստատեց այն տեղեկությունը, որ Բերդի տարածաշրջանում հաստատված վարակակրի ամուսինը կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ռուսաստանում՝ հավելելով, որ մահացածի մարմինը կտեղափոխվի Հայաստան․ - «Պետք է հուղարկավորումը ևս իրականացվի սահմանված կարգով»։

Մարզում մեկուսացված է ընդամենը 37 հոգի։ Չոբանյանն ասաց, որ պարբերաբար նոր փորձանմուշներ են ուղարկում թեստավորման, տագնապեցնող ցուցանիշներ չունեն․ - «Մենք էս պահին լիարժեք կառավարում ենք իրավիճակը»։

Այս պահի դրությամբ, միակ մարզը, որտեղ վարակի որևէ դեպք չի գրանցվել, Գեղարքունիքն է։ Մարզպետարանից փոխանցեցին, որ 300-ից ավելի մեկուսացվածներ ունեն։ Այստեղ մեկուսանում են Իտալիայից կամ ռուսական խոպանից տուն վերադարձածները, այլև Երևանից Գեղարքունիք գնացած քաղաքացիները։


XS
SM
MD
LG