Մատչելիության հղումներ

Արցախում մեկ քաղաքացի մեկուսացվել է, կան ինքնամեկուսացվածներ


Արխիվային լուսանկար

Այս պահի թարմացումներով Արցախում կորոնավիրուսի գրանցված դեպք չկա, «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյան. - Այս պահի թարմացումներով կորոնավիրուսի դեպք չունենք գրանցված: Ամսի 2-ին տվել էինք, որ ունենք մեկուսացված մեկ քաղաքացի, որը Քաշաթաղի բուժմիավորումում է, սակայն ախտանիշ չլինելու պատճառով իրեն մեկուսացրել ենք, բայց դեռևս թեստավորում չենք իրականացրել:

«Ազատություն». – Ինչո՞ւ անմիջապես չի թեստավորվում:

Աբրահամյան. - Թեստավորումը անհրաժեշտ ախտանիշների ժամանակ է իրականացվում, քանի որ առկա ընթացակարգերով ախտանիշ չլինելու դեպքում թեստավորումը այդ պահին կարող է ոչ ճիշտ արդյունք գրանցել:

«Ազատություն». – Իսկ ինչի՞ց եք եզրակացրել, որ նա հնարավոր է վարակակիր լինի և մեկուսացրել եք, նա վարակակրի հե՞տ է շփվել:

Աբրահամյան. - Իրան մեկուսացրել ենք, որովհետև նա Հայաստանից է մուտք գործել Արցախ, բայց գրանցումով, իհարկե, եղել է Արցախի քաղաքացի, սակայն եկել է բնակավայրից, որտեղ վարակման դեպքեր են եղել, և դրա համար մենք մեկուսացրել ենք:

«Ազատություն». – Ո՞ր բնակավայրն է:

Աբրահամյան. - Արտաշատի շրջանից է եկել:

«Ազատություն». – Այսինքն՝ դուք ունեք միայն մեկ մեկուսացված քաղաքացի, այո՞:

Աբրահամյան. - Այդ մեկ քաղաքացին է այս պահին մեկուսացված, որը գտնվում է բուժհաստատությունում:

«Ազատություն». – Իսկ ինքնամեկուսացվածներ չունե՞ք:

Աբրահամյան. - Ինքնամեկուսացված քաղաքացիներ ունենում ենք: Օրինակ՝ այս պարագայում, երբ որ նա եկել է, նրա հնարավոր կոնտակտային անձանց մեր հորդորով ինքնամեկուսացվում են, մինչև նրա վերջնական թեստավորումը:

«Ազատություն». – Այս պահին քանի՞ ինքնամեկուսացված կա:

Աբրահամյան. - Այս պահին դեռ պատրաստ չեմ թվերը հրապարակելու, ամփոփիչ տվյալները իմ ձեռքի տակ չեն, բայց ինքնամեկուսացված քաղաքացիներ կան, որոնք որևէ ախտանիշ չունեն: Ով ունենում է որևէ ախտանիշ, որը կարող է այս նոր վարակի հետ կապված լինել, մենք անհրաժեշտ թեստավորում անում ենք:

«Ազատություն». – Քանի՞ թեստավորում եք իրականացրել և ո՞ր ժամանակահատվածից սկսած:

Աբրահամյան. - Մոտ չորս տասնյակ թեստավորում է իրականացվել, եթե չեմ սխալվում, դրանք եղել են մարտի երկրորդ կեսից հետո:

«Ազատություն». – Թեստերի քանակը բավարա՞ր է Լեռնային Ղարաբաղում:

Աբրահամյան. - Մենք փորձանմուշները վերցնում ենք, բայց ուղարկում ենք Հայաստանի Հանրապետություն՝ մեր գործընկերներին:

«Ազատություն». – Այնտեղի լաբորատորիաներում որոշում են՝ դրական է, թե բացասական է, դուք չունե՞ք այդ ռեսուրսները, որ տեղում անեք:

Աբրահամյան. - Այս պահին Հայաստանում է իրականացվում, չեմ բացառում, որ ինչ-որ փուլում նաև մեր մոտ՝ Արցախում կիրականացվի:

«Ազատություն». – Իսկ թեստերը Հայաստանից ստացե՞լ եք արդեն, բավարար չափով ունե՞ք:

Աբրահամյան. - Այդ անհրաժեշտ աշխատանքը Հայաստանի հետ կարգավորվում է, որևէ խնդիր այս պահի դրությամբ չի առաջացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG