Մատչելիության հղումներ

Աննա Նաղդալյան. Կեղծ տեղեկատվությամբ Ադրբեջանն արդարացնում է հրադադարի ռեժիմի խախտումները


ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ոսկեվան գյուղի բնակիչ, կրակոցներից վիրավորված Արմանի ընտանիքին, 31-ը մարտի, 2020թ.
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ոսկեվան գյուղի բնակիչ, կրակոցներից վիրավորված Արմանի ընտանիքին, 31-ը մարտի, 2020թ.

Դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները: Այս մասին նշված է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում էին ստացել Տավուշի շրջանի Ոսկեվան բնակավայրի անչափահաս բնակիչը և երկու զինծառայողներ:

Աննա Նաղդալյանն ընդգծում է, որ այս ռազմական միջադեպի ընթացքում ադրբեջանական զինված ստորաբաժանումները քաղաքացիական ենթակառուցվածքում թիրախավորել էին քաղաքացիական անձի՝ երեխայի, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:

«Ակնհայտորեն Ադրբեջանը փորձում է օգտագործել կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտադիտարկումների ժամանակավոր կասեցումը հրադադարի խախտումներ իրականացնելու և կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք մեր հանձնառությունը` հարգելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչերը և այս ժամանակաշրջանում խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողություններից»,- նշվում է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում:

Նա նաև հավելում է, որ նման իրադրություններում առավել ընդգծվում է ռիսկերի նվազեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների իրականացման և այդ նպատակով արդյունավետ միջազգային մեխանիզմների ստեղծման կարևորությունը։

Հիշեցնենք նաև, որ Ոսկևանում խոշոր տրամաչափի զինատեսակներից վիրավորված Արման Օհանյանը լավ է զգում իրեն:

XS
SM
MD
LG