Մատչելիության հղումներ

Դատախազությունը բողոքարկում է ապօրինի որդեգրումների գործով խափանման միջոցների վերաբերյալ դատարանի որոշումները


«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյան, արխիվ
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյան, արխիվ

Հանրությանն առավելապես որպես «երեխաների ապօրինի որդեգրման գործ» հայտնի քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են Վերաքննիչ դատարան, այսօր հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ նախորդ տարեվերջին վերաքննիչ բողոք է տարվել, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը») և 200-րդ հոդվածի 3-րդ կետով («առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, <...> աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը») որպես մեղադրյալ ներգրավված «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Դատախազության համոզմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մեջ ներկայացված են եղել հիմնավոր փաստարկներ, հիմնավոր կասկածն առավել քան առկա է, հետևաբար՝ դատարանի որոշումը հիմնավոր չէ:

Ավելի վաղ վերաքննիչ բողոք է տարվել գործով Քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի փորձ, որը կատարվել է երկու և ավելի երեխաների նկատմամբ») որպես մեղադրյալ անցնող քաղաքացու՝ Դ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշման դեմ: Այն վարույթ է ընդունվել:

Նախօրեին վերաքննիչ բողոք է տարվել նաև Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ հոդվածով, 314-րդ հոդվածով («պաշտոնեական կեղծիքը») որպես մեղադրյալ ներգրավված «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

«Վերջին երկու անձանց դեպքում էլ համարվել է, որ գրավի կիրառումը ի զորու չէ չեզոքացնելու կալանքի ընտրության այն հիմքերը, կամ մեղադրյալների պատշաճ վարքագծի հետ կապված ռիսկերը, որոնք դատարանը նշել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իր որոշմամբ», - ասված է հաղցորդագրությունում։

Մյուս երկու անձանց՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավված քաղաքացի Ա. Գարսանցյանի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավված «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրենի տեղակալ Արշակ Ջերջերյանի մասով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումները Դատախազությունում դեռևս չեն ստացել: «Դրանք ստանալուց և հիմքերին ու պատճառաբանություններին ծանոթանալուց հետո Դատախազությունն օպերատիվ կերպով դիրքորոշում կարտահայտի բողոքարկման հնարավորության վերաբերյալ: Եթե դրանցում դատարանի կողմից արտահայտված կլինեն նույնպիսի իրավական դիրքորոշումներ և ներկայացված նույնպիսի պատճառաբանություններ, ապա դրանք անկասկած ևս կբողոքարկվեն», - գրում է գլխավոր դատախազի խորհրդականը՝ հավելելով, որ «դատախազական պատշաճ և հետևողական հսկողության ներքո քննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ հանցավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև դրանց սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ»:

XS
SM
MD
LG