Մատչելիության հղումներ

Հայաստանը ԱՄՆ-ից 1,1 մլն դոլարի աջակցություն կստանա՝ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի համար


ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, արխիվ
ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, արխիվ

Կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի համար 64 երկրների շարքում 1 միլիոն 100 հազար դոլարի աջակցություն կստանա նաև Հայաստանը՝ լաբորատոր կարողությունների ամրապնդման, հիվանդության բացահայտման և վերահսկման համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը 274 միլիոն կկազմի։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է՝ աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը փոխանցեց՝ այս պահին հստակություն չկա՝ ինչին է ուղղվելու ամերիկյան օգնությունը։

Ամատունու խոսքով՝ իրենք կորոնավիրուսի դեմ պայքարին արձագանքելու համար այս պահին էլ համապատասխանեցնում են ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։

«Կարևոր առաջին քայլն էր», - արձագանքելով պետդեպարտամենտի որոշմանը՝ ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը: Բայց, կարծում է, պետք է լինի ավելին: Հենց այս ուղղությամբ են մտադիր աշխատել։

«Գումարները, որոնք որոշված էին Կոնգրեսի կողմից 2020-ի համար, կարող են վերամշակվել, որպեսզի նաև պայքարենք կորոնաժահրի այս իրավիճակի դեմ: Նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պետք է շարունակից աշխատել նաև Կոնգրեսի և Սենատի ղեկավարների հետ, որովհետև ակնկալում ենք, որ հաջորդ օժանդակության ալիքներ պետք է լինեն և այդպես շարունակենք ընդլայնել գումարը», - ասաց Չուլջյանը:

Հայաստանում այսօր ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ ժամկետների մասին խոսք չկա։ Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայկական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը կարծում է՝ խոսքն արագ աջակցության մասին է:

«Չենք սպասելու 21 թվականի բյուջեին ամերիկյան, իսկ այնտեղ արդեն մինչև մայիս ամիս, թե տարվա կտրվածով և՛ Հայաստանի, և՛ ընդհանրապես ամերիկյան արտաքին աջակցությունն ինչ ծավալներ կունենա: Ոչ մեկս չգիտենք, թե առաջիկա 1-2 ամսվա կտրվածքով կոնկրետ այս պանդեմիայի դեմ պայքարում ինչպիսի գերակայություններ կարող են փոխվել, բայց այն, որ այս խողովակը բացում է այս ուղղությամբ ամերիկյան աջակցության նոր տարածք, սա դրական է, որովհետև առաջիկայում կախված նրանից, թե ինչ կարիքներ կունենանք, ըստ այդմ նաև վստահ եմ, որ շարունակական աջակցություն ստանալու հնարավորություն կլինի», - նշեց Խառատյանը:

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդականը սա քաղաքական ուղերձ չի համարում, բայց կարծում է՝ աջակցություն ստացողների շարքում հայտնվել են այն երկրները, որտեղ Ամերիկան հետաքրքրություններ ունի։

«Շահարկումներ կային առ այն, որ հայ-ամերիկյան օրակարգում խնդիրներ կան, իբրև ամերիկյան կողմից չկա աջակցություն այս կառավարությանը, և նաև շահարկվում էր այն, որ օրինակ՝ այս տարի դեռևս միայն 16 միլիոն դոլար է հատկացվելու Հայաստանին: Ավանդաբար գործընթաց կա, այդ 16 միլիոնը դեռևս առաջարկվում է գործադիրի կողմից, սա գնում է ամերիկյան Կոնգրես, հետո Կոնգրեսում է քննարկվում և սովորաբար այնտեղ բավականին էական տարբերություն ենք տեսնում: Կոնկրետ այս աջակցության տեսանկյունից բացառապես Հայաստանը կարևորելու խնդիր չէ, որ կտեսնենք: Իհարկե, այո, տարածաշրջանային համատեքստում և ընդհանրապես ամերիկյան հետաքրքրությունների տարածքում Հայաստանը շարունակում է մնալ գերակա կարևոր երկրների շարքում: Սա կարող ենք ասել», - ընդգծեց Արսեն Խառատյանը:

Հայաստանի հարևանները ևս կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ամերիկյան օգնություն ստացողների շարքում են՝ Վրաստանին ճիշտ Հայաստանի չափ՝ 1,1 միլիոն կտրամադրվի, Ադրբեջանին՝ 1,7 միլիոն։ ԱՄՆ պետդեպարտամենտը շեշտել է՝ վերջին 20 տարիներին Հայաստանին տրամադրված ավելի քան 1,5 միլիարդ աջակցությունից 106 միլիոնը ուղղվել է առողջապահական ծրագրերին։

XS
SM
MD
LG