Մատչելիության հղումներ

«Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչքան է սա տևելու». ԿԲ նախկին նախագահը՝ տնտեսության վրա արտակարգ ռեժիմի ազդեցության մասին


Համաճարակային արտակարգ ռեժիմն ինչպե՞ս կանդրադառնա հայաստանյան տնտեսության վրա, և ի՞նչ քայլեր են հարկավոր բացասական հետևանքները հաղթահարելու համար: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Բագրատ Ասատրյան. – Սա դեռ սկիզբն է, և ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչքան է սա տևելու: Տեսեք, ընդամենը երկու շաբաթ է, որ էս կոշտ սահմանափակումները մտել են, որից շատ, այո, տուժում են հենց սպասարկման ոլորտը, մասնավորապես՝ տուրիստական բիզնեսը, և այլն, և այլն, բայց մենք գործ ունենք մի ուրիշ գործընթացի հետ ևս, որն է Ռուսաստանում տիրող իրավիճակը, և պայմանավորված նավթի գներով ևս, որը իր ազդեցությունը դեռ չի ունեցել Հայաստանի վրա:

Այսինքն, եթե լայն մտածենք, մենք պետք է դնենք մասնատենք, ասենք՝ էս համաճարակի և աշխարհում տեղի ունեցող, սրա հետ կապված և անկախ սրանից տեղի ունեցող գործընթացների արդյունքում ինչ կորուստներ, կամ ինչ ռիսկերի հետ կբախվի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Այստեղ շարքը ռիսկերի շատ ավելի մեծ է, շատ ավելի լայն է, մենք խոսում ենք առայժմ, տեսեք, վերջին շրջանում բուռն զարգացում ունեցող, ասենք, սպասարկման ոլորտի, մասնավորապես՝ զբոսաշրջությամբ պայմանավորված, բայց մենք պետք է մտածենք էսօր արդեն վերամշակող արդյունաբերության ապագայի, և այլն, և այլն, և այլն:

«Ազատություն». – Հիմա նաև մենք գիտենք, որ մեր տնտեսության կարևոր ճյուղերից է նաև հանքարդյունաբերությունը, մասնավորապես՝ պղնձի արտադրությունը, և գիտենք, որ համաշխարհային շուկայում պղնձի գները անկում են արձանագրել, այն էլ՝ շոշափելի, դա նույնպես իր հետևանքը կունենա, չէ՞: Մենք ընդհանրապես հիմա արտահանո՞ւմ ենք պղինձ:

Ասատրյան. – Այո, այո, անգամ անցած տարվա ընթացքում ծավալը պղնձի արտահանման կամ արտադրության շեշտակի ավելացել էր: Ուզում եմ հիշեցնել, որ անցած տարվա ընթացքում հանքարդյունաբերության աճի տեմպերը եղել են ավելի բարձր, քան արդյունաբերության աճի տեմպերը: Բայց, ամեն դեպքում, պղինձը, կամ, ասենք, պղնձի կամ այդ հումքի արտահանումը մի շատ կոնկրետ հատվածն է մեր տնտեսության, և հայտնի են դրա, էսպես, հետևանքները բացասական՝ շատ մեծ չեն: Ավելի մեծ են լինելու, իմ կարծիքով, այլ ոլորտներում՝ հենց, մասնավորապես, կոնկրետ վերամշակող արդյունաբերության մեջ սպասվող բացասական միտումները, որը նախ և առաջ պայմանավորված է մեր խոշոր գործընկեր, տնտեսական գործընկեր Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ:

Ես մի կոնկրետ գործոն կարող եմ բերել, որը, էսպես, որոշիչ, էական ազդեցություն է ունենալու: Տարեսկզբից, բազմաբնույթ այլ պատճառներով ևս, ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ արժեզրկվել է մոտավորապես 20 տոկոսով: Խնդրեմ, սրա հետևանքները, իհարկե, անհամեմատ ավելի լուրջ են լինելու՝ սա նշանակում է, որ մեր արտադրողները պետք է կարողանան էդ գնային տատանման մեջ, էդ 20 տոկոսի մեջ, 20 տոկոս ավելի ցածրի մեջ տեղավորվեն՝ թե՛ ի հաշիվ ինքնարժեքի նվազեցման և թե՛, ինչու չէ, այլ ու այլ փաստերի...

«Ազատություն».- Կներեք, ընդհատում եմ: Սա նշանակո՞ւմ է, որ Կենտրոնական բանկը պետք է միջամտի և ռուբլի գնի շուկայից:

Ասատրյան. – Չէ, մենք ռուբլու ճակատագրի վրա, իհարկե, չենք կարող ազդել, ճիշտ հակառակը՝ Կենտրոնական բանկը հնարավորինս պետք է չմիջամտի մեր ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքի վրա, և քանի որ կան որոշակի ճնշումներ դրամի վրա, ուղղակի պետք է, էսպես,համբերատար սպասի, տեսնի՝ ինչ է եղել, մանավանդ՝ էդ ճնշումները էական չեն:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 29-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG