Մատչելիության հղումներ

Գործող սահմանափակումները կերկարաձգվեն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում

Կառավարությունը ևս տասը օրով կերկարաձգի սահմանափակումները։ Պատճառը, ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, երկրում կորոնավիրուսի հաստատվեծ դեպքերի աճն է։

Վարչապետը քաղաքացիներին կոչ արեց շատ լուրջ վերաբերվել իրավիճակին․ - «Եթե մենք այս իրավիճակում արտակարգ միջոցներ չձեռնարկենք, կորոնավիրուսը կհասնի մեզ շատ արագ»։

Փաշինյանը շեշտեց, որ սահմանափակումները ոչ թե քաղաքական նպատակներով են արվում, այլ իրավիճակը կառավարելի պահելու, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Նա անդրադարձավ նաև կորոնավիրուսով հիվանդացած անձանց առողջությանը՝ ասելով, մասնավորապես, որ նրանց մեծամասնությունն անգամ ջերմություն չունի․ - «Շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, և այս պահին թոքաբորբով հիվանդ մեր քաղաքացիներից 30-ը գտնվում են ծանր վիճակում»։

Պարետ Տիգրան Ավինյանը Կառավարությունում ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ սահմանափակումներն ավելի են խստացվելու։ Նրա խոսքով, եթե Կառավարությունը որևէ սահմանափակում չմտցներ, մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում Հայաստանի բնակչության մոտ 89 տոկոսը վարակված կլիներ։

Ավինյանը նաև շեշտեց, որ Կառավարության բոլոր գործողությունները գիտական հենք ունեն։

Հարցին, թե երբ Հայաստանը կվերադառնա բնականոն կյանքին, պարետը պատասխանեց․ - «Փուլ առ փուլ հանելով բոլոր սահմանափակումները՝ մենք հույս ունենք, որ արդեն ապրիլի կեսերից - մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին՝ եթե շղթաների կանխարգելման և անձանց մեկուսացման աշխատանքները կարողանանք իդեալական իրականացնել»։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում նշել է, որ հաստատված նոր վարակակիրներից 23-ը գտնվել են մեկուսացման մեջ, 24-ը կապ ունեն հաստատված դեպքերի հետ, 3 անձանց շփման շրջանակը պարզվում է:

Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասան 532-ի, որից բուժվել է 31-ը, մահացել՝ 3-ը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ֆեյսբուքում գրել է, որ 150 անձ դուրս է եկել մեկուսացումից, նրանցից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիներն են։

Հայաստանում նախատեսում են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով, Կառավարությունն այս պահին հարցը քննարկում է գիտական ինստիտուտներից մեկի հետ․ - «Հենց հիմա, հենց էս փուլում փորձում ենք հասկանալ, թե ինչքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որոնք որ թեստերը իրենց ավտոմատացված ռեժիմով կիրականացնեն։ Այս փուլում մոտավորապես պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրությունը՝ եթե բոլոր պայմանները մենք կարողանանք ապահովել»։

Իսկ առաջիկա օրերին, ինչպես Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում հայտարարեց Առողջապահության նախարարը, Հայաստանի առողջապահական համակարգը համալրվելու է 100 շնչառական սարքով, 60 հազար թեստով ու այլ պարագաներով՝ դիմակներ, բժշկական հատուկ հագուստ, ակնոցներ և այլն:

XS
SM
MD
LG