Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին է անդրադարձել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ:

Զեկուցվել է, որ առաջիկա օրերին երկրի առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն:

Այնուհետև, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերին, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

Երեկ ժամը 11-ի դրությամբ հրապարակված տվյալներով՝ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի վարակի 482 դեպք, փաստացի բուժում է ստանում 449 մարդ. վարակակիրներից 30-ն ապաքինվել են, արձանագրվել է մահվան 3 դեպք:

XS
SM
MD
LG