Մեկ միլիարդ 300 միլիոն բնակչություն ունեցող Հնդկաստանում մարտի 25-ին հայտարարվել է 21-օրյա կարանտին:
Երկրի բոլոր նահանգներում իշխանությունները բնակիչներին կոչ են անում մնալ տներում: Կարգազանցներին ոստիկանները հենց փողոցներում մահակներով ծեծի են ենթարկում:
Բայց ի՞նչ անեն մարդիկ, ովքեր չունեն սենյակներ: Արևմտյան Բենգալիայի նահանգում Փուրուլիայի շրջան են վերադարձել մի քանի բնակիչներ, ովքեր մինչ այդ այցելել են Թամիլ Նադուի նահանգում գտնվող Չեննայ քաղաք: Բժիշկը պահանջել է, որ նրանք 14-օրյա ինքնամեկուսացման ենթարկվեն:
«Բժիշկը կարգադրեց տանը մնանք և սոցիալական հեռավորություն պահպանենք, բայց մենք մեր սենյակները չունենք, գյուղում որոշեցին, որ մենք, միևնույն է, պարտավոր ենք ինքնամեկուսացվել, հիմա մենք կամավոր մնում ենք այս ծառի վրա կամ դրա տակ, ամեն ինչ լավ է, մենք խնդիր չունենք», - ասել է ինքնամեկուսացվածներից Բիջոյ Սինգ Լայան:
Հնդկաստանը մոլորակի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է, համավարակի տարածումը երկրում կարող է հիրավի աղետալի հետևանքների հանգեցնել, դա է ստիպում ոստիկաններին ամենակոշտ միջոցները ձեռնարկել կարանտինը պահպանելու համար:
Հայտարարելով կարանտինի մասին՝ վարչապետ Նարենդրա Մոդին ընդգծել է, որ այն սահմանվում է երկիրը վարակից պաշտպանելու համար:
«Վաղվանից սահմանվում է տոտալ կարանտին, տոտալ, երեք շաբաթով, այն հայտարարվում է Հնդկաստանը, ձեզ և ձեր ընտանիքները փրկելու համար», - ասել է Մոդին մարտի 24-ին, երբ Հնդկաստանում վարակված էր մոտ կես հազար բնակիչ:
Մարտի 29-ի դրությամբ Հնդկաստանում ախտահարվածների թիվն անցել է հազարը, մահացել է մոտ 30 մարդ: