Մատչելիության հղումներ

Օպերային երգիչը կոչ է անում` «մնացեք տանը»


Դատարկ Փարիզը
Դատարկ Փարիզը

Ինչպես կորոնավիրուսից տառապող Իտալիայում, Իսպանիայում և եվրոպական այլ երկրներում՝ Ֆրանսիայում էլ վարակի տարածումը զսպող առավել արդյունավետ միջոցներից մեկը կարանտինն է:

«Մնացեք տներում, մի վտանգեք ոչ ձեր և ոչ էլ այլոց կյանքը, մնացեք տներում», - այս հորդորով են հանրությանը դիմում քաղաքական գործիչ և բժիշկ, ոստիկան և էստրադային երգիչ, ֆուտբոլիստ և կինոաստղ:

Արշավին միացել է նաև օպերային երգիչ Ստեֆան Սենեկալը, ով ամեն օր երեկոյան ժամը 7-ին բացում է իր բնակարանի պատուհանները և դասական արիաներ է կատարում թաղամասի բնակիչների համար:

«Այսպես ես նաև հարգանքի տուրք եմ մատուցում անգլալեզու իմ բարեկամներին, ովքեր տառապում են հիվանդանոցներում Ամերիկայում, Բրիտանիայում, այլ երկրներում և, իհարկե, այստեղ՝ մեր Ֆրանսիայում», - ասել է երգիչը:

43-ամյա տենորը դասական արիաներ է երգում մարտի 17-ից` այն բանից հետո, երբ Փարիզը հայտարարեց խստագույն կարանտին:

Սենեկալն իր հարևանին է խնդրել նկարահանել հոլովակ ու փոխանցել Reuters-ին:

Ահա երգչի առաքելությունը, նա ֆրանսերեն և անգլերեն է հնչեցնում ուղերձը:

«Իմ առաջին պատգամն է՝ մնացեք տներում, մնացեք տներում, այդպես անելով, դուք կօգնեք բժիշկներին, նրանց, ովքեր մեզ են խնամում, երկրորդ պատգամն էլ այն է, որ այսպես մենք նույնիսկ տանը գտնվելով, կարողանում ենք սատարել մեկս մյուսին, մեր համերաշխությունը հայտնել: Մենք կարող ենք շատ փոքրիկ, բայց օգտակար գործ անել, որովհետև հիմա ամբողջ աշխարհը, ամբողջ տիեզերքն է այս ողբերգական վիճակում», - նշել է նա:

Տենորի փոխանցմամբ, յուրաքանչյուր մարդ հիմա կարող է իր ձայնը կիսել ուրիշի հետ, նա երգիչ է, ուստի, կերգի, մեկ ուրիշն էլ մի այլ օգտակար և բարի բան կանի:

«Իսկ հիմա, խնդրում եմ՝ մնացեք տներում», - ասել է փարիզցի տենոր Ստեֆան Սենեկալը:

XS
SM
MD
LG