Մատչելիության հղումներ

Covid-19. Իսրայելում քաղաքական ճգնաժամին ավելանում են տնտեսական խնդիրները


Լուսանկարը` Իսրայելի շտապօգնության կայքից

Ուրբաթ օրը՝ մարտի 20-ին, Իսրայելում գրանցվեց կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը: Մեկ շաբաթ շարունակ բժիշկները Երուսաղեմի «Շաարեյ Ցեդեկ» հիվանդանոցում պայքարում էին 88-ամյա տղամարդու կյանքի համար:

Իսրայելում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց փետրվարի 21-ին, իսկ այսօր երկրում 1238 վարակված հիվանդ կա, որոնցից 24-ը ծանր վիճակում են, իսկ 37 հիվանդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

7 օր ժամկետով արտակարգ իրավիճակ է սահմանվել երկրում: Մարդիկ միայն կարող են գնալ աշխատանքի և գնումներ կատարել: Երկու մարդուց ավելի չի կարելի գտնվել մեկ մեքենայի մեջ: Իսրայելը խստացրել է կարանտինի կանոնները: Օմբուդսմենի թույլտվությամբ իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հետևում են բջջային հեռախոսների օգնությամբ բոլոր այն քաղաքացիների տեղաշարժին, որոնց մոտ կա՛մ ախտորոշվել է կորոնավիրուսը, կա՛մ էլ կարանտինի մեջ են գտնվում:

Մի քանի դեպքեր եղան, երբ նույն քաղաքացուն երկու անգամ բերման էին ենթարկել՝ տնից դուրս գալու պատճառով: Իսրայելում նման խախտումը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ: Փողոցները դատարկ են, մարդիկ իրավունք չունեն դուրս գալու փողոց: Ոստիկանության պարեկային խմբերը քաղաքապետարանի անվտանգության կազմավորված ջոկատների հետ պարեկային ծառայություններ են անցկացնում քաղաքներում: Երեկ տասնյակ ընտանիքներ են տուգանվել՝ փողոց դուրս գալու և զբոսնելու համար:

Երկրի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հիվանդները համարակալված են, այսպես` կայքում կարելի է գտնել, թե օրինակ` համար 810 հիվանդը որ ժամից որ ժամն ինչ խանութ է գնացել, նրա բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև բոլոր հիվանդների բացահայտված շփման շրջանակը, այսինքն` մարդիկ կարող են իրենց համար նաև որոշել, թե եղել են նույն օրը նույն վայրում, թե ոչ, ապա դիմել վիրուսի թեստ անցնելու համար:

Ուշագրավը, սակայն, այն է, որ համատարած ստուգում նախարարությունը չի կատարում: Թեստավորումը կատարվում է միայն լաբորատոր ճանապարհով, այլ ոչ թե արյան ստուգման վրա հիմնված արագ թեստերով: Կան հատուկ սարքեր, որոնք կարող են յուրաքանչյուրը 1500 լաբորատոր թեստ անցկացնել, և եթե նախկինում մինչև 48 ժամ էր անհրաժեշտ ճիշտ ախտորոշման համար, ապա այժմ Առողջապահության նախարարությունը հայտարարում է ժամանակի կրճատման ու մինչև 6 ժամ տևողությամբ արդյունքների ստացման մասին:

Իսրայելը կորոնավիրուսի դեմ պայքարի արագ ախտորոշման համար վերցրել է որոշ օրինակներ Հարավային Կորեայից: Երբ քաղաքացին զանգահարում է շտապօգնություն, պարտավոր է պատասխանել մի շարք հարցերի, և եթե հերթապահ բժիշկը գտնում է, որ հիվանդը պետք է ախտորոշվի, ապա նրա հեռախոսին ուղարկվում է հատուկ կոդ, ու այնուհետև նա Թել Ավիվում տեղակայված հատուկ ախտորոշման կետ է ժամանում մեքենայով: Հենց մեքենայում ստուգվում է նրա կոդը, չափվում է ջերմությունը, և նմուշներ հանձնելով` հենց մեքենայով էլ հեռանում է:

Այս նոր մեթոդների կիրառման ու թեստերի քանակն օրական մինչև 2000-ի հասցնելու պատճառով էլ հիվանդների թիվն ավելանում է ոչ թե տասնյակներով, այլ հարյուրներով: Մեկ օրվա ընթացքում միջինը 300 հիվանդով ավելանում է հիվանդների թիվը:

Չնայած այս ծանր իրավիճակին քաղաքական ճգնաժամը դեռ չի հանցուցալուծվել: Իսրայելի նախագահը հանձնարարել է ընդդիմադիր «Կախոլ լավան» կուսակցության ղեկավար Բենի Գանցին կառավարություն ձևավորել, ինչը այս ծանր պայմաններում չի հաջողվում: Քաղաքական այս ճգնաժամին ավելացավ նաև տնտեսականը: Կես միլիոն մարդ հաշվված օրերի ընթացքում գործազուրկ դարձավ, իսկ աշխատանքի ու զբաղվածության կենտրոնները չեն կարողանում կառավարել իրավիճակն ու ժամանակին գրանցել բոլոր գործազուրկներին նույնիսկ համացանցի միջոցով: Ըստ նախնական տվյալների` մինչև մարտի վերջ գործազուրկների թիվը կհասնի 1,5 մլն մարդու:

Խստացած կարանտինի պարագայում տուժում է նաև երուսաղեմահայությունը, որի եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջություն էր, իսկ արդեն երկու շաբաթ է, ինչ բացի Իսրայելի քաղաքացիներից, երկիրն այլ երկրի քաղաքացի չի ընդունում: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրավիճակը հանգիստ է, ինչ վերաբերում է մարդաշատ պատարագների անցկացմանը, ապա տեղեկացրեց, որ հետևում են կառավարության բոլոր ցուցումներին: Պատրիարքարանը սահմանափակել է նաև մարդկանց տեղաշարժը համայնքի ներսում և կոչ է անում չխախտել վանական իշխանության և կառավարության հրահանգները:

Երկրի հյուսիսի ու Հայֆայի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանն էլ «Ազատությանը» հայտնեց, որ Երուսաղեմի պատրիարաքարանի լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի թույլտվությամբ սկսել է ժամերգություններն անցկացնել եկեցեղում՝ համացանցի միջոցով հաղորդակցվելով հայ հավատացյալների հետ:

«Որոշեցի, որ միայնակ կատարեմ ժամերգությունները, որովհետև միայնակ պատարգ չեմ կարող անել, սարկավագ է պետք, երգչախումբ է պետք, և հայտարարեցինք մեր Հայֆայի համայնքի անդամներին, որ իրենք իրենց տներում հետևեն և աղոթեն և այդ ձևով գոնե այս ժամանակաշրջանում չկտրվեն աղոթքից», - ասաց նա` հավելելով, որ սոցիալական ցանցերի միջոցով անընդհատ կապի մեջ են տանը գտնվող ու ռիսկային տարիքում հայտնված տարեցների հետ ու օգնում են նրանց. - «Մենք ունենք տարեցներ, թոշակառուներ, որոնք միայնակ են ապրում, սակայն, բարեբախտաբար, չենք թողնում, որպեսզի իրենք կարիքի մեջ մնան, այսինքն` եթե օգնության կարիք ունեն, պարբերաբար կապնվում ենք իրենց հետ, հարցնում ենք, եթե պետք է, իրենց տանում ենք խանութ և գնումներ ենք կատարում, կամ մենք գնումները կատարում, բերում ենք իրենց: Խնդիր չունենք, ոչ մի տարեց Հայֆայում իրեն միայնակ չի զգում այդ առումով»:

Հոգևորականի խոսքով` հիմնական խնդիրներից է դիմակների բացակայությունը. - «Մեկ ամիս առաջ, երբ ես դիմակներ էի առնում ոչ մեծ քանակով, շատերը ծիծաղում էին ինձ վրա, ասում էին` այդպիսի բան հնարավոր չի, սա Իսրայելն է և այլն: Նույնիսկ ես անձամբ, չգիտեմ, երևի կանխազգացել էի, դեղատան վաճառողուհուն ասացի, որ սա վերջանալու է շուտով, նրանք նույնպես ծիծաղեցին: Ես ապահովել եմ իմ ընտանիքի համար, նույնիսկ Երևան հարազատներիս եմ ուղարկել, վերջին թռիչքով հասցրել եմ ու դիմակ եմ ուղարկել Հայաստան»:

Դիմակներ գտնել գրեթե անհնար է նաև Հայֆայում, երկրի կենտրոնում միկ ֆիլտր ունեցող դիմակը վաճառում են մինչև 50- 60 ԱՄՆ դոլարին համարժեք շեկելով: Օրեր առաջ Իսրայելի 12-րդ ալիքով ցուցադրված հաղորդման ժամանակ տարբեր հիվանդանոցների բժիշկներ հաղորդում էին, որ դիմակների ու ախտորոշիչ նյութերի ոչ բավարար քանակության պատճառով տասնյակ բժիշկներ կա՛մ վարակվել են, կա՛մ գտնվում են կարանտինի մեջ: Հայֆայի հոգևոր հովվի կարծիքով` մարդկանց տուն ուղարկելու առաջին շաբաթն իրոք խուճապային իրավիճակ էր քաղաքում, որն արդեն հաղթահարվել է. - «Գնումների խուճապ կար, ես անձամբ եմ տեսել դա, մոտ 30-40 հոգանոց հերթ, այդ աստիճան, բայց այս վերջին շաբաթում արդեն շատ թեթևացել է, խանութները լիքն են ապրանքով և այդքան գնումներ անողներ չկան, որովհետև հետո հասկացան, որ այդ ապրանքները չեն վերջանալու, ընդհակառակը` հիմա նոր ավելի էժանացումներ են լինում:

Ես հիացած եմ ուղղակի Հայաստանով` կորոնավիրուսի հետ կապված, բոլորից առաջ, Իսրայելից առաջ արտակարգ դրություն են հայտնել, որպեսզի կանխեն այդ համավարակը և պակաս վնասով դուրս գան այդ իրավիճակից, և կմաղթեմ մնացած մեր հայրենակիցներին` ուր էլ, որ նրանք ապրում են, որ զգույշ լինեն»:

XS
SM
MD
LG