Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աստղերը միանում են կորոնավիրուսի դեմ պայքարին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Ռոբերտ Լևանդովսկին և տասնյակ աշխարհահռչակ ատղեր մեծ գումարներ են հատկացնում նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:

Ֆուտբոլի համաշխարհային կյանքը կարգավորող միջազգային կառույցը՝ ՖԻՖԱ-ն իր աջակցությունն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Մեսսին, ԱՄՆ ֆուտբոլի կանանց հավաքականի աստղ Քարլի Լոյդը և մի քանի տասնյակ կուռքեր ԱՀԿ-ի խնդրանքով տեսագրել են կարճ հոլովակներ, մարդկանց հորդորելով լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորության կանոնը:

ՖԻՖԱ-ն 10-ը միլիոն դոլար է փոխանցում ԱՀԿ-ին COVID-19 հիվանդության դեմ հետազոտությունների և անհրաժեշտ պարագաներ գնելու համար:

ՖԻՖԱ-ն հոլովակի վերնագրի համար կիրառել է սոսկ ֆուտբոլային եզրույթ. «Կորոնավիրուսին հաղթելու համար պաս տուր այս պատգամը»:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն ասել է, որ այս արշավին են միացել ոչ միայն արդիական ֆուտբոլի գերաստղերը, այլև կազմակերպության բոլոր 211 անդամ պետությունների ազգային ֆեդերացիաները:

«Մենք պետք է այս պատգամը փոխանցենք բոլորին և հայտնենք, որ ֆուտբոլն էլ է ուզում օգնել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին: Մենք պաս կտանք այս մեսիջը, մենք մի լավ աքացի կտանք այս վիրուսին», - ասել է Ինֆանտինոն:

ՖԻՖԱ-ի նախագահը, մարզիչներ Արսեն Վենգերը, Ժորժե Մոուրինյոն և հայտնի այլ մարզիչներ, ֆուտբոլիստներ հանրությանը հորդորում են լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը, խուճապի չմատնվել, հետևել առողջությանը:

Սուպերաստղերը հենց իրենց անձնական միջոցներն են տրամադրում:

«Բարսելոնա»-ի լիդեր Լիոնել Մեսսին և այդ թիմի նախկին պաշտպան, մարզիչ, ներկայում Manchester City-ի մարզիչ Պդեպ Գվարդիոլան մեկական միլիոն եվրո են հատկացնում կորոնավիրուսի դեմ մահուկենաց կռվին: Մեսսիի տրամադրած գումարի կեսը կտրվի Բարսելոնայի հիվանդանոցին, կեսն էլ Արգենտինայի հիվանդանոցներից մեկին:

«Շնորհակալ եմ, Լեո, շնորհակալ եմ քո աջակցության համար», - Թվիթերում գրել է Բարսելոնայի հոսպիտալի ղեկավարը:

Գվարդիոլայի գումարն էլ փոխանվցում է Բարսելոնայի բժշկական քոլեջին: Այդ գումարով, մասնավորապես, բժշկական քոլեջը կգնի Թրի Դի պրինտերներ ռեսպիրատորներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքեր պատրաստելու համար:

Իսպանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է, Բարսելոնայի այն թաղամասը, որտեղ ժամանակին բնակվել է Գվարդիոլան և այսօր ապրում է Մեսսին՝ չափազանց ծանր վիճակում է:

Կորոնավիրուսի դեմ պայքարին, բնականաբար, մասնակցում է նաև Մեսսիի հավերժ մրցակիցը՝ ֆուտբոլի մյուս հանճարն, իր բարեգործական առաքելությամբ վաղուց հայտնի Կրիշտիանու Ռոնալդուն: Նա իր մենեջերի Ժորժե Մեդնեսի հետ մեկ միլիոն եվրո է տալիս Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի հիվանդանոցում հիվանդանոցում 10-ը մահճակալ սպասարկելու, այդ թվում՝ թոքերի արհեստական օդափոխության թանկ սարքերով սրտի աշխատանքի մոնիտորներով և այլ պարագաներով ապահովելու համար: Իսկ Պորտու քաղաքում էլ Սան Անտոնիո հիվանդանոցը կստանա վերակենդանացման բաժանմունքի վերը նշված անհրաժեշտ սարքավորումներով ապահովված 15 մահճակալ:

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը նվիրում է 365 հազար ռեսպիրատոնրներ, COVID-19 հիվանդության արագ ախտորոշման 15 հազար փաթեթներ և հազար միավոր պաշտպանիչ այլ պարագաներ:

Մյունխենի Բավարիայի և Լեհաստանի հավաքականի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին իր կնոջ՝ Աննայի հետ որոշել են մեկ միլիոն եվրո հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Մենք բոլորս հիմա մեկ թիմում ենք, այս բարդ վիճակից միասին ենք դուրս գալու, մենք պետք է հզոր լինենք և միասնական, կատարենք պատկան մարմինների և մասնագետների պահանջները, եղեք պատասխանատու և խոհեմ, մենք կհաղթահարենք միասին, և բնականոն կյանքը կվերականգմվի», - հայտարարել են տեր և տիկին Լևանդովսկիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG