Մատչելիության հղումներ

Վրաստանի ուղղափառ եկեղեցին չի կատարում արտակարգ դրության պահանջները. ծեսերը շարունակվում են


Թբիլիսիում գտնվող եկեղեցում պատարագ է անցկացվում, 22-ը մարտի, 2020թ.

Վրաստանի ուղղափառ եկեղեցին համառորեն հրաժարվում է իրականացնել պահանջները, որոնք պարտադրում է երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը:

Շաբաթ օրվանից երկրում փակ են բոլոր ռեստորանները, խոշոր առևտրային կենտրոնները, կրթական հաստատությունները, ժամանցի վայրերը, արգելվում են նաև տասը հոգուց ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները, բնակիչներին հանձնարարվել է փողոց դուրս գալ բացառապես խանութ կամ դեղատուն գնալու նպատակով:

Վրաստանի ուղղափառ եկեղեցին, սակայն, չի պատրաստվում մասնակցել կարանտինային միջոցառումներին՝ շարունակելով ծիսակատարությունները: Վրաց հոգևորականները հավաստիացնում են՝ Աստծո տանը հավատացյալները մտահոգվելու կարիք չունեն: Անցած կիրակի՝ արտակարգ ռեժիմի սահմանումից մեկ օր անց, Թբիլիսիի գլխավոր տաճարը սովորականի պես իր դռներն է բացել, և մարդկանց հոծ խմբի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագ է մատուցվել: Անգամ ոստիկանների տևական բացատրություններից հետո էլ եկեղեցականները շարունակել են արարողակարգը, իրավապահները տաճարը լքել են առանց կարգազանցների նկատմամբ որևէ քայլ ձեռնարկելու, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը:

Առանցքային, այսպես կոչված, «գայթակղության քարը» եկեղեցում օգտագործվող ընդհանուր գդալներն են, որոնցով ծիսակատարության ժամանակ հավատացյալներին սուրբ հաղորդություն են բաժանում: Եկեղեցու ներկայացուցիչները, ի պատասխան համաճարակաբանների պնդումների, վստահեցնում են, որ սուրբ գինին և հացը չեն կարող մարդկանց հիվանդություն բերել:

Բացի այդ, բարձրաստիճան հոգևորականները բաց տեքստով հայտարարում են՝ պետությունը որևէ իրավունք չունի խառնվելու հոգևոր գործերին: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է եպիսկոպոս Յակովը` պնդելով, որ չեն պատրաստվում եկեղեցու դռները փակել հոգևոր հոտի առաջ:

«Ինչպե՞ս մենք պետք է դադարեցնենք. մարդիկ գալիս են, մենք ոստիկա՞ն պետք է կանչենք: Ահա, եկել են, ինչպես եկել են, այնպես էլ գնացել են. նրանց գործը չէ: Եթե մարդիկ գալիս են աղոթելու, թող գան: Պետությունը չի կարող որևէ ձևով վերահսկել: Ես ինչպե՞ս կարող եմ Աստծո բերած մարդկանց ասել` գնացեք տուն», - ասել է նա:

Մեկ այլ հոգևորական՝ եպիսկոպոս Գրիգոլը, այլ տարբերակ է առաջարկում՝ անձամբ այցելել հոգևոր քույրերին և եղբայրներին` տներում սուրբ հաղորդություն մատուցել:

«Կապ հաստատեք մեզ հետ, ցուցակներ կազմեք, մենք կգանք ձեր տուն», - հայտարարել է վրաց հոգևորականը:

Վրաստանի ամենակարող եկեղեցու դիրքորոշումը իշխանությունները խուսափում են մեկնաբանել՝ բավարարվելով միայն ընդհանուր հայտարարություններով: Կարգազանցների նկատմամբ հստակ քայլերի մասին Վրաստանի իշխանական վերնախավը լուռ է:

«Մարդկանց հավաքները վտանգավոր են, ինչից պետք է խուսափենք բոլորս: Մենք պետք է հեռավորություն պահպանենք, որպեսզի վտանգի չենթարկենք մեզ և մյուսներին. կորոնավիրուսը հավասարաչափ սպառնալիք է բոլորի համար»,- ասել է առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Խունդաձեն: Սակայն, ինչպես նկատել է ընդդիմադիր առաջնորդ Գեորգի Վաշաձեն, իշխանությունների, այդ թվում` վարչապետի կողմից հստակ հայտարարված տասը հոգու մասնակցությամբ հավաքների արգելքի մասին կետը տեղ չի գտել արտակարգ ռեժիմ սահմանելու մասին պաշտոնական փաստաթղթում:

Մինչ այդ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73-ի, մեկուսացված է ավելի քան 4 հազար մարդ, ստացիոնար վերահսկողության տակ է գտնվում 252 հոգի, ևս 10-ն ապաքինվել են:

XS
SM
MD
LG