Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը հասավ Վրաստան՝ Ադրբեջանի տարածքով. Թբիլիսին փակում է սահմանը


Վրաստան - Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարում է երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին, Թբիլիսի, 26-ը փետրվարի, 2020թ.
Վրաստան - Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարում է երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին, Թբիլիսի, 26-ը փետրվարի, 2020թ.

Վրաստանը երկու շաբաթով փակում է Ադրբեջանի հետ սահմանը: Այս որոշումը կայացվեց երեկ ուշ երեկոյան, երբ հայտնի դարձավ Վրաստանի տարածքում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման մասին:

Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ երկրի տարածքում կորոնավիրուսի վարակակրի առկայության մասին հայտարարեց առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն` նշելով, որ 50-ամյա հիվանդը մուտք է գործել Ադրբեջանի տարածքից:

«Մի քանի րոպե առաջ Լուգարի լաբորատորիայից մեզ տեղեկացրեցին, որ հաստատվել է Վրաստանի տարածքում կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակակիրը Վրաստանի քաղաքացի է: Նա երկիր է ժամանել Իրանից` Ադրբեջանի տարածքով: Վարակակրին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդու մոտ առողջական խնդիրների առկայությունը հայտնաբերել են Վրաստանի սահմանապահ զորքերի ծառայողները, որոնք զինված են բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով», - երեկ ուշ երեկոյան հայտարարում էր Վրաստանի առողջապահության նախարարը:

Վրացական աղբյուրների համաձայն՝ կորոնավիրուսով վարակված անձը Ադրբեջանից Վրաստան է մուտք գործել երթուղայինով, որի 12 ուղևորներն այժմ մեկուսացված են, թեև նրանց մոտ կորոնավիրուսի ախտանիշեր չեն հայտնաբերվել:

Այսօր Թբիլիսիում հնչող գլխավոր հարցերից մեկը, սակայն, հետևյալն է` ինչպե՞ս են ադրբեջանական իշխանությունները թույլ տվել, որպեսզի կորոնավիրուսի ախտանիշեր ունեցող մարդը հատի Իրանի հետ սահմանը, մուտք գործի երկրի տարածք և անցնելով Ադրբեջանի ողջ տարածքով՝ հասնի Վրաստանի հետ սահման:

Պաշտոնական Բաքուն, այդուհանդերձ, պնդում է, որ որևէ սխալ թույլ չի տվել: Այդ մասին ադրբեջանական Real TV հեռուստաընկերության եթերում հայտարարեց Ադրբեջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Փարվիզ Աբուբեքիրովը:

«Հետաքննության ընթացքում մենք ուսումնասիրել ենք [Իրանի հետ սահմանին գտնվող] Աստարայի անցակետում արված տեսագրություններ, պարզելով, որ Վրաստանի այդ քաղաքացին Ադրբեջան մուտք գործելու ընթացքում բարձր ջերմություն չուներ: Հնարավոր է, որ հիվանդության ախտանիշերը նրա մոտ ի հայտ են եկել հետագա 10-12 ժամերին, երբ նա գտնվում էր Վրաստանի ճանապարհին: Պետք չէ մոռանալ, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը 14 օր է», - նշում էր Ադրբեջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Թբիլիսիում, ի դեպ, որոշակի տարակուսանք է առկա նաև կորոնավիրուսի հնարավոր վարակակիրների կարանտինի կազմակերպման հետ կապված: Հարցերը ծագեցին երեկ երեկոյան մի շարք ալիքներով հեռարձակված տեսանյութից հետո: Թբիլիսիիի ինֆեկցիան հիվանդանոցի մոտ հայտնված լրագրողներին առանց որևէ խնդրի կարողացել էին հարցազրույց վերցնել կարանտինում գտնվող օտարերկրացիներից մեկից, որն, ի դեպ, առանց պաշտպանիչ դիմակի էր: Հարցազրույցը, սակայն, ընդամենը մի քանի րոպե տևեց: Հիվանդանոցի աշխատակիցները, որոնցից մեկը՝ ևս առանց դիմակի, օտարերկրացուն կոպտորեն, գրեթե քարշ տալով ներս տարան:

Այս ամենի ֆոնին Վրաստանի իշխանությունները կոչ են անում երկրի քաղաքացիներին խուճապի չմատնվել` նշելով, որ արվում է ամեն ինչ կորոնավիրուսի համաճարակից խուսափելու համար:

Այս կոչերը, սակայն, առայժմ տեղ չեն հասնում. վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թբիլիսիի դեղատներում պաշտպանիչ բժշկական դիմակ գնելը գործնականում անհնարին էր:

XS
SM
MD
LG