Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը


Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Այս մասին հայտնում է gov.am կայքէջը:

Հաղորդագրությունում նշված է, որ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում, մասնավորապես, ասել է. «Բոլորդ տեղյակ եք, որ արդեն իսկ նոր սահմանափակումներ են ներդրվել ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության տարբեր տեսակների, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի նկատմամբ: Ըստ այդ որոշումների տնից դուրս գալիս մարդիկ պետք է լրացնեն և իրենց հետ ունենան մի թերթիկ, որը կարող են ձեռագիր լրացնել, որտեղ գրված կլինեն տվյալները թե որտեղից է դուրս գալիս մարդը, ուր է գնում, երբ է դուրս գալիս, երբ է վերադառնալու: Եվ, անպայման, կրեն իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ, որովհետև այսօրվանից ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են նույն որոշմամբ: Այն է՝ եթե նրանք գնում են աշխատանքի՝ եթե իրենց աշխատանքի տեսակը արգելված չէ, եթե գնում են խանութ, եթե գնում են դեղատուն, եթե գնում են անձի մոտ, ով խնամքի կարիք ունի: Շատ կարևոր է, որ այդ տեղեկատվությունը թերթիկի վրա լրացված լինի և նույնականացման քարտը կամ անձնագիր լինի անձի մոտ, քանի որ այլ պարագայում ինքնամեկուսացման ռեժիմի խախտումը արդեն իսկ տուգանվում է Վարչական օրենսգրքով»:

Ավինյանը քաղաքացիների կոչ է արել անպայման հետևել սահմանափակումներին, լուրջ վերաբերվել այս իրավիճակին և «տալ ժամանակ որպեսզի մենք ունենանք հնարավորություն արդիականացնելու մեր գործիքակազմը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար»:

Նա նշել է, որ այսօր միգուցե որոշ հավելյալ խստացումներ նույնպես քննարկվեն մինչև մարտի 31-ը: «Արդեն իսկ գործում է սահմանափակումը, որ մարդատար ավտոմեքենաներում երկու անձից ավել չեն կարող տեղափոխվել և պետք է խնդրեմ, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունը խստորեն հետևի այս որոշմանը: Մենք մինչև մարտի 31-ը հնարավորինս պետք է փորձենք նվազեցնել մարդկանց տեղաշարժը և շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել այդ շղթաները և այդ շղթաներով կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի նաև կարողանանք արդյունավետ պայքարել դրա հետագա տարածման դեմ», - ասել էՏիգրոն Ավինյանը:

Նիստի մասնակիցները անդրադարձել են կիրառվող սահմանափակումների վերահսկողության մեխանիզմներին, մթերային խանութներում և սուպերմարկետներում կուտակումներից խուսափելուն վերաբերող հարցերի:

XS
SM
MD
LG