Մատչելիության հղումներ

Քաղաքացիները կարող են տանից դուրս գալ միայն ձևաթղթի առկայության դեպքում


Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան, 24-ը մարտի, 2020թ.
Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան, 24-ը մարտի, 2020թ.

Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 24-ին` ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը` 23:59-ը, սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:

Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ:

Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը հրավիրված ասուլիսին տեղեկացրեց` թերթիկը տպած կարգավիճակում ունենալը պարտադիր չէ. - «Անպայման պետք է սահմանվի անձի անուն-ազգանունը, ելքի ժամը, հասցեն, որտեղից մարդը դուրս է գալիս` բնակության կամ գտնվելու վայրի, այցելության հասցեն, որտեղ է դուրս գալիս, նաև պետք է նշվի ժամը, երբ է դուրս գալու և երբ է վերադառնալու: Այս թերթիկը յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա: Թե ինչպես կիրականացվի, որտեղ կտեղակայվեն համապատասան հսկող մեքենաները, շրջիկ խմբեր կլինեն, ոստիկանապետը կորոշի, այդուհանդերձ ոստիկանությունն իրավասու է մոտենալ, քաղաքացիներից պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, համապատասխան արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկ, անհրաժեշտության դեպքում կարող է քաղաքացուն էլ հորդորել վերադառնալ տուն, վերադառնալ մշտական բնակության վայր կամ կիրառել համապատասխան պատասխանատվության միջոցներ, որոնք օրենքով արդեն իսկ սահմանված են: Ոստիկանությունն է ամբողջ հսկողությունը իրականացնելու», - մանրամասնեց Քրմոյանը:

Բոլոր քաղաքացիների մոտ պարտադիր է նաև անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը: Հանրային տրանսպորտը կշարունակի գործել նույն գրաֆիկով. - «Չեմ կարծում, որ մեր քաղաքացիներն աչալուրջ չեն լինի և չեն ենթարկվի, բայց ոստիկանությունն ունի բավականաչափ մեծ գործիքակազմ ներգործության միջոցների, որը կարող է կիրառվել այս դեպքում: Նաև տեղեկացնեմ, որ ուժի մեջ են մտել Ազգային ժողովի կողմից ընդունված վարչական և քրեական օրենսգրքերում փոփոխությունները, մասնավորապես առնվազն բացի այլ ներգործության միջոցներից, մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված է առնվազն վարչական պատասխանատվություն` 100 հազարից 200 հազար դրամի չափով, իսկ եթե այդ խախտման հետևանքով տեղի է ունեցել նաև այլ անձի վարակում, կարող է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության հարց քննարկվել:

Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն աչալուրջ կգտնվեն և այս կանոնները չեն խախտի: Եվ ուզում եմ օգտվելով առիթից նաև ներկայացնել, որ այս սահմանափակումները որևէ կերպ չեն վերաբերելու այն թույլատրված խմբերին, որոնք սահմանված են փոխվարչապետի որոշմամբ` մեր բուժաշխատողները, մեր ոստիկանները, մեր ԱԻՆ աշխատակիցները, ինչու չէ նաև սննդի արտադրությամբ զբաղված, բոլոր թույլատրված գործունեության տեսակներով զբաղվող անձինք համապատասխան ստուգման առկայության դեպքում ազատ տեղաշարժվելու են իրենց աշխատանքի վայր», - ասաց նա:

Արտակարգ դրության օրերին պարետի որոշմամբ սահմանափակվել է հանրային ծառայության գործունեությունը, չեն աշխատելու նաև պետական մարմինների սպասարկման գրասենյակները, քաղաքացիներն անհետաձգելի խնդիրներ ունենալու դեպքում կարող են դիմել նախարարությունների ֆեյսբուքյան էջերին, ինչպես նաև զանգել թեժ գծերին:

XS
SM
MD
LG