Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վարակակիրների թիվը հասել է 495-ի, շուրջ 93 հազարը հսկողության տակ են


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շրջայց է կատարում ինֆեկցիոն հիվանդանոցում, 24-ը մարտի, 2020թ.

Պաշտոնական տվյալներով` այսօր Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 495-ի, շուրջ 93 հազար մարդ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:

Վարակի տարածման էպիկենտրոնը Ռուսաստանում Մոսկվան է, մեկ օրվա ընթացքում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուս է հայտնաբերվել 28 մոսկվացիների մոտ: Ընդհանուր առմամբ Մոսկվայում այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է գրեթե 300-ի: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու դինամիկան բավականին բարձր է:

«Այս պահին կարող է վարակվել մինչև 500 մարդ», - ասել է նա` հավելելով, թե Մոսկվայում տարեց մարդկանց նկատմամբ սահմանված տանը մնալու պահանջը պետք է տարածելու կորոնավիրուսով հիվանդության բարձր դինամիկայով այլ տարածաշրջանների վրա, քանի որ շրջաններում վարակվածների թվի իրական պատկերը ոչ ոք չգիտի:

«Սա լուրջ պատմություն է», - ասել է Սոբյանինը առողջապահության հարցերով խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով` մայրաքաղաքում վարակակիրներից 8-ը միջին ծանրության են, ևս 2 հիվանդ ծանր վիճակում է: Այսօր լրատվամիջոցները նաև տեղեկություն էին տարածել, որ Կոմունարկա շրջանի ինֆեկցիոն հատուկ հիվանդանոցում կորոնավիրուսից 69-ամյա կին է մահացել, սակայն Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հետո հերքել էր այդ տեղեկությունը` ասելով, թե կինը մահացել է այլ հիվանդությունից, իսկ այդ հիվանդանոցում էր, քանի որ շփվել էր արտասահմանից նոր վերադարձած դստեր հետ:

Սա նման արդեն երկրորդ դեպքն է Մոսկվայում, երբ լրատվամիջոցները տեղեկություն են տարածում կորոնավիրուսի պատճառով արձանագրված մահվան դեպքի մասին, իսկ իշխանությունները հետո սա հերքում են:

Իսկ օրվա վիդեոն Պուտինի այցն էր Կոմունարկա շրջանում գտնվող ինֆեկցիոն հիվանդանոց. հոլիվուդյան ֆիլմերի հերոսների պես նա հագել էր հատուկ զգեստ վարակից պաշտպանվելու համար: Հիվանդանոցի աշխատակիցների կատարած աշխատանքից Պուտինը գոհ է մնացել. - «Ժամացույցի պես եք աշխատում»:

Ռուսաստանում արտակարգ դրություն, հիշեցնենք, չի հայտարարվել, պաշտոնապես չի չեղարկվել կամ հետաձգվել ապրիլի 22-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն, սակայն գոնե վերջին օրերին իշխանությունները սկսել են հայատարարել, որ երկրում վարակի լայնածավալ տարածման լուրջ վտանգ կա:

Հավելենք, որ երեկ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան Առաջին հեռուստաընկերության մեկնաբան Վլադիմիր Պոզների հարցերին պատասխանելիս հավաստիացրել էր, թե երկիրը կորոնավիրուսի հետ կապված տվյալներ չի թաքցնում, իսկ մյուս երկրների համեմատ համեստ տվյալներն էլ պարզապես «լավ և ժամանակին կազմակերպված» կանխարգելիչ աշխատանքների արդյունքն են:

XS
SM
MD
LG