Մատչելիության հղումներ

ՌԴ-ում վարակին հակազդելու աշխատանքային խումբ է ստեղծվել. հանրաքվեն չեղարկելու մասին չի խոսվում


Ռուսաստան-Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ուղևորները պարտադիր ստուգում են անցնում` կորոնավիրուսի ախտորոշման համար, 7 մարտի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով երեկ` մարտի 15-ին, ստեղծվել է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու պետական խորհրդի աշխատանքային խումբ, որի ղեկավարումը ստանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Խմբի կազմում են ընդգրկվել նաև առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, փոխվարչապետներ Տատյանա Գոլիկովան, Դմիտրի Չերնիշենկոն, մի շարք նախարարներ և այլ գերատեսչությունների ղեկավարներ: Մարզային ղեկավարներին, որոնց տարածքում կորոնավիրուսի սպառնալիքներ են հայտնաբերվել, Պուտինը հանձնարարել է մասնակցել նոր աշխատանքային խմբի գործունեությանը:

Երեկվա տվյալներով` Ռուսաստանում գրանցվել է վարակի 63 դեպք, այդ թվում` 33-ը Մոսկվայում: Ի դեպ, այստեղ վարակվածների շարքում են նաև անչափահաս երեխաներ: Բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և մի շարք այլ տարածաշրջաններում, օրինակ` Մոսկվայի և Լենինգրադի մարզում, ինչպես նաև Չինաստանին սահմանակից Խաբարովսկի երկրամասում: Սա սահմանում է օրինակ` զանգվածային միջոցառումների սահմանափակումներ, ինչպես նաև կարանտինային ռեժիմ:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի իշխանությունները մինչ այսօր չեն խոսում ո՛չ արտակարգ դրության մասին, ո՛չ էլ ապրիլի 22-ին կայանալիք Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեն չեղարկելու մասին: Ի դեպ, Մոսկվայի դպրոցները փակ չեն, իշխանությունները պարզապես հայտարարել են, որ ծնողները պետք է որոշեն իրենց երեխաներին ուղարկել դպրոց, թե ոչ, այսինքն` ազատ հաճախում է: Բաց են նաև առևտրի կենտրոնները, սրճարանները, ռեստորանները:

Ռուսաստանի անկախ մեկնաբանները համացանցում գրում են, որ իշխանությունները կորոնավիրուսով վարակվածների մասին ճշգրիտ տվյալներ չեն հայտնում և չեն էլ հայտնելու: Քաղաքագետ Վիկտոր Շենդերովիչը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոկում մասնավորապես գրել է. - «Իրական վիճակագրություն, ինչպես դա տեղի է ունենում այլ երկրներում: Կրեմլը հնչեցնելու է այն տվյալները, որոնք Կրեմլին ձեռնտու են լինելու: Կրեմլն է որոշելու փակել երկիրը, թե հանրաքվե անցկացնել և այս նպատակից էլ ելնելով` հրապարակելու է իրեն հարմար տվյալներ վարակվածների մասին»:

XS
SM
MD
LG