Մատչելիության հղումներ

Ռուսաստանը փակում է սահմանները, բայց արտակարգ դրություն չի հայտարարում


Ռուսաստան - Ախտահանման աշխատանքներ Մոսկվայի մետրոպոլիտենում, 16-ը մարտի, 2020թ.

Ռուսաստանի իշխանությունները ոչ երկրում, ոչ էլ առանձին շրջաններում արտակարգ դրություն չեն հայտարարել։ Երեկ, սակայն, Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Կրեմլում քննարկում են ապրիլի 22-ին Սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը մինչև հունիս հետաձգելու հնարավորությունը:

Այս պահին, այնուհանդերձ, Ռուսաստանում գործում են դպրոցները, ռեստորանները, թանգարանները: Բայց փակ են Ռուսաստանի սահմանները, օրինակ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը երեկ հայտարարել է Բելառուսի հետ սահմանը փակելու մասին՝ առաջացնելով այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սուր արձագանքը։

Ռուսաստանում, այս պահի տվյալներով, կորոնավիրուսով վարակվելու գրանցված դեպքերի թիվը հասել է 93-ի, որոնցից 86-ը բերովի են, հայտարարել է օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան։ Վարակվածներից 53-ը Մոսկվայի բնակիչներ են, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաներ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր հրամանագրով արգելել է բացօթյա բոլոր զանգվածային միջոցառումները և սենյակներում ավելի քան 50 մարդու մասնակցությամբ հավաքները: Դպրոցներն անցել են ազատ ռեժիմի մինչև մարտի 22-ը, իսկ 22-ից մինչև ապրիլի 12-ը դպրոցներն ու բոլոր կրթական հաստատությունները քաղաքում փակ են լինելու։

Մոսկվայի Մեծ և այլ թատրոնները չեղյալ են հայտարարում ներկայացումները՝ սկսած մարտի 17-ից։ Կինոթատրոնները հրաժարվում են դադարեցնել աշխատանքը, սակայն հայտարարում են, որ դահլիճներ թույլ կտան մտնել միաժամանակ ոչ ավելի, քան 50 հանդիսատեսի:

Ֆուտբոլային ակումբներից մի քանիսն այսօր չեղյալ են հայտարարել տնային խաղերը, խաղերի դադարեցման մասին հայտարարել է նաև Հոկեյի մայրցամաքային լիգան:

Կան նաև անհեթեթ արգելքներ, օրինակ՝ թանգարանները բաց են, բայց արգելված է արտասահմանցիների մուտքը:

Գործում է նաև 14 օրով պարտադիր ինքնամեկուսացվելու պարտադիր պահանջ բոլոր նրանց համար, ովքեր Մոսկվա են վերադարձել Եվրոպայի երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բելառուսից:

Ռուսաստանյան համացանցում շատ են գրառումներն այն մասին, որ իշխանությունները չունեն կամ չեն ուզում հրապարակել վարակվածների մասին իրական տվյալներ։ Ռուսաստանցիները բողոքում են նաև, որ իրականում չեն կարողանում հանձնել կորոնավիրուսի թեստ, և օդանավակայաններում բարձիթողի վիճակ է:

«Երեխաներս մարտի 15-ին եկել են Չեխիայից Մոսկվա, դա եղել է իմ որոշումը, քանի որ Չեխիայի քաղաքացիների համար փակվել է սահմանը, և ես ցանկացել եմ, որ իմ բալիկներն իմ կողքը լինեն, բայց այն րոպեից, որ եկել են, իմ կարծիքը լրիվ փոխվել է, քանի որ աերոպորտում ընդհանրապես չեն ստուգել Չեխիայից եկած մարդկանց: Չգիտեմ` ինչքանով է ճիշտ, բայց երեկ իմ ծանոթ աղջիկը եկել է Իսպանիայից, ասում է, որ իրեն էլ չեն ստուգել, դա շատ զարմանալի է: Ոչ մի տեղ ինֆորմացիա չկա` իրոք ինչքան մարդ է հիվանդ: Ես զանգահարում էի իմ երեխաների հորը և ասում` շուտ ուղարկի երեխաներին, որվհետև Չեխիայում ավելի վատ է, թե ոնց մեր ամբողջ մեծ երկրում միայն 59 հոգի է հիվանդ, իսկ պարզվում է, որ դա ճիշտ չի, քանի որ շատ մարդ է հիվանդ, և ոչ ոք դրա մասին չի խոսում, և չեն ասում: Նա է պատճառը, որ ես ուզում եմ որպես քաղաքացի, որովհետև ես աշխատում եմ և շատ մարդկանց հետ եմ շփվում, և իմ բալիկների ապահովության համար ես ուզում էի անել ամեն ինչ, զանգահարեցի մի քանի բժշկի, частный կլինիկաներ, որտեղ մենք միշտ զանգում էինք, և միանգամից գալիս էին մեծ հաճույքով բժիշկները, ոչ ոքի չեմ կարողանում կանչել», - «Ազատությանը» պատմել է հայտնի ռեստորատոր Գայանե Բրեիովան` հավելելով, որ հորդորում են զանգահարել թեժ գծին. - «Զանգահարում եմ այնտեղ, ինձ ասում են, որ եթե երեխան ունի սիմպտոմներ, տաքություն, կարող եք կանչել скори, կգա և կանի, եթե սիմպտոմ չկա, դուք կարող եք գնալ բժշկի»:

XS
SM
MD
LG