Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ


Գագիկ Բեգլարյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետականի նախկին անդամ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նրան մեղադրյալ ներգրավելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։

Ըստ ԱԱԾ-ի` դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում չէ։

Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է։ Ըստ ԱԱԾ-ի` դեռ 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը զբաղեցնում էր Կենտրոնի թաղապետի պաշտոնը, այնպես է արել, որ 2 մանկապարտեզներ վերամիավորելու գործընթաց սկսվի։ Ապա արդեն 2009-ի մարտի 16-ին որպես Երևանի քաղաքապետ հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով որոշում է կայացրել, որով փոփոխվել է մանկապարտեզի ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի նշանակությունը, և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո այդ անշարժ գույքը ընդամենը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011թ. փետրվարի 2-ին ընդամենը 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև որպես ժառանգորդ՝ այն գրանցվել է Գագիկ Բեգլարյանի անվամբ։

Դեռ 2019-ի հոկտեմբերին մամուլը գրեց, որ Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարանը հեռացել է Հայաստանից։ Մոտ մեկ տարի առաջ էլ՝ 2019-ի ապրիլին, Քննչական կոմիտեն «Ազատությանը» փոխանցել էր, որ Բեգլարյանը հարցաքննվել է որպես վկա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի գործով։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ։

Երևանի մանկապարտեզների ոլորտում չարաշահումների մասին դեռ 2019-ին հրապարակում էր կատարել «Հետք» էլեկտրոնային պարբերականը՝ ահազանգելով՝ մի շարք մանկապարտեզներ անօրինական օտարվել են հենց Բեգլարյանի պաշտոնավարման օրոք։

XS
SM
MD
LG