Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է «Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյան, արխիվ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Քննչական կոմիտեում հարցաքննվել է որպես վկա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Այս գործով ամիսներ առաջ մեղադրանք է առաջադրվել տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 միլիոն դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ։

Նախնական քննության տվյալներով՝ թիմի ղեկավարը համաձայնության է եկել կապալառու ընկերության աշխատակիցների, ինչպես նաև ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասու անձանց հետ և 2016 թվականի սեպտեմբերի 1-ին թողարկել և պատվիրատուի վճարմանն է ներկայացրել ճանապարհահատվածի մի մասում ողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր։

Ըստ այդմ, այդ փաստաթղթում նշվել է, որ փաստացի չկատարված աշխատանքների արժեքը կազմել է ավելի քան 1 միլիարդ դրամ։ Արդյունքում՝ ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցներից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG