Մատչելիության հղումներ

Տիգրան Խաչատրյան. Մի հատվածը գործատուների ջանքերով պետք է հաղթահարի, մյուսը կառավարության աջակցությամբ լուծի խնդիրը


Հարկադիր արձակուրդում գտնվողների մի հատվածի հարցը գործատուների ջանքերով պետք է հաղթահարվի, մի հատվածինն էլ՝ կառավարության, ասում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման շրջանակներում նախարարը ներկայացրել է կառավարության կողմից նախատեսվող տնտեսական 150 միլիարդ դրամի աջակցության ծրագիրը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Տիգրան Խաչատրյան. - Սկզից մտածում էինք, մեր օգնության առաջնահերթությունները պետք է որոշվեն ըստ տնտեսության ոլորտների, բայց նկատի ունենալով, որ արագ տարածվող փոփոխություններն առնչվում են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին` կառավարությունը որոշեց, որ իր առաջին աջակցության փաթեթը, որ պետք է կոչվի «Տնտեսության արագ արձագանքման փաթեթ»` բաղկացած լինելով 150 միլիարդ դրամ ընդհանուր գումարից, առաջին մեկ բաղադրիչով, որ փուլ մեկ ենք անվանում, կազմակերպությունների ժամանակավոր ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար պետական ֆինանսական աջակցությունն է: Այսինքն` որտեղ կազմակերպությունները կարող են իրենց գործընկեր բանկերի հետ այս իրավիճակում իրենց գործունեությունը կառավարելու համար ֆինանսական լուծումներ գտնել, այդ հատվածներում կառավարությունն առաջարկում է 3 աջակցության եղանակ: Սա դեռևս նախագիծ է, ինչի մասին խոսում եմ, նախագիծը ներկայացված է նաև հանրային ընդհանուր քննարկման, մենք արդեն շաբաթվա առաջին 2 օրերի ընթացքում կամփոփենք, և կարծում եմ, որ շաբաթվա ընթացքում կկայացնենք այդ առաջին կարևոր որոշումը: Հիմնական առանձնահատկությունը նա է, որ ֆինանսական միջոցներ հասանելի կդառնան այն կազմակերպություններին, որոնք այս ժամանակավոր ֆինանսական դժվարությունները կհաղթահարեն կառավարության աջակցությամբ:

Երկրորդ փաթեթը, որ ևս մոտավոր գնահատականներով 25 միլիարդի չափ կարող է կազմել, պետք է ունենա առավելապես մարդկանց խոցելի խմբերի աջակցության նպատակ, ինչո՞ւ, որովհետև մենք լսում ենք բազմաթիվ գնահատականներ, որ նույնիսկ իրավական հարթության մեջ որոշ հարցեր մինչև վերջ կարգավորված չեն, և մենք փորձում ենք ընթացքից նկատելի դարձած խնդիրները կառավարել: Մարդիկ մի դեպքում նաև կառավարության հորդորով կամ խնդրանքով, մի դեպքում հարկադրաբար ժամանակավորապես կա՛մ հեռանում են իրենց հիմնական աշխատատեղից, կա՛մ անցնում են հեռացված աշխատանքի ռեժիմի, և այդ ժամանակահատվածում մի կողմից կազմակերպությունները, մի կողմից մարդիկ իրենք ունենում են ֆինանսական դժվարություններ: Մենք դեռևս չենք վերջնականացրել այն եղանակը, որով պետք է աջակցենք այդ մարդկանց խմբին, բայց երկրորդ դրամագլուխը, որ 25 միլիարդ կարժենա մոտավորապես իր նախնական ծավալով, ուղղված է լինելու այդ խնդիրների կարգավորմանը: Օրինակ` նշված է, որ այդ գումարները կառավարության ֆինանսական աջակցության կարող են լինել աշխատավարձերի, հարկերի, կոմունալ վճարումների և այդպիսի բիզնես ծախսերի համար, իսկ վերահսկողության մեխանիզմը նույնպես նկարագրված է. չի տրվում գումարը կազմակերպությանը, որ նա հետո որոշի, թե ինչ անի, այլ կազմակերպությունը բանկ է ներկայացնում իր հանձնարարականները: Օրինակ` ասում է, որ այս ցուցակով մարդկանց վճարման համար որոշակի գումար է անհրաժեշտ, միանգամից բանկը վճարում է այն հաշվեհամարներին, որոնք ներկայացված են վճարման հանձնարարականներում: Այսինքն` մեխանիզմը, բնականաբար, նպատակային նշանակություն հսկելու նույնպես այնտեղ նկարագրված է:

Այն մարդիկ, ովքեր այսօր գտնվում են հարկադիր իրենց աշխատատեղից հեռացվածության պայմաններում, նրանց մի մասը, այս թվարկվածները բնականաբար չեն կարող աշխատել, այսինքն` եթե դա բար է գիշերային կամ որևէ հանրախանութ, որտեղ հագուստի կամ կոշիկի առևտուր է իրականացվում, այդ մարդիկ այսօր գտնվում են տանը: Ընդ որում ուզում եմ սա շեշտել, կարևոր է, որ բոլորը տեղեկացված լինեն. ովքեր այս բիզնեսներից ավելի քիչ տուժեցին, նրանք, ովքեր կարողանում են էլեկտրոնային առևտուր կազմակերպել, օրինակ` այս թվարկվածների մեջ որոշները կան, որ կարող էին միանգամից իրենց առևտրի մի մասը սպասարկել էլեկտրոնային առևտրի եղանակով, և ես կարծում եմ` դժվարությունները հենց նրա համար են նաև, որ մենք դասեր քաղենք, մեր բիզնեսները նույնպես պետք է մտածեն` որ հատվածներում է հնարավոր, որ իրենք ունենան այն հարակից «ամորտիզատորները» այսպես ասած, որոնք այսպիսի կտրուկ փոփոխությունների դեպքում կարող էին մի քիչ հարթեցնել իրենց ռիսկերը և նվազեցնել կորուստները:

Իսկ այս մարդկանց լուծումները մենք կգտնենք, դրանք դեռևս մանրամասնեցված չեն, որովհետև մի հատված կա, որ գործատուների ջանքերով պետք է հաղթահարվի, մի հատված կա, որ կառավարության աջակցությամբ պետք է լուծվի խնդիրը:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 22-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG