Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսն իր ազդեցությունն է թողնում համաշխարհային տնտեսության վրա, Հայաստանն էլ անմասն չէ


Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ

Նոր կորոնավիրուսի տարածումը Հայաստանում կանխելու նպատակով այսօրվանից քաղաքացիների համար տասն օրով փակ է հայ-վրացական սահմանը: Այդպիսով՝ այս պահի դրությամբ Հայաստանի բոլոր չորս սահմաններ էլ փակ են, Իրանի հետ օդային և ցամաքային սահմանն արդեն փակ է 17 օր։

Այս ամենի ֆոնին անկում ապրեցին նավթի համաշխարհային գները, ինչի հետևանքով էժանացել է ռուսական ռուբլին, ԱՄՆ դոլարը, ընդհակառակը, մի քանի դրամով թանկացել է, և այս պահին բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում մեկ դոլարը վաճառվում է 493-ից 496 դրամի սահմաններում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաշխարհային համաճարակի կարգավիճակ ստացած նոր կորոնավիրուսի վարակն իր բացասական ազդեցությունն է ունեցել համաշխարհային տնտեսության վրա, և Հայաստանն անմասն չի մնացել, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Հայկական դրամը իր հերթին արժեզրկվեց, հակառակ դեպքում հայկական ապրանքները ավելի թանկ կդառնային Ռուսաստանում կամ ԵՄ-ում: Մենք պետք է զուգահեռաբար արժեզրկենք մեր դրամը, քանի որ մեր հիմնական գործընկերոջ և տարածաշրջանի երկրների արժույթները արդեն իսկ արժեզրկվել են, հակառակ դեպքում ուղղակի շուկայից դուրս կմնանք», - «Ազատության» հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Պարսյանի գնահատմամբ՝ դրամի արժեզրկումը գնաճի է հանգեցնելու, բայց դա պետք է կառավարելի լինի. - «Միաժամանակ պետությունը պետք է ավելացնի թոշակները, նպաստները, կոմունալի սուբսիդավորման ծրագրեր առաջարկի սոցիալապես խոցելի խմբերի համար, և այլն: Այսինքն, մի կողմից արժեզրկելով դրամը՝ մյուս կողմից պետք է ավելացնի պետական ծախսերը»:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում կորոնովիրուսի տարածման և դրա հնարավոր բացասական ազդեցության նվազեցման ուղղությամբ որևէ լուրջ նախապատրաստական աշխատանք չի իրականացվել: «Մենք սպասեցինք, ոչ թե նախապատրաստվեցինք այս վարակի տարածմանը, և դա էլ, իր հերթին, լուրջ խնդիրներ առաջացրեց մեր տնտեսության համար, մեր առողջապահական համակարգի համար», - ընդգծեց Սուրեն Պարսյանը:

Կենտրոնական բանկը վստահեցնում է՝ տարադրամի տատանումները որևէ լուրջ ազդեցություն չեն թողել Հայաստանի ֆինանսական համակարգի վրա, հայկական դրամի և՛ արժևորման, և՛ արժեզրկման դեպքում համակարգը կշարունակի իրացվելի մնալ։

Տնտեսագետ, Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պնդում է՝ դրամի արհեստական արժևորման կամ արժեզրկման հետևից գնալ պետք չէ. - «Պետք է թողնել դրամը իրոք այնպես, ինչպես որ կա, այսինքն՝ լողացող տարբերակով, թող ինքը լողա»:

Պատգամավորը Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը կայունացնող է համարում և կողմ է դրան: Պապոյանն ընդգծում է, որ 2019 թվականին շուկայում դոլարի ավելցուկ կար, և Կենտրոնական բանկն անընդհատ դոլար էր գնում, այդպիսով ԿԲ-ն մեծ չափով դոլար է կուտակել և ըստ անհրաժեշտության կարող է ներարկել տնտեսության մեջ՝ «դրանով ապահովելով նաև մեր դրամի կայունությունը»:

«Ես ինքս վստահում եմ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին, այն իրապես շատ կայացած, մասնագիտական առումով շատ կայացած մարմին է, և, ըստ էության, չեմ կարծում, որ դրամի արժեզրկման, այսպես ասած, լուրջ պատճառներ կան», - նշեց Գևորգ Պապոյանը:

Այն, որ այժմ դրամն արժևորվում է ռուբլու և արժեզրկվում՝ դոլարի նկատմամբ, պատգամավորը շատ տրամաբանական է համարում: «Այսպես ասած, մինչև 10-15 դրամի շեղում միշտ էլ եղել է: Եթե նայում ենք, վերջին հինգ տարվա մեջ դրամը, այո, 470-ից մինչև 490-ի սահմաններում միշտ էլ այդպիսի տեղաշարժերի մեջ է եղել՝ առանցքը մնալով 480 դրամը», - ասաց Պապոյանը:

Ռուսաստանի տնտեսության վատթարացումը ազդեցություն կունենա Հայաստանի համար, բայց ըստ Գևորգ Պապոյանի՝ այդ ազդեցությունը հիմա շատ ավելի փոքր է լինելու, քան նախկինում: «Ինչու է այդպես: Օրինակ՝ սրանից 10-15 տարի առաջ, ուրեմն, ուղղակի մեր քաղաքացիների, ֆիզիկական անձանց տրանսֆերտները մեկ միլիարդ դոլարի շրջանակում էին: Հիմա, վերջին մեկ-երկու տարում դրանք 500-550 միլիոն դոլար են: Մյուս կողմից՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքը էականորեն այս տարիներին ավելացել է: Այսինքն՝ այդ ուղղակի ֆիզիկական տրանսֆերտների մասնաբաժինը մեր երկրի տնտեսության մեջ իր նշանակությունը էականորեն փոքրացրել է: Բայց, այնուամենայնիվ, իհարկե, դա ունի նշանակություն», - նշեց պատգամավորը՝ հավելելով. - «Կարևոր, իհարկե, խնդիր է նաև զբոսաշրջությունը: Բայց այս պահին, ճիշտ է, մենք ունենք որոշակի խնդիրներ, բայց դրանք ընդգծված և սուր չեն, որովհետև դեռ այս պահը, ասենք՝ մարտ ամիսը, ինքը զբոսաշրջային առումով պիկը չէ»:

Պապոյանը, հիշեցնելով 2014 թվականը, երբ շատերը բարձր գնով դոլար գնեցին, ապա էժան վաճառեցին, քաղաքացիներին խորհուրդ է տալիս վստահել ֆինանսական համակարգի պատասխանատուներին և չազատվել դրամից: «Ես ինքս ունեմ միջոցներ որոշակի և՛ արտարժույթով, և՛ դրամական միջոցներով, և այն հատվածը, որը դրամական միջոցներով է, որևէ պարագայում չեմ պատրաստվում, էսպես ասած, վերածել արտարժույթի, ավելին՝ եթե որոշակիորեն կուրսը էլի բարձրանա, միգուցե իմ արտարժութային միջոցները փոխարինեմ դրամականի, որովհետև հավատում եմ հայկական դրամին: Եվ, ըստ էության, հայկական դրամը դոլարի համեմատ վերջին հինգ տարում երևի ամենակայուն արժույթներից մեկն է», - շեշտեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

XS
SM
MD
LG