Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 160-ի, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում


Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն այսօր առավոտվա տվյալներով ավելացել են ևս 24-ով, ընդհանուր արդեն 160 վարակված անձ կա, նրանցից մեկն ապաքինվել է։ Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ հաստատված դեպքերից 133-ը փոխկապակցված են Էջմիածնի նշանդրեքի ու Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող արտադրամասի հետ։ Իսկ մնացած 27 հիվանդների հետ սերտ շփում ունեցած անձինք մեկուսացված են, շփումների մյուս շրջանակն էլ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Վարակվածների վերաբերյալ տվյալները Առողջապահության նախարարությունն արդեն թարմացնում է օրը մեկ անգամ՝ առավոտյան ժամը 10-ին։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն արձանագրվել է մարտի 17-ին, երբ հայտարարվեց 33 հաստատված դեպքի մասին։ Իսկ հաջորդող օրերին ավելի քիչ դեպքեր են արձանագրվել։

Վարակվածներից 11-ը թոքաբորբ ունի, սակայն նրանցից միայն 3-ն է ինտենսիվ թերապիա անցնում, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում՝ երեկ օրվա վերջում, Ֆեյսբուքի ուղիղ եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց։ Նախարարի խոսքով՝ դեպքերի ավելացման պատճառով կորոնավիրուսով վարակվածները «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից բացի մի քանի այլ բժշկական կենտրոններում էլ են բուժում ստանում, վարակվածներից մի քանիսն էլ մարզային երկու հիվանդանոցներում են. - «Այլ հիվանդանոցներ գնում են գրեթե ասիմպտոմ դեպքերը, պացիենտները, երբ որ որևէ սիմպտոմ չունեն, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթև սիմպտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»:

«Ես համարում եմ, որ էս վերջին մի քանի օրերի աճի տեմպը շատ բարձր էր՝ կապված այդ երկու օջախի հետ, որոնք եթե չլինեին, մենք շատ քիչ թվով պացիենտներ կունենայինք, այսինքն՝ կունենայինք, օրինակ, մոտ 20-25 պացիենտ և ոչ թե 100-ից ավել», - նաև հայտարարեց նախարարը:

Մեկուսացվածների թիվն անցնում է 600-ը, իսկ կյանքը նման պայմաններում սովորականից շատ չի տարբերվում. պարզապես հիմա մեկուսացածների ծննդյան օրն անակնկալ բուժաշխատողներն են անում։

Առողջապահության նախարարությունը համաճարակը կանխելու համար արդեն ինքնամեկուսացման կողմնակից է, իսկ առանց քրեական ու վարչական պատասխանատվության արդյունավետ չէ ինքնամեկուսացումը: Նախարար Թորոսյանը ընթացիկ փորձն է մատնանշում՝ քաղաքացիները ոչ միշտ են պահպանում ռեժիմը։

«Շատ ողջամիտ պահանջ է, երբ որ կա հանրային առողջության վտանգ, և որևէ քաղաքացի չի կատարում գործողություններ, կամ կատարում է գործողություններ, որոնք վտանգում են հանրային առողջապահությունը, առողջությունը, ապա նա դրա համար պետք է կրի որևէ պատասխանատվություն», - ընդգծեց նախարարը:

Մեկուսացման պահանջները խախտելու համար ազատազրկում կամ տուգանք սահմանելու նախագիծը երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց։ Թե որքան ինքնամեկուսացած կա Հայաստանում, պաշտոնական վիճակագրություն չկա, բայց քաղաքացիներից շատերը նախընտրում են դուրս չգալ, կամ էլ՝ միայն անհրաժեշտության դեպքում։ Դա ոչ միայն փողոցների դատարկությունից է նկատելի, այլև հանրային տրանսպորտից օգտվողների թվից։

«Եթե մինչ այս սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենը ունենում էր օրական շուրջ 75 հազար ուղեփոխադրում, այս պահին նա ունենում է շուրջ 15 հազար՝ մոտավորապես հինգ անգամ մետրոյի ուղևորների քանակն է կրճատվել: Նույն կերպ ավտոբուսներում՝ նախկինում 70 հազար էր, հիմա 20 հազար ուղևոր է օրական: Միկրոավտոբուսները՝ մինչ այս օրական 850-ից 900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, այս պահին 500 միկրոավտոբուս է դուրս գալիս երթուղի», - ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Փոխքաղաքապետի տեղեկացմամբ՝ վարորդների մի մասը, որոնք 60-ն անց են ու խրոնիկ հիվանդություններ ունեն, այս օրերին չեն աշխատում։ Իսկ երթուղի դուրս եկող վարորդները՝ առավոտյան ջերմաչափվում են ու նոր անցնում աշխատանքի։

XS
SM
MD
LG