Մատչելիության հղումներ

Ռենտգենով հաստատված թոքաբորբի 11 դեպք կա, 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներից «այս պահին մենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք, որոնցից, սակայն, ընդամենը 3-ին է անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա, և նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», - հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գիշերը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը:

«Սակայն կրկին՝ որևէ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում, ռեանիմատոլոգները շարունակում են հսկողություն իրականացնել 24-ժամյա ռեժիմով ինտենսիվ թերապիայի պացիենտների նկատմամբ, իսկ մյուս բժիշկները արդեն սովորական պացիենտների՝ որևէ ծանր խնդիր չունեցող պացիենտների նկատմամբ», - ասաց նախարարը:

Թորոսյանը հայտնեց՝ «քանի որ հաստատված դեպքերի աճ ունենք, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միակ տեղը չի այլևս, որտեղ որ մեր քաղաքացիները բուժում են ստանում կամ գտնվում են, եթե բուժման կարիք չկա»: «Մենք ունենք արդեն ծավալված շուրջ 5 բուժհաստատություն, ևս 2-ում մարզային կան հատուկենտ թվով, ավելի քիչ թվով պացիենտներ», - փոխանցեց նախարարը՝ հավելելով. - «Դա շարունակական պրոցես է լինելու, և այդ հիվանդանոցների թիվը միգուցե աճի»:

«Իհարկե, ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ, թե ինչքան ենք ծանրաբեռնելու հիվանդանոցները պացիենտներով, ինչ ծանրության դեպքեր ենք հիվանդանոցում պահելու, արդյո՞ք բոլոր թեթև և առանց սիմպտոմների դեպքերը մնալու են հիվանդանոցում, թե՞ ոչ», - նշեց Թորոսյանը: «Ամեն դեպքում, այլ հիվանդանոցներ գնում են գրեթե ասիմպտոմ դեպքերը, պացիենտները, երբ որ որևէ սիմպտոմ չունեն, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթև սիմպտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է կատարել կենտրոնական դեր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների բուժական մասով: Իսկ ոչ բուժական, էպիդեմիոլոգիական մասով անկյունաքարային է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի դերը», - ընդգծեց նախարարը:

Հանգամանքը, որը մինչ օրս թույլ է տվել աճի ոչ այդքան մեծ տեմպ ունենալ, «այդ հիմնական ձեռքբերումը պայմանավորված է պացիենտների և նրանց կոնտակտավորների մեկուսացումով», - ասաց Թորոսյանը: Միաժամանակ, նա ընդգծեց. - «Ես համարում եմ, որ էս վերջին մի քանի օրերի աճի տեմպը շատ բարձր էր՝ կապված այդ երկու օջախի հետ, որոնք եթե չլինեին, մենք շատ քիչ թվով պացիենտներ կունենայինք, այսինքն՝ կունենայինք, օրինակ, մոտ 20-25 պացիենտ և ոչ թե 100-ից ավել»:

Այդ մեկուսացումները, նախարարի խոսքով, անվերջ հնարավոր չէ շարունակել. - «Մենք այս պահին ունենք 600-ից ավել մեկուսացված անձինք՝ Հայաստանի կրկին տարբեր մարզերում, բայց համարում ենք, որ այդ ռեզերվը մոտենում է իր ավարտին, և մենք պետք է արդեն մեր կանխարգելիչ գործողությունները պայմանավորենք ինքնամեկուսացումով»:

«Փորձը ցույց է տվել, որ մեր հարգելի քաղաքացիները միշտ չէ, որ հասկանալով կամ գիտակցելով վտանգը՝ հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը, ինչը անհրաժեշտ է հենց իրենց, իրենց հարազատների և մնացած բոլոր քաղաքացիների համար: Եվ նաև դրանով է պայմանավորված, որ Ազգային ժողովը այսօր արտահերթ կարգով քննարկեց մի օրենքի նախագիծ, որ պատասխանատվություն կսահմանի այդ ռեժիմի խախտման համար», - հայտարարեց Արսեն Թորոսյանը՝ կարծիք հայտնելով, որ դա շատ ողջամիտ պահանջ է:

Ավելի վաղ Առողջապահության նախարարության խոսնակն «Ազատությանը» հայտնել էր, որ վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, այսօր առավոտյան հրապարակված տվյալներով՝ Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի հիվանդության 136 դեպք, մեկ մարդ ապաքինվել է:

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։

XS
SM
MD
LG