Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջները խախտելու համար ազատազրկում կամ տուգանք սահմանելու հարցը


Ազգային ժողովն ուրբաթ ուշ երեկոյան արտահերթ նիստում ձայների 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնք վերաբերում են արտակարգ դրության պայմանների խստացմանը:

Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:

Հարցը ներկայացնում էր արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Պատգավորները հիմնականում օրենքում իրավական որոշակիության խնդիրը բարձրացրեցին, ինչպես նաև մտահոգություն ունեին, որ 5 տարի ազատազրկումը չափազանց խիստ պատիժ է։

«Այդ որ ասում եք՝ դիտավորությամբ է անում, բայց անզգուշությամբ՝ ես չեմ պատկերացնում տենց բան: Ես իմանամ, որ ես հիվանդ եմ, մտնեմ ձեր մեջ, ասեմ՝ ես չգիտեի, որ ձեզ պիտի վարակե՞մ: Սրա անզգուշությունը ո՞րն է: Եվ արդյո՞ք, եթե դա մեղքի անզգուշության ձևով է բնութագրվում, նորից եմ հարցնում, դրա համար կարելի է 5 տարի մարդուն ազատազրկել», - հայտարարեց, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը:

«Պահանջի հասկացությունը պետք է հստակեցվի: Որովհետև պահանջ կա, որ բոլորին հորդորում ենք՝ «եթե ջերմություն ունեք, տանը մնացեք, ինքնամեկուսացեք», սա էլ է պահանջ, պահանջ կա, երբ որ իրավասու մարմինը թղթին գրած տալիս է, ասում է՝ «քանի որ դու էս, էս տվյալներն ունես, մենք քեզ հորդորում ենք, որ տանը մնաս, էս էլ քեզ թուղթը, որ դու տանը մնաս»: Ո՞ր պահանջի խախտման պարագայում են առաջանում քրեաիրավական կամ վարչաիրավական հետևանքներ՝ դա էլ պետք է գրենք: Կարող եք պահանջի կողքը գրեք՝ իրավասու մարմնի կողմից սահմանված պահանջները խախտելը, որը կսահմանափակի անորոշ լայն ընկալումը», - իր հերթին, հարցրեց Տարոն Սիմոնյանը «Լուսավոր Հայաստան»-ից:

«Պարո՛ն Սիմոնյան, ենթադրվում է, որ էդ պահանջները իրավասու մարմնի կողմից են լինելու, այդ պահանջը ինչ-որ կերպ սահմանված է լինելու: Ենթադրվում է՝ դա պարետի կողմից ցուցումով է լինելու՝ էդ ինքնամեկուսացումները, և, ըստ անհրաժեշտության, կոնկրետ իրավիճակներում հաշվի է առնվելու՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման դեպքում ինչ ռեժիմ է սահմանվելու: Եվ ըստ այդմ էլ կորոշվի: Իսկ եթե բոլոր էն դեպքերում, երբ որ նկատի ունեք, որ այդ պահանջը կարող է իր նշանակությամբ չնչին լինել, էդ դեպքում վարչական պատասխանատվության ենթարկման խնդիր իսկապես չի լինելու», - արձագանքեց Վահե Դանիելյանը:

Փոխնախարարը նաև շեշտեց՝ «խոսքը մի քանի անձանց դեպքի մասին չի, խոսքը զանգվածային հիվանդացում առաջացնելու մասին է»:

Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ էլ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:

Ո՞ր տեղեկությունն է համարվում խուճապ առաջացնող, հետաքրքրվեցին պատգավորներն ու այս օրերին որպես այդպիսին գրանցվածներից մի քանիսի հետ կապված իրենց անհամաձայնությունը հայտնեցին:

«Հիմա, երբ որ ես հարց եմ տալիս, ասում եմ՝ իրավական որոշակիության հարց կա, և էդ հարցը մեր երկրում կորոնավիրուսի տարածման տվյալների սխալների կամ կեղծիքի հետ կապ չունի, բայց պարետատունը նման ձևով մեկնաբանում է և էդ լուրերը հանել է տալիս: Էս ամբիոնից վարչապետը ի՞նչ է ասել, ասել է՝ որևէ քննադատության չի վերաբերում, վերաբերելու է միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններին: Հիմա ուղղակի պետք է նայենք, իրավական որոշակիության հարց կա: Ասում եք՝ պարետատունը կասի՝ ինչ է նշանակում ինքնամեկուսանալ, կասի՝ ինչ է նշանակում կարանտինի մեջ գտնվող մարդ: Մենք օրենք ենք ընդունում մինչև 5 տարի ազատազրկման սանկցիայով և բնականաբար, պարոն փոխնախարար, չենք կարող նման բազմաթիվ հարցերի տեղեր թողնել: Ես էլ, կարող եմ մի քանի հարց էլ ես ավելացնել՝ իսկ եթե մարդը միայնակ է բնակվում, և ցուցում կա մեկուսանալու, ինքնամեկուսանալու, ո՞վ է հարց առնելու իր համար, ոստիկանությունը հաց է՞ առնելու բերի տա իրան, որ ինքը դուրս չգա ու իրան չբռնեն», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով. - «Բազմաթիվ հարցեր կան, որ որոշակիություն չունեն: Մյուսը՝ ի՞նչ է նշանակում զանգվածային հիվանդացնել, այսինքն՝ դա քա՞նի հոգու մասին է խոսքը գնում: Մյուսը՝ ի՞նչ է նշանակում անզգուշությամբ, եթե դիտավորությամբ է արել, մենք չունենք որևէ բան՝ չկա գրված դիտավորության վերաբերյալ: Եվ նմանատիպ բազմաթիվ հարցեր՝ իրավական որոշակիության հետ կապված»:

«Ես կարծում եմ, որ որևէ կերպ այս ռեժիմը չպետք է բանեցվի և դառնա մահանա տարատեսակ մամուլի միջոցներից տարատեսակ նյութեր հանելու համար», - շեշտեց Մարուքյանը:

Չնայած կառավարությունը հակված էր, որ փոփոխությունն ընդունվի հատուկ ռեժիմով, բայց նիստի սկզբից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննարկումը տեխնիկապես անհնար է 24-ժամյա ռեժիմով կազմակերպել։ Որոշում կայացվեց երկրորդ ընթերցումը կազմակերպել երկուշաբթի օրը ժամը 11-ին:

XS
SM
MD
LG