Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող որոշումն անհանգստացրել է լրագրողներին, փորձագետներին


Լրագրող Մարինե Խառատյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 21-ը մարտի, 2020թ.

Ոստիկանության պահանջով լրագրող Մարինե Խառատյանը երեկ ստիպված է եղել ֆեյսբուքյան իր էջից հեռացնել գրառումը, որտեղ պատմել էր, թե վերջերս Երևանի խոշոր արտադրամասերից մեկում մարդկանց ջերմությունով գործի են կանչում։

Նկատենք, արտակարգ դրություն սահմանելով՝ Կառավարությունը նաև սահմանափակումներ մտցրեց զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում։

«Պարետատան կողմից խնդրում են, որպեսզի ես հեռացնեմ, քանի որ դա խուճապ է առաջացրել երկրում իմ գրառումը, և այլն: Եվ իրենք մնացին այնքան, մինչև համոզվեցին, որ ես ի վերջո հեռացրել եմ այդ գրառումը», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Խառատյանը:

Երկու օր առաջ որոշ փոփոխություններով լրացվեց մարտի 16-ին ընդունված որոշումը զանգվածային լրատվության միջոցների աշխատանքի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Հայաստանում, ինչպես նաև երկրից դուրս նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի և մի շարք այլ մանրամասների (վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների), ինչպես նաև ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների (տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային) տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում, սոցիալական ցանցերում (ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից) կատարվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում կատարելով։

Իսկ ի՞նչ էր գրել լրագրողն իր Ֆեյսբուքում։ Մարինեի փոխանցմամբ՝ ընդամենը բարձրաձայնել էր մարդու իրավունքների խախտումների մասին։

«Կառավարությունը, իշխանությունը ինքը չի լուծում էդ հարցը, փաստացի մարդիկ մնում են էլի լրագրողների հույսին: Ու էս պարագայում մեր կողմից լռելը՝ դա ես չեմ համարում ճիշտ, այսինքն՝ անհնար է լռել, եթե մարդը քեզ դիմում է օգնության համար, և կարծում եմ՝ իսկապես, փոփոխություն պետք է արվի որոշակի, հատկապես՝ խախտումների մասով, եթե գործատուները էսօր համատարած խախտումներ են անում և մի բան էլ ակնկալում են օգնություն պետությունից, չէ՞, իրենք դեռ սպասում են, որ պետությունը պետք է էդ 150 միլիարդ դրամը իրենց տա, բայց իրենք չեն պատրաստվում, օրինակ, աշխատողների աշխատավարձերը վճարել, պարապուրդի, կամ կարանտին պահել», - ընդգծեց լրագրողը՝ շարունակելով. - «Ու էստեղ, երբ համատարած խախտվում է այսօր աշխատողի իրավունքը, փաստացի լրագրողը զրկվում է նրանց օգնելու հնարավորությունից»:

Լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող որոշումն անհանգստացրել է մեդիա փորձագետներին, լրագրողներին, խմբագիրներին, և հենց երեկ տասնյակ կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ ընդգծելով՝ այս քայլերի կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին և չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը: Պահանջում են անհապաղ ուժը կորցրած ճանաչել կառավարության այդ որոշման մի շարք կետեր։

Պահանջը ներկայացնողներից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի խոսքով՝ որոշման մեջ կատարված փոփոխությունները էական նշանակություն չունեն։ Նա պնդեց՝ այսպիսով կառավարությունը ի դեմս լրատվամիջոցների ոչ թե գործընկերների է տեսել, այլ՝ հակառակորդների։

«Փաստաթղթում արտացոլվել է այն զայրույթը, որը որ կուտակվել էր իշխանությունների մոտ վերջին երկու տարիների ընթացքում: Մինչդեռ ես համոզված եմ, որ իշխանությունը պետք է վեր լինի մանր վրեժխնդրություններից և այս լուրջ իրավիճակում շատ ավելի կշռադատված պահանջներ ներկայացնի լրատվամիջոցներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը:

Փոխարենը՝ առաջարկում են մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում։ Օրինակ՝ հստակ նշել աղբյուրը, որից ստացվել է տեղեկությունը, այլ ոչ թե օգտագործել «մեր հավաստի տվյալներով, մեզ մոտ կանգնած աղբյուրների համաձայն...» ձևակերպումները։

«Բացի դա, շատ կարևոր է, որպեսզի այլ աղբյուրներից հավաքված տեղեկատվությունը անպայման մեկնաբանվեր պաշտոնական ատյանների կողմից: Եվ իհարկե, սա պահանջում էր ավելի մեծ աշխատանք իշխանությունների կողմից, Կառավարության կողմից, բայց կարծես թե իշխանությունը որոշել է ուղղակի, էսպես, արգելքներ, պատնեշներ դնելու ճանապարհով գնալ», - շեշտեց Աշոտ Մելիքյանը:

Մեդիա մասնագետները վստահ են՝ ավելի շուտ այս որոշո՛ւմը խուճապի պատճառ կարող է դառնալ։

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում նաև այս թեման շոշափվեց։ Պատգամավորների շրջանում նույնպես հարցը միանշանակ չի ընկալվում։ Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, ընդգծում էին՝ ինչպե՞ս կարող է, օրինակ, օտար երկրում որևէ դերասանի կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը Հայաստանում խուճապի պատճառ դառնալ։

«Որևէ կերպ այս ռեժիմը չպետք է բանեցվի և դառնա մահանա տարատեսակ մամուլի միջոցներից տարատեսակ նյութեր հանելու համար», - շեշտեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե, պայմանական ասած, դուք հայտարարում եք, որ X երկրում կորոնավիրուսից, չգիտեմ, մարդիկ կեսգիշերից հետո, շատ պատկերավոր ասած, դառնում են, չգիտեմ, գայլ են դառնում, էդ խուճապ է առաջացնում, որովհետև էդ նույն վիրուսը՝ նույն իր բանաձևով, տարածվում է, Հայաստանում կա: Հետևաբար, երբ ասվում է, որ պետք է սահմանափակվի նաև այլ երկրների նկատմամբ ինֆորմացիան, կամ պետք է գոնե համապատասխանեցվի, սա դրա համար է արվում», - պարզաբանեց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Կառավարության փոփոխված որոշմամբ՝ սահմանափակումները չեն կիրառվում, եթե տեղեկություններ հրապարակելիս հղում է կատարվում օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին և սոցիալական ցանցերի էջերին։ Նույն բացառությունը գործում է նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերի, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների դեպքում:


XS
SM
MD
LG