Մատչելիության հղումներ

Ստիպել լրատվամիջոցներին լռել, թաքցնել փաստերը որևէ օգուտ չի տալու. ԶԼՄ-ները և քաղհասարակությունը մտահոգված են


Аravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյան

Լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հորդորում են կառավարությանը վերանայել արտակարգ դրության հետ կապված լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներն ու դադարեցնել գրաքննությունը։ Արդեն իսկ 2 լրատվամիջոցներ՝ «Առավոտն» ու «Հրապարակը», ստիպված հեռացրել կամ վերախմբագրել են իրենց նյութերը, քանի որ զգուշացվել են՝ հակառակ դեպքում կտուգանվեն 500 հազարից մինչև 800 հազար դրամով։

«Հրապարակը» ոստիկանությունից զգուշացում էր ստացել, երբ հրապարակել էր դատապարտյալների դժգոհությունների վերաբերյալ մի հոդված, որն ըստ թերթի` որևէ առնչություն չուներ կորոնավիրուսի թեմայի հետ։ «Հրապարակը», այնուամենայնիվ, հեռացրել է հրապարակումը, սակայն զգուշացրել, որ կրկնության դեպքում որոշակի քայլեր կձեռնարկեն։ Ֆեյսբուքյան իր էջում «Հրապարակի» խմբագիրը գրել է. «Արտակարգ դրությունը մտցվել է ԶԼՄ-ներին զսպաշապիկ հագցնելու համար»։

Aravot.am-ը նույնպես ոստիկանության զգուշացումից հետո երեկ վերախմբագրել է իր նյութը, որը վերաբերում է ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը թաքցնելու խնդրին, ինչի մասին ռուսական լրատվամիջոցին փոխանցել էր ռուսաստանցի փորձագետը։ Аravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծում է՝ համահունչ մեկնաբանություն ֆեյսբուքյան իր էջում արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ որոշ երկրներ չեն ներկայացնում կորոնավիրուսի մասին իրական թվերը։ Եվ «Առավոտն» էլ, այս 2 տեղեկությունները համադրելով, ներկայացրել էր կայքում, սակայն պարետատան մոնիտորինգի արդյունքում ոստիկանությունը տեղեկացրել է, թե այդ հրապարակումը խախտում է արտակարգ դրության մասին կառավարության որոշման պահանջները։

«Որքան էլ ինձ պահանջը բացարձակ անհիմն է թվում, որովհետև ես չեմ կարծում, որ Ռուսաստանում դեպքեր թաքցնելու վերաբերյալ տեղեկատվությունը հայ հանրության մոտ խուճապ էր առաջացնելու, սակայն հաշվի առնելով, թե ինչ նուրբ վիճակի մեջ ենք, քանի որ խոսքը հանրային առողջությանը վերաբերող փաստաթղթի մասին է և այլն, այդ պահին հակադրության մեջ մտնել ճիշտ չհամարեցինք, և կայքում այդ նյութը խմբագրվեց», - նշում է Аravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանը:

Վերջինս ասում է, որ սա համարժեք արձագանք չէ, ըստ էության լրատվամիջոցներին հորդորում են ձեռնպահ մնալ ցանկացած տեղեկատվության հրապարակումից, որը պարետատան գնահատմամբ կարող է խուճապ առաջացնել։ Խմբագրի համոզմամբ` երբ չկան հստակ չափանիշներ, թե որ հրապարկումները կարող են խուճապ առաջացնել, որոնք` ոչ, այդ լղոզված, ոչ հստակ ձևակերպումները կամայական մեկնաբանությունների տեղիք են տալիս, ինչն էլ այժմ տեղի է ունենում. - «Լրատվամիջոցներին ստիպելով լռել, թաքցնել փաստերը, ընդ որում ոչ միայն երկրի ներսում կատարվողի վերաբերալ, այլև դրսում կատարվողի վերաբերյալ, դրանցից վարակվածների վիճակը չեմ կարծում, թե կլավանա»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծում է՝ այն, ինչ այժմ արտակարգ դրության պայմաններում կիրառվում է լրատվամիջոցների նկատմամբ, «գրաքննություն է», որը հանգեցնելու է բացասական հետևանքների և իշխանության կողմից ներկայացված տեղեկատվության նկատմամբ վստահության անկմանը։

Դանիել Իոաննիսյանն ասում է, որ ուսումնասիրել են մոտ տասը երկրների փորձը, որտեղ կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել, և դրանցից միայն Ռումինիան է, որ գրաքննություն է սահմանել, մինչդեռ ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան, Իտալիան, Ղազախստանը ձեռնպահ են մնացել։

«Ժողովրդավարական երկրներում գրաքննությունն ու սահմանափակումները պետք է վերացվեն մամուլի նկատմամբ», - ասում է Իոաննիսյանն ու հորդորում կառավարությանը վերացնել լրատվամիջոցներին վերաբերող արտակարգ դրության սահմանափակումները։

«Գրաքննությունն առնվազն պետք է վերանա. արտակարգ դրության սահմաններում կարելի է օրինակի համար մամուլին պարտադրել, որ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվի, բայց չսահմանափակել դրանով: Սա ուղղակի հակառակ էֆեկտի կարող է բերել: Երբ որ կա գրաքննություն, երբ կա միայն պաշտոնական տեղեկատվություն, մարդկանց մեջ սկսում է կասկածամտության որդը զարգանալ, որ կարո՞ղ է` իշխանությունն ինձ խաբում է, իսկ ես ո՞նց կարող եմ իմանալ, որ իշխանությունն ինձ խաբում է, ու սկսում են հավատալ տարբեր բամբասանքների, տարբեր անհեթեթությունների, և այդպես խուճապ է տարածվում», - նշում է Իոաննիսյանը:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է վերանայել լրատվամիջոցներին վերաբերող արտակարգ դրության սահմանափակումները` հաշվի առնելով հնչող քննադատությունները, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը փոխանցեց, որ պարետատան շրջանակներում այս հարցը քննարկվում է, բայց քանի դեռ հստակ որոշում չկա, հորդորում են լրատվամիջոցներին պահպանել արտակարգ դրությամբ սահմանված կանոնները:

Նշենք, որ ըստ կառավարության` արտակարգ դրություն սահմանելու մասին մարտի 16-ի որոշման` ՀՀ-ում, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով։

XS
SM
MD
LG