Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է նորանշանակ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանության պետ Արման Սարգսյանին, որոնք այս պաշտոններում նշանակվել են երեկ:

Փաշինյանը նշեց, որ պաշտոնյաների` պաշտոնակատար լինելու կես տարվա ընթացքում շրջադարձային փոփոխություններ չեն արել, բայց միասին ի հայտ են բերել խնդիրների մի շրջանակ, որոնց լուծման դեպքում կունենան իրենց երազած ու պատկերացրած ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

«Կա մի գործոն, որ էական նշանակություն է ունեցել ձեր նշանակման գործում. ես հստակ տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են, և դա վստահություն է ներշնչում, որ հետևողական կլինեք այդ խնդիրների լուծմանը», - հայտարարեց Փաշինյանը, ապա հավելեց. - «Ուզում եմ ևս մի բան նշել, որը կարևոր դերակատարում է ունեցել ձեր վերանշակման կամ նշանակման գործում: Կարծում եմ, որ մենք հիմա ԱԱԾ և Ոստիկանության միջև ունենք համագործակցության շատ լավ և բարձր մակարդակ, և դա կարևոր է: Կարևոր է, որ Ոստիկանության և ԱԱԾ միջև անառողջ մրցակցություն չլինի: Կարևոր է իհարկե, որ Ոստիկանությունը և ԱԱԾ նաև փոխլրացնող գործառույթ իրականացնեն: Մանավանդ ձեր ղեկավարության ներքո, ես համոզվել եմ, որ դուք անձամբ չունեք պետական կառավարման մարմիններում նկատվող այն միտումը, համենայնդեպս չեք տրվում այն միտմանը, որ համակարգերում եղած խնդիրները պետք է թաքցնել, քողարկել, շատ դեպքերում հովանավորել ընդհանուր: Երբեմն նույնիսկ նեգատիվ երևույթները, այդպիսի մղումներն ընդհանուր համակարգի իմիջը խեղաթյուրում են, բայց կարծում եմ, որ բարեփոխումների այս ժամանակաշրջանում նման գործելակերպը չի կարող արդյունավետ լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG