Մատչելիության հղումներ

ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարեց Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյովիկին» Հայաստանին հանձնելու միջնորդությունը


Լևոն Սարգսյան, լուսանկարը՝ ՀՀ ոստիկանության

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշում է կայացել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին («Ալրաղացի Լյովիկ») քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Սարգսյանի փոխանցումը Հայաստանի իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս կապակցությամբ Հայաստանի գլխավոր դատախազությունը Ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լևոն Սարգսյանի տեղափոխումը, Ֆեյսբուքում գրում է Աբրահամյանը:

Սարգսյանը հետախուզվում էր անցած տարվա հոկտեմբերից, նոյեմբերին նա հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում, կալանավորվել, Հայաստանը միջնորդել է արտահանձնելու համար:

«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:

XS
SM
MD
LG