Մատչելիության հղումներ

Ըստ Սաֆարյանի, «Ալրաղացի Լյովիկը» արտահանձնվելու դեպքում պետք է հարցաքննվի նաև Մարտի 1-ի գործով


Լևոն Սարգսյան, լուսանկարը՝ Հայաստանի ոստիկանության

Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում երեկ ձերբակալված Հանրապետական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին Հայաստան արտահանձնելու նպատակով Հայաստանի գլխավոր դատախազությունն այս պահին պատրաստում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք հնարավոր է՝ մինչև օրվա վերջ ուղարկվեն Ռուսաստանի իրավապահներին: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հանձնման գործընթացը կախված է բավականին գործոններից, և այս պահին չեմ կարող ո՛չ ժամկետների, ո՛չ էլ հետագա ընթացների մասին ասել, բայց համենայն դեպս մեր կողմից այս պահին նախատեսվում են հանձնման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և փաստաթղթերի փաթեթի պատրաստ լինելուն պես դրանք կփոխանցվեն ռուսական կողմին՝ հանձնման գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու նպատակով», - ասաց Աբրահամյանը։

Նշենք, որ որ երեկ Ռուսաստանի Զելենոգրադ քաղաքում Հանրապետականի նախկին պատգամավորը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակություն կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեղադրանքով:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, դեռևս 11 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը հենց Լևոն Սարգսյանն է պատվիրել: Նա լարված հարաբերություններ է ունեցել Ավետիսյանի հետ և արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է հանցագործությունը: Ընդ որում, ԱԱԾ-ի փոխանցմամբ, ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

Ուշագրավ է, որ դեռևս անցած տարի տարածած տեսանյութում ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ Լևոն Սարգսյանի առանձնատանը իրականացրած խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, ավելի քան 4000 փամփուշտ: Դեռևս անցած տարվա հոկտեմբերից Սարգսյանը հետախուզման մեջ էր, և այսօր արդեն ոստիկանությունը տեղեկացրեց, որ Լևոն Սարգսյանը հայտնաբերվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և Ռուսաստանի ՆԳՆ համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում: Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը։

Պարզ չէ, սակայն, արդյոք Ռուսաստանը կարտահանձի Հանրապետական նախկին պատգամավորին: Պաշտոնական Մոսկվան արդեն իսկ մերժել է Հայաստանին արտահանձնել հետախուզման մեջ գտնվող Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ պնդելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է: Մերժվել է նաև ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնումը, այս անգամ էլ Ռուսաստանը հղում է արել «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիային:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ առայժմ տեղեկություն չունեն՝ արդյոք հնարավոր է, որ արտահանձման որոշմանը սպասող Լևոն Սարգսյանը նույնպես Ռուսաստանի քաղաքացիություն ունի. - «Այս պահին դրա վերաբերյալ որևէ բան ասել չեմ կարող, ընդհանուր գործի հետագա քննությունից դա պարզ կդառնա։ Այս պահին տեղեկատվություն չունեմ», - ասաց նա։

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի պնդմամբ, Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում երեկ ձերբակալված Լևոն Սարգսյանը՝ նույն ինքը «Ալրաղացի Լյովիկը», Հայաստան արտահանձնվելու դեպքում պետք է հարցաքննվի նաև Մարտի 1-ի գործով։

Սեդա Սաֆարյանի խոսքով, կան ցուցմունքներ, որտեղ նշվում են, որ Լևոն Սարգսյանը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իր թիկնապահներին համազգեստ և զենք է մատակարարել, հետևաբար նա պետք է առերեսվի ցուցմունք տված վկաների հետ: Լևոն Սարգսյանը պետք է նաև պարզաբանի, թե ըստ ցուցմունքների մարտիմեկյան իրադարձություններից հետո այդ ի՞նչ զենքեր է դրել սեղանին և ասել, որ դրանք պատմական զենքեր են:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ Լևոն Սարգսյանը նաև մշտական կապ է պահպանել Հովիկ Աբրահամյանի հետ և նրան զեկուցել է իրավիճակը, հետևաբար այս հանգամանքը ևս պետք է պարզաբանվի. - «Օլիգարխների հետ կապված ամենաակնառու դեմքը Լևոն Սարգսյանն է եղել, ով կառավարության շենքի մոտ ցուցադրաբար իր թիկնապահներին համազգեստ և զենք է մատակարարել, և նրանք, ըստ էության, մասնակցություն են ունեցել, բայց երևի ամենահետաքրքիրը վկաներից մեկի ցուցմունքն է այն մասին, որ այդ օրը ինքը հեռախոսակապ է ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ, և մշտապես միմյանց զեկուցել են, թե ինչ է կատարվում, այսինքն՝ երևի հենց Լևոն Սարգսյանն է զեկուցել Հովիկ Աբրահամյանին, թե ինչ է կատարվում մարտի 1-ին փողոցներում, կառավարության շենքի տարածքում և այլն։

Այնուհետև վկան հայտնում է, որ երբ մարտիմեկյան իրավիճակին մասնակցել են, հետո գնացել են տուն, տանը սեղանին է դրել Լևոն Սարգսյանը զենքեր և ասել՝ սրանց լավ նայեք, սրանք պատմական զենքեր են։ Լավ է, որ հայտնաբերել են Լևոն Սարգսյանին։ Բնականաբար, կպարզեն, թե այդ ինչ զենքեր են եղել, օգտագործվել են, թե չեն օգտագործվել», - ասաց Սեդա Սաֆարյանը։

Սեդա Սաֆարյանի ներկայացմամբ, Լևոն Սարգսյանը Մարտի 1-ի գործում ներգրավված չէ, սակայն գոյություն ունեցող ցուցմունքերը վկայում են այդ իրադարձություններին նրա մասնակցության մասին:

Հավելենք, որ Մոսկվայում ձերբակալված և արտահանձման որոշմանը սպասող Լևոն Սարգսյանը դեռևս 1999-ից մինչև 2007 թվականը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ավելին Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, նա անդամակցում էր այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությանը:

XS
SM
MD
LG