Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի այսօր հաստատված դեպքերի մեծ մասը նախապես մեկուսացված անձանց շրջանակից է


Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան, 17 մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի վարակի ևս 20 դեպք հաստատվեց այսօր կեսօրին: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են` նրանց մեծ մասը նախապես մեկուսացված անձանց շրջանակից է:

7 վարակակիրները փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, 13-ը` Շենգավիթում գտնվող արտադրամասի, որտեղ երեկ էլ կորոնավիրուսի դեպքեր էին արձանագրվել: Ընդհանուր առմամբ Հայաստանում այս պահին հաստատված դեպքերի թիվը 72 է, մեկ քաղաքացի ապաքինվել, դուրս է գրվել «Նորք» ինֆեկցիոնից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր: Այդ պահին հաստատված դեպքերի թիվը դեռևս 52 էր: Նա բացատրեց, թե ինչու է հաստատված դեպքերի թիվն ավելանում, ասաց` թեստավորվում են գանգատներ չունեցող մեկուսացվածները նույնպես. - «Առողջապահություն նախարարությունը որոշել է մեկուսացված անձանց ուղղակի թեստ անել»:

Թոքաբորբ է տանում միայն 2 հոգի, նրանք միջին տարիքի են, ծեր չեն, և ըստ մասնագետների` բուժումն արդյունավետ կլինի. - «Թոքաբորբ տանող մեր 2 քաղաքացիներից մեկի ջերմաստիճանը 36.8 է եղել այսօր առավոտյան, մյուսի ջերմաստիճանը 37 է եղել: Առողջապահություն նախարարությունը, ըստ էության, երաշխավորում է, որ այդ մարդիկ բուժվում են և բուժվելու են», - նշեց վարչապետը:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չմանրամասնեց, թե վարակակիրները որ համայնքներից են: Պաշտոնական լրահոսից առայժմ պարզ է, որ մեծամասնություն են կազմում Էջմիածնի հայտնի նշանադրության մասնակիցներն ու երևանյան արտադրամասի աշխատակիցները:

Լենա Նանուշյանն ասաց` առողջապահական գերատեսչության հիմնական խնդիրը մնում է վարակակրի հետ շփված անձանց շրջանակը գծելը, նրանց մեկուսացվելն ու նրանց առողջական վիճակին հետևելը. - «Կլինիկական ախտանիշ ունեցող անձանց, և ինչպես արդեն նշեցի, ովքեր, որ հնարավոր է վարակված լինեն, այդ կասկածելի դեպքերին իրականացնել թեստավորում»:

Փոխնախարարն ասաց` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին են հետևում, և ըստ դրանց` ցուցված չէ անպայման թեստավորել բոլոր մեկուսացվածներին. - «Որևէ սիմպտոմների առկայության դեպքում, օրինակ` եթե ջերմում են կամ եթե շնչառության խանգարում, դժվարեցում ունենում են, անմիջապես իրեն հոսպիտալացնում ենք, և նմուշառում անելով` հաստատվում է կամ բացասական եթե լինում է, արդեն ժխտվում է վարակը»:

Կորոնավիրուսի աշխարահագրական տարածումը հաշվի առնելով` Արտգործնախարարությունը Հայաստանի քաղաքացիներին այսօր էլ հորդորել է խուսափել արտասահմանյան ուղևորություններից:

Ձեր ճամփորդությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների պատճառով, զգուշացնում են գերատեսչությունից:

Հայտարարություն է տարածել արտակարգ դրության պարետատունը` ռիսկային 16 երկրներից օտարերկրացիների մուտքը Հայաստան արգելվել է: Ցանկում հայտնված երկրներն են`

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն

Իտալիայից վերադարձածները 14 օր կմնան պարտադիր կարանտինային ռեժիմում, կտեղափոխվեն հատուկ վայր, մյուս 15 երկրներից վերադարձած քաղաքացիները պետք է ինքնուրույն ինքնամեկուսանան: Մի քանի հարյուր քաղաքացի այս պահին մեկուսացված է հանրապետության տարբեր հանգստավայրերում:

Լրագրող Արփի Բեքարյանին «Ազատությունը» խնդրեց ներկայացնել իր մեկուսացման պայմանները: Նա երկրորդ օրն է, ինչ կարանտինում է:

«Արդեն ինքնաթիռում մեր անունները կանչեցին, մեզ 2 շտապօգնության մեքենայով հենց ինքնաթիռից բերեցին այստեղ կարանտինի 2 շաբաթով: Ասեմ, որ մենք մեր իրերը թողեցինք օդանավակայանում, չմտանք օդանավակայան, չվերցրեցինք, բայց այստեղ կար առաջին անհրաժեշտության ամեն ինչ արդեն մեզ համար պատրաստված. կար օճառ, շամպուն, ատամի մածուկ, ատամի խոզանակ, սրբիչ, նույնիսկ հողաթափեր, կար այստեղ 5 լիտրանոց ջրի շիշ, էլեկտրական ջազվե` սուրճ խմելու համար: Բացի այդ, ասեմ, որ անընդհատ 15-20 րոպեն մեկ մեր դուռը ծեծում են, հարցնում են` ինչի կարիք ունենք, չափում են ջերմությունը, տալիս են ինչ-որ շորեր, որ անընդհատ մաքրենք տարածքը, քանի որ իրենք ներս մտնել չեն կարող: Սննդի մասին ասեմ, որ չափից դուրս մեծ չափաբաժնով է», - ներկայացրեց նա:

Այս օրերին կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ զբաղվող բոլոր կառույցների, նաև վարչապետ Փաշինյանի հիմնական հորդորն ուղղված քաղաքացիներին սոցիալական ու անհատական պատասխանատվությունն է, հակահամաճարակային կանոնները պահպանելը: Վարչապետ Փաշինյանն այսօր էլ վստահեցրել է` իրավիճակը վերահսկելի է, կորոնավիրուսը` կառավարելի. - «Չեմ համբուրում բոլորիդ և ձեռքով չեմ բարևում բոլորիդ, որովհետև դա վտանգավոր է կորոնավիրուսի տարածման առումով»:

XS
SM
MD
LG