Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի վարակի հաստատված 8 դեպք` ՀՀ-ում, 5-ը Էջմիածնի նշանադրության մասնակիցներն են


«Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված անձանց սնունդ են մատակարարում, 2 մարտի, 2020թ.

Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն ավելացան ևս երկուսով: Այս մասին օրվա երկրորդ կեսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այսօրվա և երեկվա երկուական դեպքերն էլ նույն` Ծաղկաձորում մեկուսացված անձանց շրջանակից են:

«Այս պահին իրենք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն», - ասաց նախարարը:

Կորոնավիրուսի 8 վարակակիրներից 5-ը Էջմիածնի նշանադրության մասնակիցներն են: Նրանք մինչև վարակի հաստատումը մեկուսացված էին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում:

«Համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը, և հետևաբար կարող ենք փաստել, որ սրանք 4 անկախ դեպքեր են և ոչ թե 8», - նկատեց Թորոսյանը:

Հյուրանոցում ի սկզբանե մեկուսացվել էին Միլանից կորոնավիրուսի վարակով ժամանած էջմիածինցի կնոջ հետ սերտ շփված անձինք` նրա որդու նշանդրեքի մասնակիցները` ավելի քան 50 հոգի: Երեկ էլ Ծաղկաձորից կնոջ ամուսինը տեղափոխվեց «Նորք» ինֆեկցիոն, քանի որ նրա մոտ հաստատվել էր կորոնավիրուսի վարակը: Նշանդրեքի մասնակիցներից նաև ամուսինների զարմիկն է վարակակիր, խնջույքի մյուս մասնակիցները գանգատներ չունեն, ասաց երեկվանից Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիներից մեկը. - «Մեզ ոչ մի թեստ, ոչ մի բան չեն արել, երեկոյան իմ եղբորը, տաքություն ուներ, ուղարկել են ինֆեկցիոն, այնտեղ ստուգել են, այսօր արդեն ուղարկել են Էջմիածին, իր մոտ ամեն ինչ բացասական է ցույց տվել: Երեկվա պանիկան էր ավելի շատ բոլորիս մտահոգում, անհանգիստ էինք շատ, ջերմաչափում են արել, այն էլ կարիքի դեպքում, եթե զգում է մարդ` ինքը լավ չի, բայց ոչ մի խնդիր որևէ մեկիս մոտ չկա, կոնկրետ իմ կողմի հարազատների մոտ:

Նորմալ է ամեն ինչ, ուշադրությունը շատ նորմալ է, այսօր ուտելիքին ոչ ոք էլ չի նայում, բայց անհրաժեշտ ամեն ինչի մասին իրենք հոգում են, նորմալ է»:

Քաղաքացին Ծաղկաձորում է ընտանիքով, սակայն նրանք առանձնացված են, ասաց` որևէ կարգ չեն խախտում, չեն էլ կարող խախտել, տեսախցիկների հսկողության տակ են. - «Մեր ամեն մի քայլից հետո մեզ զգուշացում լինում է»:

Մեկուսացված քաղաքացիներից մեկն էլ ասաց` նշանդրեքի գնացել են ընտանիքով, խնջույքի ընթացքում բոլորովին չեն նկատել, որ փեսացուի մայրը լավ չէ. - «Ոչ մի նկատելի բան չենք տեսել մենք, մենք շատ չենք էլ շփվել, դե մենք աղջկա կողմից ուրիշ սեղան ենք եղել, իրենք ուրիշ տեղ են նստած եղել»:

Այս մի քաղաքացին էլ ասաց` իր ընտանիքը թեպետ բոլորով Ծաղկաձորում են, սակայն որևէ գանգատ չունեն, ջերմություն չունեն: Այն, որ իրենց հյուրանոցից, ավելի կոնկրետ սեղանակիցներից ևս երկու հոգու մոտ է վիրուսն ախտորոշվել, տեղեկացել են հեռուստատեսությամբ. - «Հեռուստացույց կա սենյակում, հեռուստացույցով լսեցինք Փաշինյանի խոսքը: Մենք լրիվ մեկուսացված ենք սենյակում, սենյակից անգամ ոտք չենք դրել միջանցք, ինչ մտել ենք: Աշխատակիցներն են, ինչ-որ պետք է, զանգը տալիս ենք, իրենք մեր ուզածը բերում են սենյակ, մենք ընդհանրապես ոչ մեկի հետ կապ չունենք»:

Երկու աղջիկները սկեսուրի հետ մեկ այլ համարում են մեկուսացված, ասաց` նրանց էլ տեսնել չի կարող:

Նույն` «Գոլդեն փելիս» հյուրանոցի մեկ այլ հարկում հնաբնակներն են` Թեհրանի չվերթով Երևան եկած ու մարտի 1-ից մեկուսացված 31 քաղաքացիները: Նրանք այսօր առավոտից կրկնակի թեստավորում են անցնում, որպեսզի եթե ամեն ինչ կարգին լինի` վարակ չհայտնաբերվի, վաղը վերջապես հեռանան Ծաղկաձորից:

«Ազատությունը» զրուցեց այնտեղ գտնվող իրանահայերից մեկի հետ. - «Դեռ չի վերջացել, դեռ թեստ են վերցնում, բոլորից չեն վերցրել, դե տևում է էլի, ամեն սենյակ մեկ-մեկ մտնում են, 30 հոգի ենք, կարծում եմ` իրիկունն արդեն պատասխանները կլինեն», - պատմեց նա:

Հույս ունի վաղն արդեն տեսնել դպրոցահասակ դստերը, կարոտել է. - «Դժվար է իրեն չտեսնելը»: Ասաց` այս կարանտինն իր համար կարևոր է, վաղվանից վստահ կլինի, որ օրգանիզմը մաքուր է, և վտանգ չի ներկայացնում որևէ մեկի համար:

Հեռախոսազանգի պահին իրանահայ քաղաքացին ճաշում էր. - «Հավի խորոված է, մակարոն է, բորշի նման մի բան է, շատ կերակուրների տեսակներից չեմ հասկանում»:

Ինֆեկցիոնի մուտքն այսօր ոստիկանների խիստ հսկողության ներքո է

Պարբերաբար մուտք են գործում շտապօգնության մեքենաներ: Առողջապահության նախարարությունը հայտարարել է` «Նորք» ինֆեկցիոնն այսօրվանից կսպասարկի միայն կորոնավիրուսով կամ վիրուսի կասկածով պացիենտներին: Ինֆեկցիոն այլ հիվանդություն ունեցողներն այստեղից կտեղափոխվեն տարբեր հիվանդանոցներ: «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսի վարակով արդեն 8 քաղաքացի է բուժում ստանում, ջերմում է նրանցից միայն մեկը, որ թոքաբորբ ունի: 8-ից 5-ը նշանադրության մասնակիցներն են, 1-ը` Իտալիայի 51-ամյա քաղաքացի: Նրա հետ սերտ շփումներ ունեցած անձինք նույնպես քիչ չեն, սակայն առողջապահության նախարարը տեղեկացրել էր, որ նրանց բոլորին հնարավոր է եղել մեկուսացնել իրենց իսկ շենքում. իտալական «Ռենկո» ընկերության շենքն առանց կորոնավիրուսի համաճարակի էլ խիստ հսկողության տակ էր: Այսօր այնտեղ ներսուդուրս անողներն հատուկենտ էին և պաշտպանիչ դիմակներով:

XS
SM
MD
LG