Մատչելիության հղումներ

Covid-19. իրավիճակը Թուրքիայում


Թուրքիա- Ախտահանվում է Ստամբուլում գտնվող մզկիթներից մեկը, 11 մարտի, 2020թ.

Շաբաթվա սկզբին Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարեց երկրում գրանցված կորոնավիրուսի առաջին դեպքի մասին: Այսօր վարակվածների թիվը արդեն հասել է վեցի:

Չնայած դրան Թուրքիայում համընդանուր խուճապ առայժմ չկա, պաշտպանիչ դիմակներ էլ քչերն են կրում: Հետևելով աշխարհի բազմաթիվ երկրների փորձին` Թուրքիայում ևս կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում: Թուրքական իշխանությունները երեք շաբաթով փակել են բոլոր ուսումնական հաստատությունները, հաջորդ շաբաթ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ձևաչափի: Մինչև ապրիլի վերջ հետաձգվել են միջազգային և տեղական բոլոր համաժողովները, հանրային միջոցառումները:

Մի շարք ընկերություններ իրենց աշխատակիցներին միառժամանակ տուն են ուղարկել` աշխատանքը շարունակելու տնից: Պոլսո Հայոց պատրիարքարանը, սակայն, չի չեղարկել Մեծ պահքի արևագալի ժամերգություններն ու կիրակնօրյա պատարագները՝ արժանանալով համայնքային որոշ շրջանակների քննադատությանը: Թուրքիայի մեծ քաղաքներում տեղական իշխանությունները պարբերաբար ախտահանում են հասարակական տրանսպորտը, զբոսաշրջային կենտրոնները, մզկիթները, վարչական շենքերը, խորհրդարանի դահլիճը: Քաղաքացիներին կոչ է արվում լինել զգոն, հետևել հիգիենայի կանոններին և հիվանդության ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժիշկի:

Առողջապահության նախարարությունը խորհրդատվական թեժ գիծ է բացել և շուրջօրյա աջակցություն է ցուցաբերում մարդկանց: Իտալիայից հետո կորոնավիրուսը արագորեն տարածվում է նաև Եվրոպայում: Երեկվանից մեկ ամսով դադարեցվել են թռիչքները Թուրքիայից դեպի եվրոպական 9 երկրներ:

Ավելի վաղ Թուրքիան փակել էր օդային հաղորդակցությունը Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Իրաքի և Իտալիայի հետ: Սահմանային անցակետերում ուժեղացվել է հսկողությունը: Իշխանությունները քաղաքացիներին հորդորում են հետաձգել ուղևորությունները և չլքել երկրի սահմանները: Կառավարության որոշմամբ պետական ծառայողները երկրից կարող են դուրս գալ միայն հատուկ թույլտվությամբ:

Թուրքիայում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի մասին հայտարարությունից հետո բնակչության շրջանում փոքր-ինչ տագնապ առաջացավ: Մարդիկ շտապում են մթերք ու առաջին անրաժեշտության ապրանքներ գնել` չբացառելով համընդհանուր կարանտինի հավանականությունը:

Արդյունքում շատ խանութներում դատարկ դարակաշարեր են, փողոցում կարելի է տեսնել տոպրակներով ծանրաբեռնված քաղաքացիների: Հսկայական հերթ էր գոյացել Թուրքիայում շատ տարածված ախտահանիչի՝ կիտրոնի բույրով քոլոնյայի խանութի մոտ: Իշխանությունները, սակայն, հանգստացնում են մարդկանց՝ սնունդի և այլ ապրանքների պակաս չկա, գնաճ չի լինելու: Վստահեցնում են, որ անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար:

XS
SM
MD
LG